ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Մինչև մարտի 1–ն ընկած ժամանակահատվածը իշխանությունները չեն պատրաստվում շատ խոսել Ռոբերտ Քոչարյանի դատական պրոցեսից: Այդ մասին, ըստ «Փաստ» թերթի տեղեկությունների, իր մոտեցումները մարտի 1–ի երթի ժամանակ կներկայացնի Նիկոլ Փաշինյանը:
«Մեր աղբյուրների պնդմամբ, արդեն կա քաղաքական որոշում, որ Քոչարյանի գործով դատական վերջին նիստերը անցկացվեն բաց՝ հասանելի հանրությանը, որպեսզի խուսափեն ավելորդ ինտրիգներից»,– գրում է թերթը:
Թերթը նաև պարզել է, որ իշխանությունները որոշել են նման քայլով ցույց տալ եվրոպական դատական ատյաններին և այլ միջազգային կառույցներին իրենց «ժողովրդավար» և «սահմանադրական» վերաբերմունքը մարդու հիմնարար իրավունքների և արժեքների հանդեպ:
Պարբերականը նշում է` տեղեկություններ կան, ըստ որի, Քոչարյանի փաստաբանները կդիմեն ՄԻԵԴ, և տեսակետ կա, որ բողոքն, ըստ ամենայնի, կբավարարվի:
Հիշեցնենք` ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։
Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել էր անձեռնմխելի և ազատել կալանքից:
Ավելի ուշ քրեական գործի նախաքննությունը վարող ՀՔԾ քննիչը որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին:
Իսկ Վճռաբեկ դատարանը փաստաբանների բողոքի հիման վրա որոշում էր կայացրել գործն ուղարկել լրացուցիչ քննության, որի ավարտին վերաքննիչ դատարանը Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքը ուժի մեջ թողնելու որոշում կայացրեց։ Այդ որոշման հիման վրա դեկտեմբերի 7-ին Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կալանավորվեց։
Դեկտեմբերի 26-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել դատարան` Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ։ Ընդ որում, գրավի չափը սահմանելը թողնվել էր դատարանի հայեցողությանը։
2019 թ.–ի հունվարին քննչական մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան` Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Սարգսյանը մասնավորապես ընդգծել է ՌԴ վարչապետի ծանրակշիռ ներդրումը երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների և քաղաքական, տնտեսական, ռազմական ու հումանիտար ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման ու ամրապնդման, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների բարելավման մեջ»,– նշված է հաղորդագրության մեջ:
ՀՀ նախագահ քաջառողջություն և հաջողություններ է մաղթել ՌԴ վարչապետին:
Նշենք, որ այսօր լրանում է Միշուստինի 55-ամյակը։
Ավելի վաղ նրան շնորհավորական ուղերձ էր հղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ նախագահը պետք է հետևողական լինի իր որոշման մեջ։ Բաղրամյան պողոտայում մեկնարկած Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը` մանրամասներ հայտնելով այսօր նախագահի հետ կայացած հանդիպումից։
Նախագահի հետ հանդիպմանը մասնակցել են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։
«Սա մեկ անձի հարց չէ, միայն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հարցը չէ` ամբողջ ժողովուրդն է ոտքի կանգնել։ Այս վճռականությունը փոխանցեցինք նախագահին նրա հետ հանդիպման ժամանակ։ Բացի այդ, մենք ասել ենք նաև, որ իրավական առումով նախագահը չի կարող անգործություն դրսևորել առանց հիմնավորման»,–ասաց Մինասյանը։
Նրա խոսքով` օրենքի վիճարկումը միայն քիչ է` նախագահը պետք է դիմի ՍԴ։ Մինասյանը կարծում է, որ նախագահի ցանկացած այլ քայլ հակասահմանադրական կլինի. այլ տարբերակ չի կարող լինել, քան ՍԴ դիմելը։
Մինասյանը շեշտեց, որ դավաճանը պետք է կրի իր պատիժն ու դատվի։
Հիշեցնենք, որ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես ԱԺ–ում է։
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը կառավարությունից մեկնում Ազգային ժողով. տեսանյութ


