ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. Երևանում` Նոր Նորքը Մյասնիկյան պողոտային ու Ռուբինյանց փողոցին կապող կամրջի վրա, խոշոր վթար է տեղի ունեցել։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից
«Կամրջի վրա բախվել են 8 ավտոմեքենա, 2 քաղաքացի վնավածներով դիմել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը։
Թե ինչ ավտոմեքենաներ են վթարվել, և արդյոք դրանք մեկ, թե մի քանի վթարների հետևանք են, մեր զուցակիցը դժվարացավ հայտնել` նշելով, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբն առայժմ չի վերադարձել։
Առավոտյան ժամը 8–ից մինչ այս պահը գրեթե կաթվածահար է Երևանի ծայրամասերի` Նոր Նորք և Ավան համայնքների երթևեկությունը։
Այս պահին խցանված են Մյասնիկյան պողոայից դեպի Նոր Նորքի կենտրոնական ` Գայի պողոտա տանող հատվածը, Գայի պողոտան գրեթե մինչև Նոր Նորքի 4-րդ զանգված և հակառակ ուղղությամբ` Նոր Նորքից դեպի Մյասնիկյան պողոտա, Զեյթուն և Ավան համայնքներ տանող ճանապարհները։ Խցանումների հետևանքով արդեն փակ են նաև Գայի, Մյասնիկյան ու Աճառյան պողոտաների հարակից փողոցները։