Արմեն Սարգսյանը Գյումրիում

Ես տուն եմ եկել. նախագահ Սարգսյանը հերթական անգամ այցելել է Գյումրի

55
ՀՀ նախագահը շրջել է Գյումրու պատմական կենտրոնով, զրուցել իրեն հանդիպած քաղաքացիների հետ, ծանոթացել փողոցներում իրականացվող շինարարական աշխատանքներին:

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 22-ին հերթական անգամ այցելել է Գյումրի: Նախագահի այցը, ավանդույթի համաձայն, կրկին ոչ պաշտոնական է եղել: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Գյումրու փողոցներով քայլող Հանրապետության նախագահին հանդիպած լրագրողի հարցմանը, թե ինչով է պայմանավորված նրա այցը՝ նախագահ Սարգսյանը պատասխանել է. «Ինձ համար Գյումրին տուն է, ես տուն եմ եկել, և դրա համար որևէ հատուկ պայմանավորվածություն պետք չէ»:

Հանրապետության նախագահը շրջել է Գյումրիի պատմական կենտրոնով, զրուցել իրեն հանդիպած քաղաքացիների հետ, ծանոթացել փողոցներում իրականացվող շինարարական աշխատանքներին:

Президент Армении Армен Саркисян посетил Гюмри
Արմեն Սարգսյանը Գյումրիում

Գյումրու Աբովյան փողոցում նախագահ Սարգսյանը պատահաբար ականատես է դարձել նկարահանվող նոր ֆիլմի աշխատանքներին: Նախագահը հետաքրքրվել է ֆիլմի պատմությամբ, նրան հատկապես շատ են դուր եկել ֆիլմի դրվագներից մեկում նկարահանվող փոքրիկ Անին ու Մանվելը: Նախագահը մոտեցել է երեխաներին և զրուցել նրանց ու ֆիլմի ստեղծագործական կազմի ներկայացուցիչների հետ: Նախագահ Սարգսյանի առաջարկությամբ, զրույցը շարունակվել է նկարահանման հրապարակի հարևանությամբ գտնվող «Արեգակ» ներառական փուռ-սրճարանում: Սա Գյումրիում Արմեն Սարգսյանի սիրած վայրերից է, ուր նախագահը գրեթե միշտ այցելում է քաղաքում գտնվելիս:

Թեյի և հենց սրճարանում պատրաստվող խմորեղենի սեղանի շուրջ Հանրապետության նախագահը զրուցել է ֆիլմում նկարահանվող փոքրիկ դերասանների՝ Անիի և Մանվելի հետ, ծանոթացել նրանց մարմնավորած հերոսների և նրանց իրական կյանքի պատմությանը: Նախագահը հետաքրքրվել է երեխաների նախասիրություններով, հարց ու փորձ արել նրանց ընտանիքների, ընկերների մասին:

Երեխաների և նախագահի անկեղծ ու ջերմ զրույցը հաճախ է ընմիջվել հումորով ու պատմություններով: Զրույցին մասնակցող ֆիլմի ռեժիսորը նախագահին է ներկայացրել ֆիլմի սցենարը և նախապատմությունը, տեղեկացրել նկարահանման ընթացքի, փոքրիկ դերակատարների մասին: Նախագահը ողջունել է Գյումրիի մասին ֆիլմի նկարահանումը և ընդհանրապես ցանկացած անդրադարձ Գյումրու մշակույթին, պատմությանը, ավանդույթներին՝ ևս մեկ անգամ կարևորելով Գյումրիի վերածնունդը:

Այնուհետև Արմեն Սարգսյանը շարունակել է շրջայցը Գյումրու փողոցներով, հետևել մասնավորապես Աբովյան, Շիրազի,Ղորղանյան փողոցներում իրականացվող աշխատանքների ընթացքին: Պատասխանելով լրագրողի հարցին՝ նախագահը նշել է, որ այնպիսի ճարտարապետական ու մշակութային ժառանգություն, ինչպիսին ունի Գյումրին, չկա անգամ աշխարհի շատ զարգացած քաղաքներում:

Նախագահն ասել է, որ իր հնարավորության սահմաններում ամեն ինչ անելու է, որ Գյումրու պատմական կենտրոնը պահպանվի: «Ես փորձում եմ այնպես անել, որ Գյումրին նաև միջազգային մշակութային ժառանգություն ճանաչվի, որովհետև աշխարհում շատ այսպիսի գեղեցիկ քաղաքներ չկան: Դա երկար գործընթաց է, բայց այդ ճանապարհը պետք է անցնենք»,-ասել է Արմեն Սարգսյանը և ավելացրել, որ իր հիմնական նպատակներից մեկն այն է, որ նախևառաջ Գյումրին ճանաչեն մեր հայրենիքում, մարդիկ սկսեն Գյումրի գալ: «Բոլորս անելիք ունենք՝ և՛ գործարարները, և՛ մտավորականները, և՛ արվեստագետները: Գյումրին պետք է գրավիչ դառնա՝ որպես մշակույթի, արվեստի, արհեստների, պատմության քաղաք: Գյումրին սովորական քաղաք չէ, Գյումրին անսովոր քաղաք է», - ասել է նախագահ Սարգսյանը և ավելացրել, որ միայն բնակարան կառուցելը բավարար չէ, Գյումրիում կյանքի որակը պետք է լավացնել։

Հանրապետության նախագահը Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում մասնակցել է պատարագի և իր մոմը վառել եկեղեցում գտնվող մյուս հավատացյալների հետ:

55
թեգերը:
Արմեն Սարգսյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ոչ որպես նախագահ, բայց նվերով. ինչու՞ է Արմեն Սարգսյանը մեկնել Գյումրի
«Ծիծաղի ու լացի խառնուրդ». նախագահը Գյումրիում դիտել է «Հարսանիք թիկունքում» դրաման
Նախագահը 6 000 000 դրամ է նվիրաբերել կույրերի Գյումրու ուսումնաարտադրական ձեռնարկությանը
Գյումրին զարգացնել սեփական օրինակով. Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ երկօրյա այցով Շիրակում էր
Ինչպես կարող են չսիրահարվել քեզ այնպես, ինչպես ես սիրահարվեցի. նախագահի նամակը Գյումրուն
Արմեն Սարգսյանը կնոջ հետ հոյակապ երեկո է անցկացրել Գյումրիում