Արարատ Միրզոյան

Փառանձեմ թագուհուց մինչև Սոսե մայրիկ. Արարատ Միրզոյանը շնորհավորել է հայ կանանց մարտի 8-ը

74
(Թարմացված է 14:13 08.03.2019)
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորել է հայ կանանց, պատմությունից օրինակներ բերել ու նշել, որ կնոջ նկատմամբ խտրական վերաբերմունքն օտար կրոնների և մշակույթների ազդեցության հետևանք է։

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի — Sputnik. Մարտի 8-ը հիանալի առիթ է ոչ միայն սեր, հարգանք և հոգատարություն ցուցաբերելու կանանց նկատմամբ, այլև ևս մեկ անգամ խոսելու իրավահավասարության, կանանց իրավունքների պաշտպանության, կանանց դերի բարձրացման, կանանց հասարակական և քաղաքական մասնակցության մասին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Մեր պատմության էջերը հարուստ են վառ կին անհատներով՝ Փառանձեմ թագուհուց մինչև Սոսե մայրիկ, Զապել Եսայանից մինչև Սիլվա Կապուտիկյան։ Հայաստանի առաջին Հանրապետությունը կանանց ընտրելու և ընտրվելու իրավունքը ճանաչած առաջին պետություններից էր, խորհրդարանում ուներ կին պատգամավորներ։ Առաջին հանրապետությանն էր պատկանում նաև նորագույն ժամանակաշրջանի առաջին կին դիվանագետն ունենալու պատիվը՝ ի դեմս Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Դիանա Աբգարի»,– գրում է Միրզոյանը։

ԱԺ նախագահը նշում է, որ հայ հասարակության մեջ այսօր էլ դեռ հանդիպում են կանանց իրավունքների և ազատությունների ստորադասման, ոտնահարման ու նույնիսկ բռնության երևույթներ։ Դրանք, ըստ Միրզոյանի, հետևանք են «դարեր շարունակ օտար կրոնների և մշակույթների ազդեցության» և թե՛ պատմականորեն, թե՛ քաղաքակրթական առումով բացարձակապես խորթ են մեր երկրին ու ժողովրդին։

«Նոր Հայաստանում մենք պարտավոր ենք միասին ստեղծել բոլոր հավասար պայմանները, որոնք թույլ կտան կանանց ազատորեն ստեղծագործել, արարել և իրենց ծանրակշիռ ավանդն ունենալ հասարակության և պետության ամրացման գործում»,– նշում է Արարատ Միրզոյանը` շնորհավորելով Հայաստանի կանանց` մարտի 8-ի կապակցությամբ։

74
թեգերը:
Մարտի 8, Արարատ Միրզոյան, Հայաստան
Ըստ թեմայի
Քիմ Քարդաշյանն իր սեքսուալ տեսքով ցնցել է մարդկանց
Արմեն Սարգսյանը շնորհավորել է իր կնոջն ու բոլոր կանանց
Եթե կինը երջանիկ չէ, նա չի կարող երջանկացնել ամուսնուն ու զավակներին. Նազենի Ղարիբյան