ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը կարծում է, որ Հայաստանում հարկային դրույքաչափերը էական խոչընդոտ չեն բիզնեսի զարգացման համար։ Նա այս մասին ասաց այսօր Վանաձորում լրագրողների հետ զրույցի ժամանակ։
«Հարկային դրույքաչափերը էական խոչընդոտ չեն, որովհետև հայաստանյան հարկային դրույքաչափերը բարձր չեն միջազգային համեմատություններում: Նախատեսվում են փոփոխություններ, որոնք էլ ավելի բարենպաստ պայմաններ կապահովեն: Միկրոբիզնեսն ազատվում է հարկերից, եկամտային հարկն ու շահութահարկը կիջնեն, ինչը նշանակում է, որ ներդրումները Հայաստանում լինելու են ավելի գրավիչ և ավելի արագ են թույլ տալու, որ այդ ներդրումները հատուցվեն ու ապահովեն սպասված շահույթներ»,- ասաց նախարարը:
Վանաձորում այսօր կազմակերպվել է «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովը, որի ընթացքում ներկայացվել են Լոռու մարզում զբոսաշրջության, գյուղատնտեսության, արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտների զարգացմանն ուղղված ներդրումային ավելի քան 50 ծրագրեր, որոնք կարող են դառնալ շահութաբեր բիզնեսի հավակնոտ առաջարկներ ներդրողների համար։
Նախարարն անդրադարձավ ներկայացված 50 ծրագրերին և նշեց, որ դրանցից յուրաքանչյուրի գրավչությունը որոշում է այդ ներդրումային նախագծերում ներգրավված մասնակիցը։ Խաչատրյանն ավելացրեց, որ իր այն գործընկերները, որոնք որոշակի մասնակցություն ունեցել են նշված 50 ծրագրերի ուսումնասիրությանը, ասում են, որ հետաքրքիր բաներ կան:
«Հարկային փոփոխություններն արվում են և՛ վարչարարական, և՛ քաղաքական ուղղություններով»,- նկատեց նախարարը, ապա հավելեց, որ վարչարարական ուղղությամբ փոփոխությունները նշանակում են՝ բոլորի համար հավասար պայմաններ, պարզ կանոններ, որպեսզի բիզնեսի համար արհեստական խոչընդոտներ չստեղծվեն։
Խաչատրյանը հավաստիացրեց, որ եթե լինում են գործարարներ, որոնք ունեն կոնկրետ հարցեր, իրենք քննարկում են. «8-ի փոխարեն աշխատում ենք 12 և ավելի ժամ, բայց երբեմն դա էլ չի բավականացնում բոլոր հարցերին արձագանքելու համար»,– ասաց նա:
Նախարարը վստահեցրեց` որևէ հարց անարձագանք չի մնում։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Գերիների վերադարձի հումանիտար, կարևորագույն հարցի քաղաքականացումն անընդունելի է։ Այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը`անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը հայ բոլոր գերիներին վերադարձրել է։ Իսկ այդ երկրում մնացած անազատության մեջ գտնվող մյուս անձինք հանցագործներ են` դիվերսանտներ։
Այվազյանը շեշտեց, որ Ալիևի հայտարարության անընդունելիությունն արդեն հաստատվել է նաև տրբեր միջազգային կառույցների կողմից։
«Հավանաբար տեղյակ ք, որ տարբեր երկրների, միջազգային կառույցների ղեկավարներն արդեն ավելացնում են այս հարցով միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա։ Վերջինը` երեկ Իտալիայի խորհրդարանը նույնպես ընդունել է բանաձև` կոչ անելով Ադրբեջանին` անհապաղ լուծում տալ այս հումանիտար կարևորագույն հարցին»,– ասաց Այվազյանը։
Ագ նախարարը նաև հայտնեց, որ գերիների վերադարձի համար հայկական կողմն օգտագործում է բոլոր խողովակները` հատկապես կարևորելով տարածաշրջանում ՌԴ–ի ունցած կարևոր դերակատարումը։
«Սկսած նախագահ Պուտինի, ԱԳ նախարար Լավրովի, Պնախարար Շոյգույի միջոցով անմիջական շփումներ են տեղի ունենում այս հարցի ուղղությամբ, և ռուսական կողմը հետևողականորեն բարձրացնում է այդ հարցը Ադրբջանի ղեկավարության մոտ»,– ասաց Այվազյանը։
Նա նաև հավելեց, որ այդ հարցը հատուկ ընդգծել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների զրույցների մակարդակում։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Սարգսյանը մասնավորապես ընդգծել է ՌԴ վարչապետի ծանրակշիռ ներդրումը երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների և քաղաքական, տնտեսական, ռազմական ու հումանիտար ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման ու ամրապնդման, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների բարելավման մեջ»,– նշված է հաղորդագրության մեջ:
ՀՀ նախագահ քաջառողջություն և հաջողություններ է մաղթել ՌԴ վարչապետին:
Նշենք, որ այսօր լրանում է Միշուստինի 55-ամյակը։
Ավելի վաղ նրան շնորհավորական ուղերձ էր հղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


