ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Երևանի ավագանու նիստն այսօր անցել է բավական բուռն, բայց անկաշկանդ մթնոլորտում։ Ժամանակ առ ժամանակ «Լույս» ընդդիմադիր և «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչների միջև փոքր «բախումներ» են տեղի ունեցել, որոնք ավարտվել են ուրախ քրքիջով։
Քննարկվում էին 2018 թվականի բյուջեի հաշվետվությունը և մայրաքաղաքի զարգացման հարցերը։
«Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը հարցրել է` արդյո՞ք ընթացիկ տարվա բյուջեն ձևավորելիս հաշվի է առնվել օպերայի հարակից տարածքի «չարաբաստիկ» կանաչապատման հարցը։ Սրան արձագանքել է քաղաքապետ Հայկ Մարությանը, նա դիտողություն է արել Վարդանյանին`նշելով, որ կանաչապատումը չարաբաստիկ լինել չի կարող։
«Ինչպես ճիշտ նկատեց քաղաքացիներից մեկը, ամբողջ աշխարհում պետությունը գրավում է կանաչ տարածությունները, իսկ ՀԿ–ները փորձում դրանք փրկել, մեզ մոտ հակառակն է։ Կանաչապատումը բարի և ուրախ գործընթաց է», – նշել է քաղաքապետը։
Վարդանյանը առարկել է նրան` նկատելով, որ կանաչապատման ծավալները չեն կրճատվել, սակայն բյուջեն կրճատվել է։ Նա կարծում է, որ տարեվերջին քաղաքապետն ամեն դեպքում կընդունի իր սխալ լինելը։
«Ինձ հետ կարող եք հանգիստ խոսել, ձեզ դատի չեմ տալու», – կատակել է Մարությանը։
«Լույս» խմբակցության մեկ այլ անդամ `Դավիթ Խաժակյանը, նույնպես սխալ համարեց կանաչապատման ծախսերի կրճատումը։ Նրա պնդմամբ` քաղաքապետարանը կրճատում է ամեն հնարավոր ու անհնար բան։ Այս համատեքստում նա ընդգծել է, որ ավագանու նիստերի ժամանակ կրճատել են ջրի ծախսերը։ Քաղաքապետն արձագանքել է սրան և նրան ջրով իր բաժակն առաջարկել։ Խաժակյանը սիրով համաձայնել ու խմել է այն։
«Ջուրը` փոքրինն է», – հայտարարել է քաղաքապետը։
Նշենք, որ շրջակա միջավայրի պահպանության համար 2018 թվականին 2 մլրդ դրամից մի փոքր ավելի գումար էր հատկացվել, 2019 թվականին նույն ծախսերի համար նախատեսվում է ուղղել շուրջ 1,7 մլրդ դրամ։