Վահան Տեր–Ղևանդյան

Մատենադարանի տնօրենին պատրաստվում են դատի տալ. տնօրենի արձագանքը

276
Մատենադարանի միջնադարյան ժողովրդական մշակույթի ձեռագիր աղբյուրների հետազոտման բաժինը փակվել է։ Բաժնի գիտական ղեկավարն ասում է` վրեժ են լուծում իրենից։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Մատենադարանի աշխատակից, բանասիրության և պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր, միջնադարագետ Արծրունի Սահակյանը պատրաստվում է դատի տալ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր–Ղևոնդյանին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ինքը` Արծրունի Սահակյանը։

Ապրիլի 6–ին Մատենադարանում տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի նիստ, որի ժամանակ էլ որոշվել է կառուցվածքային փոփոխությունների գնալ. Մատենադարանի միջնադարյան ժողովրդական մշակույթի ձեռագիր աղբյուրների հետազոտման բաժինը որոշվել է փակվել։ Բաժնի գիտական ղեկավարը հենց Արծրունի Սահակյանն է։

«Մեր տնօրենը զրպարտում է ինձ` ասելով, որ ես մեր նախկին տնօրեն, լուսահոգի Հրաչյա Թամրազյանին ստիպել եմ, որ այդ բաժինը բացի։ Ինձ, որ 40 տարի աշխատել եմ Մատենադարանում, հիմա եկել ու զրպարտում են, ինչի համար էլ դատի եմ տալու նրան»,–ասաց Սահակյանը։

Նրա խոսքով` իրենց բաժինը փակելու պատճառը բոլորովին այլ տեղ են. 2017–ին, երբ Տեր–Ղևոնդյանը փորձում էր դոկտորականը պաշտպանել, որպեսզի կարողանա իր թեկնածությունն առաջադրել Մատենադարանի տնօրենի պաշտոնում, հենց Արծրունի Սահակյանն է եղել նրա գաղտնի ընդդիմախոսը։ Տեր–Ղևոնդյանի դոկտորական աշխատանքը Բարձրագույն որակավորման կոմիտեն (ԲՈԿ) երկու անգամ հետ է վերադարձրել, քանի որ այն կրկնել է նրա թեկնածուական աշխատանքը։

Սահակյանի խոսքով` Տեր–Ղևոնդյանն ինչ–ինչ կերպով խախտել է օրենքն ու իմացել` ով է իր գաղտնի ընդդիմախոսն ու հիմա փորձում է անձնական վրեժ լուծել։ «Ես իմ ընդդիմախոսության մեջ անկողմնակալ կարծիք էի հայտնել, գրել այն, ինչ կա։ Քանի որ արդեն իսկ բացահայտվել է, որ ես եմ նրա գաղտնի ընդդիմախոսը, ես էլ պատրաստվում եմ հրապարակել նրա աշխատանքի վերաբերյալ իմ գրածը, որպեսզի ամեն ինչ ջրի երես դուրս գա»,–ասաց Սահակյանը։

Նրա խոսքով` իրենք միջնադարյան ժողովրդական մշակույթի ձեռագիր աղբյուրների հետազոտմամբ զբաղվում են 2016–ից ու արդեն իսկ երկու գիրք ունեն հրապարակած. երրորդ գիրքը շուտով լույս կտեսնի։ Սահակյանը նշեց նաև, որ իրենց` 4-5 հոգանոց խմբի աշխատանքների համար տարեկան 2 մլն դրամ գումար է տրամագրել Գիտության պետական կոմիտեն։ Իսկ թե հիմա ինչ է լինելու այդ գումարի հետ` պարզ չէ։

Մատենադարանի տնօրեն Վահան Տեր–Ղևոնդյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ Սահակյանի հետ անձնական որևէ խնդիր չունի` ուղղակի Մատենադարանում կառուցվածքային փոփոխություններ են եղել։

«Իմ կարծիքով` այսօր այդ խմբի գործունեության անհրաժեշտությունը չկա, ժամանակին էլ այն չի ստեղծվել գիտական նպատակահարմարությունից ելնելով։ Միջնադարյան ժողովրդական մշակույթի ձեռագիր աղբյուրների հետազոտման խմբի տարրալուծման հարցը նախ գիտական խորհրդի քննարկմանն է դրվել ու կողմ են քվեարկվել դրան։ Հոգաբարձուների խորհուրդը նույնպես տվել է իր համաձայնությանը»,–ասաց Տեր–Ղևոնդյանը։

Նա նշեց, որ եթե Սահակյանի դեմ անձնական վրեժխնդրություն ունենար, ապա անցած տարի, երբ լրացել էր նրա գիտական աշխատանքը ներկայացնելու ժամկետը, ինքը կարող էր ևս մեկ տարով չերկարացնել այն։

Անդրադառնալով Սահակյանի` իրեն դատի տալու հայտարարությանը` Մատենադարանի տնօրենը նշեց, որ իր համար ծիծաղելի է հնչում այդ միտքը, սակայն ինքը պատրաստ է դրան։

Մարտի 11–ին  Sputnik Արմենիան մամուլի կենտրոնում տեղի կունենա Վահան Տեր–Ղևոնդյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում նա կներկայացնի իր տեսակետը վերոհիշյալ հարցերի շուրջ։

276
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Նախկին դեսպանը դարձավ Մատենադարանի տնօրեն
Մատենադարանի մուտքը որոշակի օրերի անվճար կլինի ՀՀ քաղաքացիների համար