Բողոքի ակցիա, արխիվային լուսանկար

Կրճատումներ կլինեն. Կառավարությունը հաստատեց նախարարությունների կրճատման նախագիծը

119
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց` այս փուլում կադրային ջարդ չի լինի, բայց դա չի նշանակում, թե կրճատումներ չեն լինի։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. ՀՀ կառավարությունը հաստատեց կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին օրենքի փոփոխության` վաղուց խոստացված նախագիծը:

Հարցը կառավարության նիստում զեկուցող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ Սփյուռքի նախարարության փոխարեն կստեղծվի համապատասխան բաժին ՀՀ վարչապետի աշխատակազմում:

Ինչ վերաբերում է օպտիմալացման արդյունքում կրճատվող աշխատակիցներին, Զեյնալյանը հայտնեց, որ կրճատումները հիմնականում վերաբերում են քաղաքական և հայեցողական պաշտոններին:

«Միաձուլվող նախարարություններն իրենց հաստիքներով տեղափոխվում են նոր ստեղծվող նախարարությունների կազմ` բացառությամբ ղեկավար պաշտոնների»,- ասաց նա:

«Ըստ էության մենք այս փուլում կադրային ջարդ չենք ունենալու: Բայց դա չի նշանակում, թե այսպես շարունակելու է մնալ, Այո, կրճատումներ լինելու են: Բայց այդ կրճատումները ոչ թե էվոլյուցիոն տրամաբանությամբ են լինելու: Յուրաքանչյուր աշխատակից իր շանսն է ստանալու: Եվ մարդկանց գնահատման պրոցեսը պետք է լինի մաքսիմալ արդարացի»,- ասաց վարչապետը` հավելելով, որ խնդիրը չի կարող լուծվել փակ աչքերով կրճատումներ անելու միջոցով:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետական համակարգն այսօր գրավիչ չէ որակյալ կադրերի համար, և այդտեղից էլ ծագում են «պարգևավճարային սկանդալները»:

Քննարկման ավարտին կառավարությունն ընդունեց Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին օրենքի փոփոխությունների նախագիծն ու այն ուղարկեց ԱԺ-ի հաստատման:

Ըստ նախագծի `ներկայիս 17 նախարարությունների փոխարեն կունենանք 12-ը` առողջապահության նախարարություն, արդարադատության նախարարություն, արտակարգ իրավիճակների նախարարություն, արտաքին գործերի նախարարություն, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, շրջակա միջավայրի նախարարություն, պաշտպանության նախարարություն, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն, Էկոնոմիկայի նախարարություն և ֆինանսների նախարարություն:

119
թեգերը:
Հայաստան