Նարեկ Մալյան

Բլոգեր Նարեկ Մալյանին փորձել են գցել աղբամանը. տեսանյութեր

616
Restart նախաձեռնության անդամները հարձակվել են Նարեկ Մալյանի վրա և խոստանում են հրապարակել տեսանյութը։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Հայտնի բլոգեր Նարեկ Մայլյանը հայտարարել է, որ իր վրա են հարձակվել Երևանի պետական համալսարանի ռեկտորի հրաժարականը պահանջող Restart շարժման անդամները։ Նրանք չեն հերքում այս փաստը, բայց հայտնում են, որ դա ոչ թե հարձակում էր, այլ «աղբի տեղը աղբամանն է» գործողություն։

Restart շարժումը պարբերաբար ակցիաներ է անցկացնում, որոնք ուղղված են Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի դեմ։ ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի` փետրվարի 28–ին կայացած նիստից հետո Սիմոնյանը շարունակեց ռեկտորի աշխատանքը, քանի որ նիստի օրակարգը չհաստատվեց։ Մալյանը պաշտպանում է ռեկտորին։

Մալյանն ուղիղ եթեր էր մտել ու հայտնել էր. «Քանի որ շատ են հարցնում` ինչ է տեղի ունեցել, մի քանի խոսքով պատմեմ։ 1. Խուլիգանական հարձակում։ 8-10 հոգի կոնկրետ հարձակվողներն էին, պլյուս 4 հոգի պրոֆեսիոնալ տեսախցիկով նկարահանում էին։ Հարձակումը կազմակերպված էր ամենայն մանրամասնությամբ։ 2. Առևանգման փորձ։ Հետևից հարձակվելուց հետո ինձ գետնին տապալեցին և քաշքշելով 5-6 հոգով բռնել էին ձեռքերս և փորձում էին ինձ ինչ-որ տեղ տանել։ Բայց դա այնքան երկար տևեց, որ միջամտեցին պարեկային ոստիկանները և ինձ ազատեցին ապուշներից։ Այս ամենը տեղի է ունեցել ԱԱԾ քաղաքային վարչության դիմաց։ Ոստիկանությունը թվարկածս հանցակազմը թողած, ինձ համոզում էր ծեծի մասին հաղորդում ներկայացնել, ինչը չարեցի այն պարզ պատճառով, որ ծեծ չի եղել»։

Ոստիկանությունը չի մեկնաբանում միջադեպը, քանի որ պետք է ծանոթանա փաստերին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ոստիկանության մամուլի ծառայության ներկայացուցիչը հայտնեց, որ դրա համար ժամանակ է պետք։

Restart շարժման անդամներից Դավ Սիմոնյանը Facebook–ում գրառում է արել` հայտնելով, որ «Մալյանին աղբամանը նետելու» փորձի մասին։ Ոմն Ելենա Չիլինգարյան գրել է, որ այդ գործողությունը քրեական հանցանք է համարվում, ու խորհուրդ է տվել օգտվել փաստաբանի ծառայություններից։ Սիմոնյանը ջնջել է գրառումը, սակայն մի քանի ժամ անց նոր բան է գրել։

«Հարգելիներս, ցանկանում եմ անդրադառնալ վերջին գրառմանս, որը, ցավոք սրտի, չի հասկացվել ամբողջովին։ Խնդիրը նրանում է, որ ես գրառումս կատարել եմ ոստիկանական մեքենայի մեջ ,և հասկանալի է,որ ժամանակը շատ սուղ էր ... Բոլորս քաջատեղյակ ենք Մալյանի մանիպուլյացիաներին , և պետք էր 2 բառով անդրադառնալ, թե ինչ ակցիա էինք փորձում իրականացնել , և որտեղ ենք ներկայումս գտնվում։ Առանձնահատուկ կերպով ուզում եմ նշել, որ այդ գրառումս բացարձակ հպարտության տարրեր չէր պարունակում... Հ.Գ. Արդեն մի քանի ժամից կհրապարակենք ամբողջ պրոցեսի տեսահոլովակը», – գրել է նա։

Նախաձեռնության մեկ այլ անդամ Դավիթ Պետրոսյանն իր ընկերների հետ ուղիղ եթեր է դուրս եկել ու խոստովանել, որ Մալյանի նկատմամբ բռնություն չի կիրառվել։ Նրա խոսքով` ոստիկանությունը թույլ չի տվել, որ բլոգերին գցեն աղբամանը, բայց դա միայն ժամանակի խնդիր է։ Նրանք նշել են նաև, որ Մալյանի սադրանքներին չեն ենթարկվելու ու չեն պատրաստվում հանդիպել նրա հետ։

Մալյանը նրան հրավիրել է երկուշաբթի ժամը 13:00–ին գալ ԵՊՀ շենքի մոտ։ «Թող այդ «Սորոսի վաստակները» փորձեն նույնը կրկնել», – հայտարարել է նա։

Restart շարժման առաջնորդը խոստացել է համացանցում հրապարակել միջադեպի ամբողջական տեսանյութը։

Բլոգերներ Նարեկ Մալյանն ու Արթուր Դանիելյանը Facebook–ում ստեղծել են «Ադեկվադ» էջը, որտեղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա կողմնակիցների գործողությունները քննադատող տեսանյութեր են հրապարակում։ 2018 թվականի հոկտեմբերին նրանց վրա հարձակվել էին Մարալիկում, որտեղ քաղաքապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ էին ընթանում։

616
թեգերը:
Հայաստան