ՀՀ նախագահը ընդունել է ապրիլյանի մասնակիցներին

Հաղթում են մարդիկ, ովքեր պատրաստ են. նախագահն ընդունել է ապրիլյան քառօրյայի տղաներին

41
(Թարմացված է 16:50 29.03.2019)
Պատերազմը հաղթում են ոչ միայն զենքով, այլև ոգով, սրտով և մտքով. եթե չկա դրանցից որևէ մեկը, թերի ես։

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Ոչ ոք ոչինչ չի մոռացել և չի մոռանա. ձեր միությունը շատ արժեքավոր է, քանի որ իրականում հաղթում են մարդիկ, ովքեր պատրաստ են: Այս մասին նշել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` 2016–ի ապրիլյան քառօրյայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ։

Ի դեպ, ապրիլյան քառօրյայի մասնակիցներից մի խումբ մարդիկ ստեղծել են «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միություն» ՀԿ–ն:

«Կա մի բացարձակ պարզ ճշմարտություն. այն, ինչ տեղի ունեցավ այդ օրերին, մեր ողջ ժողովրդի և՛ գիտակցության, և՛ սրտի մեջ է»,–ասել է նախագահը։

Արմեն Սարգսյանը տղաների քաջության հետ մեկտեղ կարևորել է նրանց փորձառությունը, որը մեծ արժեք ունի: Սարգսյանի խոսքով` պատերազմը հաղթում են ոչ միայն զենքով, այլև ոգով, սրտով և մտքով. եթե չկա դրանցից որևէ մեկը, թերի ես: «Եթե միայն սիրտն է, լինում ես հայրենասեր տղա, որը կարող է դուրս թռչել և զոհվել: Եթե միայն ուղեղ ունես, հնարավոր է՝ ինչ-որ տեղ չկարողանաս ինչ-որ սահման անցնել, քանի որ տրամաբանությունը կասի՝ մի արա այս բանը: Բայց երբ երկուսը միասին են աշխատում, դա հաղթանակի բանալի է: Վստահ պետք է լինեք, որ այն, ինչ արել եք, արել եք հայրենիքի համար, արել եք նաև ձեզ համար»,–ասել է նախագահը:

Նա հիշել է, որ երիտասարդ տարիներին իր ամենատպավորած մտքերից մեկը Նապոլեոն Բոնապարտինն էր, որը ճակատամարտի մասին խոսելիս ասել էր, թե հաշվում է, ծրագրում ճակատամարտը, բայց ծրագրում է բոլոր հնարավոր սցենարները, որով կարող է պարտվել, այսինքն, նա չի ծրագրել հաղթել, բայց բացառել է անհաջողությունը:

Ապրիլյան գործողությունների ժամանակ հայրենիքն իրենց կյանքով, առողջությամբ ու խիզախությամբ պաշտպանած տղաների սխրանքը նախագահը հայրենասիրության օրինակ է համարել նոր սերնդի համար:

«Դուք անսպասելի, ձեր կամքից անկախ դժվար ճանապարհ եք անցել, ընկերներ եք կորցրել, և այսօր ձեզնից յուրաքանչյուրը բոլորովին այլ մարդ է, քան պատերազմից առաջ էր»,- ասել է նախագահը` հավելելով, որ յուրաքանչյուր զինվորի կյանք մեծ արժեք ունի, և ամեն ինչ պետք է անել՝ դժբախտ դեպքերը բացառելու համար:

Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության անդամները նշել են, որ իրենց նպատակն է համախմբել ապրիլյան ռազմական գործողությունների մասնակից բոլոր ժամկետային զինծառայողներին։ Տղաներն իրենց առաջնահերթ խնդիրն են համարում զոհված ընկերների ընտանիքների կողքին լինելն ու նրանց սատարելը: Արձագանքելով նախագահն ասել է. «Նրանցից շատերի համար դուք իրենց տղաներն եք»:

Երիտասարդ հերոսները նաև նշել են, որ առաջիկա կարևոր խնդիրներից մեկը վիրավորներին օգնելն է:

Արմեն Սարգսյանն էլ պատմել է զինծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռքբերած զինվորների աջակցության ծրագրի մասին՝ նշելով, որ նրանք վիրավորվել են հանուն հայրենիքի, և պետությունը պետք է գործով ցույց տա, որ գնահատում է այդ զոհողությունը։

Ապրիլյան քառօրյայի մասնակիցներն անդրադարձել են նաև միության համար տարածք ունենալու հարցին, ինչին ի պատասխան նախագահը խոստացել է աջակցել նրանց։

41
թեգերը:
Արմեն Սարգսյան, Հայաստան
թեմա:
Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահը (97)
Ըստ թեմայի
Քառօրյա պատերազմ. հիշում և խոնարհվում ենք
Արցախյան քառօրյա պատերազմը՝ ականատեսների աչքերով
Հայկական հետախուզությունը ապրիլյան պատերազմից առաջ և հետո. ի՞նչ է փոխվել