Լաբորատորիա

ՀՀ–ն կենսաբանական պաշտպանվածության առումով շատ թույլ է. Գրիգորյան

137
(Թարմացված է 13:47 08.04.2019)
«Մեկ Առողջություն» կոալիցիայի առաջնորդ Գրիգոր Գրիգորյանի խոսքով` պատկան մարմինները քաղաքացիներից լուրջ ինֆորմացիա են թաքցնում։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. ՀՀ կենսաբանական անվտանգության ազգային ծրագիրը, ըստ «Մեկ Առողջություն» կոալիցիայի առաջնորդ Գրիգոր Գրիգորյանի, կյանքի չի կոչվում, և պատկան մարմինները ոչ մի գործողություն չեն իրականացնում դրա իրականացման համար։ Այս մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց «Մեկ Առողջություն» կոալիցիայի առաջնորդ Գրիգոր Գրիգորյանը։

Նրա խոսքով` կենսաբանական պաշտպանվածության առումով Հայաստանը շատ թույլ է։

«2017-ին կառավարության կողմից ընդունված ազգային ծրագիրը շրջանցվում է։ Արդյունքում ունենք մի շարք հիվանդությունների բռնկումներ և ինֆորմացիոն մանիպուլյացիա՝ երկու գերատեսչությունների` ՍԱՊԾ–ի և առողջապահության նախարարության կողմից: Ունեցել ենք թռչունների անկման, բրուցելոզի տարածման դեպքեր, որոնց պարագայում պատկան մարմիններն այդպես էլ սպառիչ պատասխաններ չեն տվել»,–ասաց Գրիգորյանը։

Նա հավաստիացնում է, որ պատկան մարմիններն այդպես էլ չեն հրապարակում, թե ինչ հիվանդություններ կան երկրում: Ըստ Գրիգորյանի` սննդի անվտանգության պաշտպանության ծառայությունն իր հաշվետվության մեջ նշում է, որ կենդանիների շրջանում բրուցելոզի 756 928 փորձաքննություն է իրականացրել, սակայն այդպես էլ չի հրապարակում, թե դրանցից քանիսն են հաստատվել։

Григор Григорян
© Sputnik / Andranik Ghazaryan
Գրիգոր Գրիգորյան

«Վերջին 6 ամսվա ընթացքում մարդկանց շրջանում արձանագրվել է բրուցելոզի 90 դեպք, ինչը նշանակում է, որ անասնաբուժական համակարգը ճեղք է տվել: Ավելին` վերջին վեց ամսվա ընթացքում 7224 աղիքային վարակի դեպք է գրանցվել ու պարզ չէ՝ ո՞րն է օջախը: Անցած տավա դեկտեմբերին էլ ասացինք, որ թռչունների անկում կա, բացի այդ, աֆրիկական ժանտախտ կար, ինչի հետևանքով Տավուշում խոզերի անկում եղավ ընթացիկ տարվա փետրվար ամսին, բայց էլի չասացին` ինչի հետևանքով է»,–ասաց նա ու հավելեց, որ ինքն արդեն կասկածում է, որ դիտավորությամբ են ինֆորմացիան ծածկում։

Գրիգորյանը նշեց նաև, որ 2017-ին, երբ Հայաստանում տուլարեմիայի բռնկում եղավ, այդ ժամանակ էլ համապատասխան արձագանք չեղավ: Ըստ նրա` Հայաստանում տուլարեմիան օդակաթիլային ճանապարհով էր տարածվել, իսկ դրա` օդակաթիլային տարածումն ավելի շատ կենսաբանական զենքի կիրառում է համարվում։ Գրիգորյանի խոսքով` մեր ազգային անվտանության ծառայությունը պետք է ուսումնասիրություն կատարի ու ասի` ինչպես է այսպես ստացվել: «Տուլարեամիա տարածումը կենսաբանական զենքի ամենատարածված տեսակներից է: Ոչ կոնտակտային պատերազմի մի ձև է սա»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ 2017–ին Արծվաբերդ համայնքում գրանցվել էր տուլարեմիայով վարակի 8-10 դեպք։ ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտավազդ Վանյանը հայտարարել էր, որ տուլարեմիայի համաճարակ չկա, հիվանդության կրկնվելու վտանգ չի լինի։ Տուլարեմիան օջախային վարակիչ հիվանդություն է, որն ընթանում է ջերմությամբ, ավշային հանգույց¬ների ախտահարմամբ, ընդհանուր ինտոքսիկացիայով: Վարակի աղբյուր հանդիսանում են կրծողները: Մարդը վարակվում է հիվանդ կենդանիների, դրանց արտաթորանքով աղտոտված հացահատկի, խոտի, ծղոտի հետ շփվելուց, ջուրն օգտագործելուց, ջրամբարներում լողանալուց, հիվանդ նապաստակների, ճագարների անբավարար ջերմային մշակման ենթարկված միսն օգտագործելուց, ինչպես նաեւ հիվանդ կենդանիներից տուլարեմիայի հարուցիչը մարդուն փոխանցող արյունածուծ միջատների (տզեր, մոծակներ եւ այլն) խայթոցներից:

ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ նախ ՍԱՊԾ–ն ցանկացած հիվանդության ահազանգի դեպքում արձագանքում է ու դրա հաստատման դեպքում` տեղեկացնում քաղաքացիներին։

«Այս պահին էլ տեղի են ունենում պատվաստումներ դաբաղի հետ կապված, ինչպես նաև արյուն է վերցվում` բրուցելոզի հնարավոր հայտնաբերման համար։ Ինչ վերաբերում է թռչունների անկման դեպքերին, ապա, այո, մենք քաղաքացիներից ահազանգեր ենք ստացել, սակայն ոչ բոլոր դեպքերում ենք գնացել ու անկած թռչուններ հայտնաբերել։ Մնացած բոլոր` 8-9 դեպքի հետ կապված փորձաքննություն ենք իրականացրել ու պարզվել է, որ անկման պատճառը մեխանիկական վնասվածքներ են, ոչ թե հիվանդությունը»,–ասաց Հարությունյանը` ևս մեկ անգամ շեշտելով, որ ՍԱՊԾ–ն ցանկացած տեղեկություն հրապարակում է իր կայքում։

ՀՀ առողջապահության նախարարությունից էլ տեղեկացնում են, որ տարեկան հրապարակվում է վիճակագրական տարեգիրք` «Առողջություն ու առողջապահություն» խորագրով։ Տարեգրքում հրապարակվում են հիվանդացության և մահացության բոլոր տվյալները։

137
Ըստ թեմայի
Հայաստանը Վրաստանին 30.000 դոզա կարմրուկի պատվաստանյութ կտրամադրի. Թորոսյան
Կարմրուկի ախտանշաններն ու վտանգները