Նիկոլ Փաշինյան

Ինչ կլիներ, եթե ՀՀԿ–ականներից մեկին քերծեին. Փաշինյանը խոսեց «ֆեյքերի» դեմ պայքարի մասին

155
ՀՀ վարչապետը վստահեցնում է, որ իր վարչապետության օրոք մամուլի նկատմամբ ճնշում չի կարող լինել։ Նա կրկին խոսեց «ֆեյքերի» մասին։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հետաքրքրում է` կա՞ այնպիսի մեկը, որ մտածում է, թե Հայաստանում կարող է մամուլի նկատմամբ ճնշում լինել։ Նա այսօր` ապրիլի 9-ին, Նորագավիթի մաքսատանը շրջայց կատարելու ժամանակ այդ հարցն ուղղեց լրագրողներին։

«Ձեզնից որևէ մեկը մտածում է, որ Հայաստանում մամուլի նկատմամբ ճնշում կարող է լինի՞, կա՞ ըտենց մարդ, որ մտածում է, թե այնտեղ, որտեղ ես վարչապետ եմ, կարող է մամուլի նկատմամբ ճնշում լինի, անկեղծ ասեք», - ասաց Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե «ֆեյքերի» մասին իր հայտարարությունը դիտարկվել է մամուլի վրա ճնշում։

Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ սոցցանցերում ու ԶԼՄ–ներում ֆեյքերի և մանիպուլյացիաների դեմ պայքարելու անհրաժեշտություն է հասունացել։ Նա ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանին կարգադրել էր զբաղվել այդ հարցով, քանի որ դա նաև ազգային անվտանգության խնդիր է։ Ապրիլի 5-ին հայտնի դարձավ, որ ձերբակալվել է մի անձ, որը Facebook–ում վարել է «Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջը։

«Մեր օրենսդրության մեջ ատելության քարոզի հետ կապված կան կարգավորումներ։ Մեր հանրահավաքի օրը, «Դուխով» էջը` դուխով նկարով, մեր սիմվոլներով, ասում է` դանակները վերցրեք ու ՀՀԿ–ին սպանեք։ Եթե հանրապետականներից մեկին քերծեին, որևէ մեկը կարո՞ղ էր ապացուցել, որ մենք չենք կազմակերպել դա։ Մեկ–երկու` արդեն կարող էր այդ կեղծ էջի հայտարարությունները լուրջ հետևանքներ ունենալ»,–ասաց Փաշինյանը։

Հարցին, թե խոսակցություններ կան, որ ֆեյքերի դեմ պայքարը կարող է դիտարկվել որպես ԶԼՄ–ների վրա ճնշում` Փաշինյանը, դիմելով լրագրողներին, հակադարձեց հարցով` ձեր վրա ճնշո՞ւմ զգում եք։ «Որևէ մեկը մտածում է, որ էս Հայաստանում, այնտեղ, որտեղ ես վարչապետ եմ, կարող է մամուլի հանդեպ ճնշո՞ւմ լինել»,–ասաց վարչապետը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Նորագավիթի մաքսակետ։ Նրան ուղեկցում է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

155
թեգերը:
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Էս ի՞նչ պատմություն ա». Փաշինյանը զանգեց Օսիպյանին
Նիկոլ Փաշինյանը կարգադրեց բոլորին ազատել աշխատանքից
Նիկոլ Փաշինյանը խոսեց «Սպայկայի» տնօրենի կալանավորման ու աշխատակիցների բոյկոտի մասին