ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Երևանի տրանսպորտի խնդրի հարցում լինելու են նաև ժամանակավոր լուծումներ, քանի որ այսքան երկար սպասել այլևս հնարավոր չէ։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը` չհստակեցնելով, թե որոնք են լինելու այդ ժամանակավոր լուծումները։ Ըստ քաղաքապետի` վերջնական լուծումը կլինի երթուղային նոր ցանցի գործարկումը։
«Մենք ուղևորահոսքերի ճշգրտման վերաբերյալ կրկնակի ուսումնասիրություն էինք պահանջել, և մեր բոլորի բախտը բերեց, որ ըստ մասնագետների` այդ հոսքը չի փոփոխվել, այսինքն` ծրագիրը կարող է աշխատել։ Մյուս կողմից, ADB բանկը, որը ֆինանսավորում էր ամբողջ ուսումնասիրությունը, նշել է, որ ի սկզբանե նոր երթուղային ցանցի իրագործումը պետք է պետությունն իրականացնի, այլ ոչ թե մասնավոր–պետություն համագործակցությամբ»,–ասաց քաղաքապետը։
Նրա խոսքով` այս առումով խնդիր է առաջացել, քանի որ երթուղային ցանցի իրագործման համար գնումները պետք է վարկով լինեն, սակայն պետությունը չի ուզում իր արտաքին պարտքն ավելացնել։ Ըստ Մարությանի` ստացվում է այնպես, որ պետք է գնան մասնավոր–պետություն համագործակցության։
«Մասնավոր–պետություն համագործակցության փաթեթը պատրաստ չէ։ Այս պահին աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի կարողանանք օպերատորներին ներկայացնել»,–ասաց Մարությանը։
Հարցին, թե իր պաշտոնավարման 5 տարիների ընթացքում տրանսպորտի խնդիրը լուծելու խոստումն ուժի մե՞ջ է` Մարությանը պատասխանեց` այո. «Անպայման, ավելին` մյուս տարի 450 միկրոավտոբուս օրենքի ուժով պետք է դուրս գան շահագործումից, և պետք է այդ բացը լրացնենք»։
Հիշեցնենք, որ քաղաքային նախկին իշխանությունները երթուղային նոր ցանցը պատրաստվում էին գործարկել դեռ 2018–ի վերջից: Նրանք դիմել էին WYG միջազգային խորհրդատվական կազմակերպության օգնությանը՝ դրա համար հատկացնելով 850 000 եվրո: Ընկերությունը մշակել էր Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը, ըստ որի` ներկայիս երթուղային 115 գծերի փոխարեն պետք է գործեն 42 երթուղի, իսկ առկա 2039 փոխադրամիջոցների փոխարեն՝ 939 տրանսպորտային միջոց։ Նոր ցանցի տրամաբանությամբ` տրանսպորտային միջոցները, ի տարբերություն առկա համակարգի, գործելու են փոխլրացման սկզբունքով։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի՝ ԱՄՆ տեղափոխվելու մասին, տեղեկացնում է armsport.am-ը։
«Ես որևէ կերպ չեմ խրախուսել նրա որոշումը, բացարձակապես, նույնիսկ ես նրան առաջարկել եմ հնարավորություն ստեղծել, որ այդ օժանդակությունը Հայաստանում շախմատ սիրողների կողմից տրամադրվի: Ինքն ասել է, որ վերադառնալու է, երբ իր նկատմամբ վերաբերմունքը փոխվի, և նախկինի նման շախմատը հարգվի Հայաստանում»,-ասել է ՀՀ 3-րդ նախագահը լրագրողների հետ զրույցում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Արոնյանը հայտնել էր ԱՄՆ տեղափոխվելու և այդ երկրի հավաքականում հանդես գալու մասին:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ծանուցագիր է ստացել, որ փետրվարի 20-ին քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Մանուկյանի դեմ։ Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտնեց ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանը։
«Այս նույն` Քրեական օրենսգրքի 301–րդ հոդվածը քննչական կոմիտեն կարել է Հայրենիքի փրկության անդամներից` արդեն չեմ հիշում` քանիսի վրա։ Մանուկյանին մեղադրում են պետական կարգի տապալման մեջ»,–ասաց Մանուկյանը։
Մանուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ դեռ 1988-ից է սովոր նման ծանուցումների։
«Իրենք պետք է ինչ–որ բան ապացուցեն։ Ես ապացուցելու որևէ բան չունեմ»,–ասաց Մանուկյանը։
Հարցին, թե որքանո՞վ էր այն սպասելի Մանուկյանի համար, վերջինս պատասխանեց, թե պետք է որ մեր երկրում նման բան սպասելի չլիներ, սակայն քանի որ երկիրն այն վիճակում է, որ շատ մարդկանց շատ ծանուցումներ են ուղարկել, անսպասելի չէր։
Մանուկյանը հավելեց` եթե նախաքննական մարմինն իրեն կանչի հարցաքննության այն ժամին, որ իրեն հարմար լինի, ապա որևէ խնդիր չկա` կներկայանա ՔԿ։
Հիշեցնենք` 301-րդ հոդվածը սահմանում է, որ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:


