Հեռուստացույց

Հայերենի համար փող չկա. մարզային TV-ների եթերի 99 տոկոսը ռուսերեն է

146
Մարզերի բնակիչները զրկված են հայերեն հաղորդումներ դիտելու հնարավորությունից։ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը պատրաստվում է հայերեն ծրագրերի հարցում աջակցել մարզային հեռուստաընկերություններին։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Հայոց լեզուն վտանգի տակ է Հայաստանի մարզերում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահ Տիգրան Հակոբյանը` անդրադառնալով մարզային հեռուստաընկերությունների աշխատանքի որակին։

Հակոբյանը նշեց, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքով հեռուստատեսային ծրագրերի առնվազն 55 տոկոսը պետք է լինի հայրենական արտադրանք։ Բայց նույնիսկ խոշոր հեռուստաընկերություններն այս պայմանը գրեթե չեն պահպանում։ Եվ սա այն դեպքում, երբ «հայրենական արտադրանք» տերմինը վերաբերում է ոչ միայն սեփական արտադրության ծրագրերին, այլև հայերեն թարգմանված ցանկացած այլ հաղորդումներին ու ֆիլմերին։

«Եթե խոշորները որոշ չափով պահում են, ապա մարզայիններում ողբալի վիճակ է»,– ասաց Հակոբյանը` նշելով, որ մարզային որոշ հեռուստաընկերությունների ծրագրերի ավելի քան 90 տոկոսը ռուսերեն է հեռարձակվում։ Օրինակ` դրանցից մեկը միայն 1.1 տոկոս հայերեն ծրագիր ունի, այն էլ գովազդ։

«Չեմ կարծում, որ սա բարձրացնում է ռուսերենի իմացությունը։ Մարդիկ պարզապես զրկված են հայերեն հաղորդումներ նայելու հնարավորությունից։ Ավելի լավ է` այս հեռուստաընկերությունը չգործի, քան գործի օտարալեզու կոնտենտով։ Եթե օրենքին հետևենք խստությամբ, այս հեռուստաընկերությունները կփակվեն»,– ասաց ՀՌԱՀ նախագահը։

Այդուհանդերձ, ՀՌԱՀ–ում գիտակցում են, որ սեփական հաղորդումներ ստեղծելու կամ թարգմանություններ անելու համար մարզային հեռուստաընկերությունները ֆինանսական միջոցներ չունեն։ Դրա համար հանձնաժողովում ծրագիր են մշակել` մարզերին որակյալ հեռուստաարտադրանքով ապահովելու նպատակով։

ՀՌԱՀ նախագահի խոսքով` իրենք պատրաստվում են ստեղծել հանրապետության խոշոր հեռուստաընկերություններում ստեղծված հայրենական արտադրության կամ հայերեն թարգմանված հաղորդումների ու ֆիլմերի շտեմարան` դրանք մարզային գործընկերներին տրամադրելու նպատակով։

«Շտեմարանում ամեն ինչ կլինի, բացի քաղաքականությունից։ Քաղաքականությունը հանում ենք։ Ցանկացած հաղորդում, որը կկրթի ՀՀ քաղաքացուն, որը թույլ կտա կողմնորոշվել այսօրվա տնտեսական իրավիճակում, որը թույլ կտա բարձրացնել նրա կրթական ցենզը, թույլ կտա լսել դասական երաժշտություն»,– ասաց Հակոբյանը:

Նա ավելացրեց, որ նման հաղորդումների ստեղծման համար պետությունը կիրականացնի մրցույթներ։

146
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
60 գյումրեցի մնացին անգործ. լուծարվել է «Շիրակ» հանրային հեռուստառադիոընկերությունը
Հովսեփյան. «Ջաղինյանը վաղուց էր փափագում «Շիրակ» հեռուստաընկերության փակումը»
«Արմենիա» հեռուստաընկերությունը դարձավ Արթուր Ջանիբեկյանի ընտանիքի սեփականությունը
Մովսեսյան. «Հեռուստատեսության հաճախականությունների մրցույթին կմասնակցենք նոր ծրագրերով»