Ինտերնետ

Սպառնալից նամակ եք ստացել. ինչպե՞ս վարվել. համացանցում նոր իրարանցում է սկսվել

137
Հաքերները նամակով հայտնում են, որ իմացել են գաղտնաբառը, ներխուժել համակարգիչ կամ էլեկտրոնային փոստ, վիրուս տեղադրել սարքում և գաղտնի տեսագրել մարդուն։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. Այսօր բազմաթիվ մարդիկ նամակներ են ստանում, որոնցում հաքերները իրենց սպառնում են և գումար պահանջում։ Հայտնում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նա հայտնում է, որ էլեկտրոնային նամակում գրված է, թե իրենք գիտեն օգտատիրոջ գաղտնաբառը, կարողացել են ներխուժել համակարգ կամ էլեկտրոնային փոստ, վիրուս են տեղադրել սարքում և գաղտնի տեսագրել են մարդուն։ «Ու հիմա սպառնում են ինչ-որ խայտառակող տեսանյութ հրապարակել, եթե մարդը գումար չվճարի։ Ավելին, հաճախ հենց ձեր էլեկտրոնային փոստի հասցեից է գալիս ձեզ նամակը»,– հայտնում է Մարտիրոսյանը։

Նրա խոսքով` դեռ հունվարին համացանցում հայտնվել էր տարբեր ժամանակներում գողացված էլեկտրոնային փոստերի ու գաղտնաբառերի հսկայական արխիվ։ Կիբեռհանցագործները հենց այդ արխիվի ցուցակով են ուղարկում նամակները։

«Սա արվում է ավտոմատացված կարգով, հազարներով. մի քանի մարդ էլ ամսական գումար փոխանցի, արդեն լավ կլինի հանցագործների համար։ Այնպես որ, մի խաբվեք, մի խառնվեք, պարզապես նամակը «report spam» տվեք։ Եթե հանկարծակի էս պահին գործող գաղտնաբառն էր գրված, բնականաբար, փոխեք այն։ Անհանգստանալու բան չկա»,– օգտատերերին խորհուրդ է տալիս Սամվել Մարտիրոսյանը։

Փորձագետի խոսքով, եթե իրականում հաքերները նկարահանում ունենան, նրանք նամակում դրանից մի փոքր հատված կտեղադրեն, որպեսզի մարդը համոզված լինի, որ իրեն նկարել են։ Բայց դա, ըստ նրա, լինում է այն մարդկանց հետ, ովքեր համացանցում իրոք ծանոթանում են ինչ-որ անծանոթ մարդկանց հետ ու նրանց հետ տեսազանգով կապ հաստատում։

137
թեգերը:
Ինտերնետ, Հայաստան
Ըստ թեմայի
2008թ.-ի մարտի 1-ի դեպքերից հետո ինտերնետի պահանջարկը Հայաստանում սկսեց աճել
Թմրաբիզնես գաղութից՝ ինտերնետի միջոցով
Վիրտուալ խնդիրներ. ինտերնետի խափանումը Վրաստանից եկող մալուխի վնասումն է եղել