Արամի 9

Ո՞վ կենթարկվի պատասխանատվության. Արամի 9–ի ֆասադը` քանդված շենքի լուռ վկա

136
(Թարմացված է 20:19 09.04.2019)
Արամի 9 հասցեում գտնվող շենքի բնակարանների քանդման թույլտվությունը տրվել է 2008–ին։ Քանդման աշխատանքների թույլտվության փաստաթղթի տակ ստորագրել է քաղաքապետի նախկին տեղակալ Կարեն Դավթյանը։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik, Կարինե Հարությունյան. Արամի 9 հասցեում գտնվող շենքի քանդման համար հարուցվել է քրեական գործ, սլաքներն ուղղվել են Երևանի քաղաքապետարանի և մշակույթի նախարարության կողմը։ Քրեական գործը հարուցվել է երկու մարմինների ներկայացուցիչների պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Արամի 9 հասցեում է գտնվում Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի տունը։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանից տեղեկացրին, որ Արամի 9 հասցեում գտնվող շենքի բնակարանների քանդման թույլտվությունը տրվել է 2008–ին։ «2008թ.–ի մայիսի 24-ին թվագրվող փաստաթղթի համաձայն` կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերությանը տրվել է թույլտվություն` քաղաքապետի նախկին տեղակալ Կարեն Դավթյանի ստորագրությամբ»,–տեղեկացրին քաղաքապետարանից։

Ի դեպ, Դավթյանն ազատվել է պաշտոնից դեռ 2009թ.–ի մայիսի 31-ին` չարաբաստիկ որոշումը կայացնելուց մեկ տարի անց։ Կարեն Դավթյանը Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում է եղել 2006–2009թվականներին։

ՀՀ մշակույթի նախարարության Պատմության և հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանն էլ նշեց, որ իրենք են դիմել դատախազություն ու ասել, որ հուշարձանի հարակից տարածքում կատարվել են հողային աշխատանքներ։

«Արամի 23–ի դեպքը մեր աչքի առաջ ունենալով` վախենում էինք, որ Արամի 9–ում նույնպես կարող են փլուզումներ լինել։ Շենքի պահպանման հարցով տարբեր գրություններով դիմել ենք պատկան մարմիններին, այդ թվում` դատախազությանը»,–ասաց Այվազյանը։

Հարցին, թե բացառո՞ւմ է, որ մշակույթի նախարարությունը թերացել է իր` հուշարձանների պահպանության և վերահսկողության գործառույթների կատարման մեջ` Այվազյանը պատասխանեց ` այո. «Պատկան մարմիններին ուղարկած մեր գրությունները պահպանվել են, ու խոսքը մեկ գրության մասին չէ` 10–ից ավելի է դրանց թիվը։ Արամի 9–ի պահպանման համար մենք մի շարք գործողություններ ենք իրականացրել` անգամ 2017–ին ֆլեշմոբ ենք արել»։

Նա նշեց նաև, որ Արամի 9–ը կանգուն է միայն ճակատային մասով, շենքը ճաքեր ուներ դեռ 1999–ից։ Այվազյանը հիշեցրեց, որ Արամի 9–ն ընդգրկված է «Հին Երևան» ծրագրում, և սպասում են, թե երբ է այն վերականգնվելու։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ դատախազությունը տեղեկացրել էր, որ Արամի 9 հասցեի շենքը քանդվել է քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից տրամադրված քանդման թույլտվությունների և մշակույթի նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից՝ հուշարձանների պահպանության և օգտագործման վերահսկողական իրենց գործառույթը չկատարելու արդյունքում։

Արամի 9–ի ներկայիս սեփականատերն ու դրա վիճակի համար պատասխանատուն Оld City ընկերությունն է, որն էլ պարտավորվել է վերականգնել շենքի արտաքին տեսքն ու այն դարձնել «Հին Երևանի» մաս։ ՀՀ նախկին իշխանությունների հետ կնքված պայմանագրով` շենքի վերակառուցումն 2015թ.-ին արդեն պետք է ավարտված լիներ։

136
թեգերը:
Երևան
Ըստ թեմայի
Արամի 23. ի՞նչ վիճակ է փլուզված պատով պատմամշակութային հուշարձան շենքի ներսում
Արամի 9 հասցեում գտնվող շենքը քանդելու համար պատասխան կտան պաշտոնյաները
Ո՞ւմ էր ձեռնտու «Հայաստանի փոքրիկ երգիչների» շենքի փլուզումը. Հեքեքյանը կդիմի դատարան