Հիվանդանոց

Մանվել Գրիգորյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց. փաստաբանը մանրամասներ է ներկայացնում

152
(Թարմացված է 17:44 25.03.2019)
Գեներալ Մանվել Գրիգորյանի գործն առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում կհասնի դատարան, բայց հնարավոր է` նրա առողջական վիճակը թույլ չտա, որ մասնակցի դատին։

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանն այսօր առավոտյան է կալանավայրից տեղափոխվել հիվանդանոց։ Նրա առողջական վիճակը ծանր է, շաքարի պարունակությունն արյան մեջ շարունակում է բարձր մնալ, սրված են սրտային հիվանդությունները, առկա են նաև 2 տասնյակից ավելի այլ հիվանդություններ։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։

«Մանվել Գրիգորյանը ստացիոնար բուժման կարիք ունի։ Շաքարը բարձր է, և այն մեծ քանակի ինսուլինը, որ ստանում էր, արդեն արդյունավետ չէ, դրա համար միջնորդել էինք, որ տեղափոխվի ստացիոնար բուժման։ Այդ միջնորդությունը բավարարվել է»,– ասաց փաստաբանը։

Նրա խոսքով` ամենաուշը 2 շաբաթից դատարանը վարույթ կընդունի ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործը։ Փաստաբանը նշեց, որ պաշտպանական կողմն արդեն ծանոթացել է նախաքննական նյութերին և պատրաստ է անցնել դատաքննական փուլին։

Այդուհանդերձ, Մկրտչյանը չբացառեց, որ առողջական վիճակով պայմանավորված` Մանվել Գրիգորյանը չի կարողանա մասնակցել դատավարությանը։

«Չէի ցանկանա, որ այդպես լիներ, բայց ոչ մի բան բացառել հնարավոր չէ»,– Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասաց նա։

Ինչ վերաբերում է այսօր տարածված տեղեկությանն այն մասին, որ ՄԻԵԴ–ը որոշում է կայացրել հետաձգել Մանվել Գրիգորյանի հարցով քննությունը` ՀՀ կառավարությունից պահանջելով մինչև ապրիլի 3-ը ներկայացնել համապատասխան տեղեկություն, Արսեն Մկրտչյանն ասաց, որ տեղյակ չէ, թե կոնկրետ ինչ հարցադրումներ են արվել կառավարությանը։ Բայց ՄԻԵԴ–ը պաշտպանական կողմից ապացույցներ է պահանջել, որ Մանվել Գրիգորյանն իրականում կալանքի տակ է գտնվում, որ իրականում ունի հայցադիմումում նշված հիվանդությունները, և որ այդ հիվանդություններից գոնե մեկը հնարավոր չէ ախտորոշել և բուժել Հայաստանում։

Պաշտպանական կողմը պահանջված լրացուցիչ տեղեկություններն արդեն ներկայացրել է, իսկ պետության արձագանքից փաստաբանը տեղյակ չէ։

«Շատ չեմ կարևորում դա, ամենակարևոր հարցն առողջությունն է։ Ես կարծում եմ, որ ներպետական ատյաններում էլ բացառված չէ հարցի լուծումը։ Ներպետական ատյանն էլ կարող է օրինական որոշում կայացնել»,– ասաց փաստաբանը։

ՄԻԵԴ ներկայացված հայցադիմումում Մանվել Գրիգորյանի փաստաբանները հայտնել էին նաև, որ Գրիգորյանին ցանկանում են տեղափոխել Ֆրանսիա՝ նրա հետագա հետազոտությունն ու բուժումն այնտեղ գտնվող կլինիկայում կազմակերպելու նպատակով:

Մկրտչյանը հայտնեց, որ օրերս Ֆրանսիայից Հայաստան է այցելելու Գրիգորյանին բուժող բժիշկը, որի հետազոտությունից հետո ավելի կոնկրետ տեղեկություն կտարածեն նրա առողջական վիճակի մասին։

Հիշեցնենք` մարտի 12-ին Մանվել Գրիգորյանի փաստաբանը դիմել էր Եվրոպական դատարան` խնդրելով ՀՀ իշխանություններին պարտավորեցնելու միջանկյալ միջոց ձեռնարկել` Մանվել Գրիգորյանին անհապաղ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու համար, որպեսզի նա լինի բժիշկ մասնագետների հսկողության տակ։

Հայցադիմումով պահանջվում է նաև Գրիգորյանին տեղափոխել Ֆրանսիայում գտնվող բուժհաստատություն՝ նրա հետագա հետազոտությունն ու բուժումը կազմակերպելու նպատակով:

2018թ–ի հունիսի 17-ին ԱԱԾ–ն տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան տարածքում կատարված խուզարկության արդյունքները:

152
թեմա:
Մանվել Գրիգորյանի շուրջ ծավալված իրադարձությունները (162)
Ըստ թեմայի
Մկրտչյան. «Կալանքը միանշանակ ազդել է Մանվել Գրիգորյանի առողջության վրա»
Գեներալ Մանվել Գրիգորյանի տղայի տունը թալանել են
Ովքեր և ինչ են գողացել Մանվել Գրիգորյանի տղայի տնից. ոստիկանության տեսանյութը
Ի՞նչն է կապում գեներալ Մանվել Գրիգորյանին ու գնդակահարված Մխիթար Համբարձումյանին