ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. «Թեղուտ» ընկերությունում վերագործարկման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Պարբերականը զրուցել է «Թեղուտի վերաբացում» նախաձեռնության ղեկավար Կարեն Միքայելյանի հետ, որն ասել է` ընկերությունում գործադիր և գլխավոր տնօրեններն արդեն նշանակվել են։
«Գլխավոր տնօրենն ազգությամբ ռուս է: Մոտ երեք ամսից ընկերությունը հանքավայրը շահագործելու հնարավորություն կունենա»,– գրում է թերթը։
«Ժողովուրդը» նշում է, որ այժմ Թեղուտի հանքավայրը ռուսաստանյան ՎՏԲ բանկի հսկողության տակ է: Բանկի ղեկավարությունը նոր օպերատոր է ներգրավել հանքավայրը շահագործելու նպատակով: Խոսքը ռուսաստանաբնակ, ազգությամբ հայ գործարար Նորիկ Պետրոսյանի մասին է, որը, ըստ որոշ տեղեկությունների, Ռուսաստանում ևս հանքարդյունաբերությամբ է զբաղվում: