Գազալցակայան

ԱԳԼՃԿ-ներում գերշահույթներ այլևս չեն ստանա. վստահեցնում է ֆինանսների փոխնախարարը

96
Գազալցակայանները կարող են փորձել բարձր գին առաջարկել, բայց կառավարությունը կապավինի տեսչական մարմնի և ՏՄՊՊՀ-ի ստուգումներին։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Ազգային ժողովն այսօր շարունակում է երկրորդ ընթերցմամբ քննարկել գազի վաճառքի կարգը վերանայելուն ուղղված Հարկային օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Ի տարբերություն երեկվա բուռն քննարկումներին, խորհրդարանի դահլիճում այսօր նախագիծը քննարկվեց գրեթե առանց հարցերի և ելույթների:

Նախագիծը ներկայացնող ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանին միակ հարցն ուղղեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Պատգամավորը փոխնախարարից հետաքրքրվեց, թե շահույթի ինչ չափ է հասկանում գործադիր իշխանությունը` նշելով, որ նախկինում ԱԳԼՃԿ-ների սեփականատերերը գերշահույթներ են ստացել:

«Մենք ակնկալում ենք հստակ պատասխան, թե որ տոկոսն է այսուհետ համարվելու գերշահույթ: Հասկանանք, որպեսզի տնտեսվարողները ճիշտ պատկերացնեն»,- ասաց նա:

Պողոսյանը նշեց, որ յուրաքանչյուր տնտեսվարողի դեպքում դա առանձին հաշվարկ ւ տոկոս է` կախված նրա գործունեությունից, եկամուտներից ու ծախսերից: Բայց վստահեցրեց` գերշահույթ ստացողներ օրենքի փոփոխությունից հետո չեն լինի:

«Եթե նախկինում եղել են տնտեսվարողներ, որոնք օգտվելով հնարավորությունից թերակշռել են վաճառվող գազն ու ըստ այդմ ունեցել են նորմալից բարձր շահույթներ կամ գերշահույթներ, և եթե նրանք հավակնում են իրենց շահույթի մակարդակը պահպանել, բնականաբար, կարող են փորձել բարձր գին առաջարկել, և այստեղ է, որ մենք ապավինելու ենք մեր տեսչական մարմնի և ՏՄՊՊՀ-ի ստուգումներին»,- հայտարարեց ֆինանսների փոխնախարարը:

Նշենք, որ Նախագիծն առաջարկում է գազալցակայաններում սեղմված գազը վաճառել ոչ թե խորանարդ մետրով, այլ կիլոգրամով։ Դրա համար ակցիզային հարկ կգանձվի, համապատասխանաբար, ոչ թե խմ–ից, այլ կգ–ից։ Կառավարության կարծիքով` կիլոգրամը վաճառքի միանշանակ միավոր է (ըստ կշռի)։ Իսկ եթե գազը հաշվարկվում է ծավալով, ապա մեկ խորանարդ մետրում գազի քանակը փոխվում է` կախված ջերմաստիճանից և ճնշումից։

96
Ըստ թեմայի
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է գազալցակայաններին վերաբերող նախագիծը
Ինձ երկու կիլո գազ տվեք, բայց շատ տաք չլինի, ՀԴՄ–ն էլ չմոռանաք. լիցքավորման նոր մշակույթ