Նիկոլ Փաշինյան

Կբարձրանա ԶՈւ-ի և ուսուցիչների աշխատավարձը. բյուջեն կգերակատարվի 40 մլրդ դրամով. Փաշինյան

405
Մտադիր են 2019–ի հուլիսի 1–ից 10 տոկոսով բարձրացնել ԶՈւ, իսկ սեպտեմբերի 1–ից` ուսուցիչների աշխատավարձը։

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. Ընթացիկ տարվա առաջին երեք ամիսների մեր գործունեությունն ամփոփելով` եկել ենք այն համոզման, որ 2019–ի պետբյուջեն կգերակատարենք առնվազն 40 մլրդ դրամով։ Այս մասին Ազգային ժողովում, կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսինքն` պետական եկամուտները կլինեն 40 մլրդ դրամով ավելի, քան նախատեսված է ԱԺ կողմից ընդունված բյուջեով։ Սա վերջին 9 տարիների համար աննախադեպ երևույթ է, քանի որ մենք բավական երկար ժամանակ չենք ունեցել իրավիճակ, որ բյուջեի եկամուտները գերակատարվեն, այն էլ այսպիսի հսկայական ծավալներով»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` այդ գումարները մտադիր են ծախսել տարբեր ուղղություններով։ Առաջին հերթին, ըստ Փաշինյանի, մտադիր են 2019–ի հուլիսի 1–ից 10 տոկոսով բարձրացնել ԶՈւ, իսկ սեպտեմբերի 1–ից` ուսուցիչների աշխատավարձը. խոսքը մոտ 38 000 ուսուցչի մասին է։ Բացի այդ, վարչապետի խոսքով, ծրագրավորում են իրականացնել 303 կմ ավտոճանապարհների նորոգումներ, ինչի մեջ դեռ ներառված չէ Հյուսիս–Հարավի կառուցումը։

«10 մլրդ նախատեսում ենք տրամադրել սուբվենցիոն ծրագրերին. սրանք ծրագրեր են, որ իրականացնում են ՏԻՄ–երի հետ համատեղ։ Այսինքն` ինչ-որ ծրագրի իրականացման ուղղությամբ անհրաժեշտ գումարի մի մասը կառավարությունն է ֆինանսավորում, մյուսը` համայնքը։ Նախորդ տարի էլ մենք պատրաստ էինք այդքան գումար տրամադրել, սակայն պարզվեց, որ համայնքները պատրաստ չեն դրան, քանի որ չկային այդքան ծրագրեր»,–ասաց Փաշինյանը` հավելելով, որ այդ ծրագրերի իրագործումից հետո քաղաքացիներն իրենց կյանքում կզգան շատ կոնկրետ փոփոխություններ։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչի արդյունքում է այդքան գումար հավաքագրվել` վարչապետը նշեց, որ սա առաջին հերթին ստվերի դեմ վարած քաղաքականության արդյունք է։ Նրա հավաստմամբ` ստվերային գործունեության դեմ պայքարում ռեպրեսիվ մեթոդներ չեն կիրառվում։ Բացի այդ, ըստ Փաշինյանի, քաղաքացիների և կառավարության համագործակցությունն է հաջորդ գործոնը. խոսքը ՀԴՄ–ներ պահանջելու մասին է։ Փաշինյանի խոսքով` 2018–ի մայիսից մինչ այսօր 65 մլն հատ ՀԴՄ կտրոն ավելի է տպվել, քան նախորդ ժամանակաշրջանում։

405
թեգերը:
ՀՀ Ազգային ժողով, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (845)
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանը հավաքում է ծխախոտի մնացորդներն ու գետնին ընկած շշերը
Նիկոլ Փաշինյանի համբերության բաժակը լցվում է. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանը Վիեննայում կհանդիպի Իլհամ Ալիևի հետ