Շինարարներ

Հայաստանը փակում է դուռը իրանական ցեմենտի առաջ. ի՞նչ կա կառավարության որոշման տողատակերում

233
Կառավարության առաջարկը կյանքի կոչելու դեպքում Հայաստանը կզրկվի ոչ միայն էժան, այլև ավելի որակյալ ցեմենտից։ Sputnik Արմենիան շինարարական շուկայի խնդիրներին քաջածանոթ մասնագետի հետ բացահայտել է շուկայի խնդիրներն ու աներևույթ խութերը։

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik, Նելլի Դանիելյան. Հայաստանի իշխանությունը փակում է Հայաստանի դուռը իրանական ցեմենտի առաջ։ Կառավարության այսօրվա որոշումը Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես որակեց շինարարական ոլորտում գործունեություն ծավալող ձեռներեց Արմեն Դանիելյանը։

Նրա խոսքով` ներկրվող ցեմենտի մաքսատուրքերն ավելացնելով` Հայաստանի կառավարությունն անուղղակիորեն արգելում է հայաստանյան շուկայում ներկրված ցեմենտի վաճառքը։

«Այս մաքսատուրքերով Իրանից ցեմենտ ներկրելն այլևս տնտեսապես ձեռնտու չի լինի»,– ասաց Դանիելյանը` ափսոսանք հայտնելով կառավարության ընդունած որոշման ու դրա հնարավոր հետևանքների համար։

«Որ իմացա կառավարությունը նման որոշում է կայացրել, մտածեցի, որ շատ ափսոս է այդ ցեմենտից զրկվելը, որովհետև դրան հավասար որակի ցեմենտ Հայաստանում չի արտադրվում»,– ասաց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք` կառավարությունն այսօր նախագիծ է ընդունել, որով առաջարկում է տեղական արտադրությանն աջակցելու նպատակով ներկրված ցեմենտի 1 տոննայի համար սահմանել 22 000 դրամ մաքսատուրք։ Սա, նախագծի հեղինակների համոզմամբ, ներկրված ցեմենտի գինը կբարձրացնի տեղական արտադրության ցեմենտի գնի մակարդակին և թույլ կտա հայկական արտադրողներին մրցունակ դառնալ շուկայում։

«Արարատ ցեմենտը վերջերս տեխնոլոգիան փոխեց, որպեսզի կարողանա մրցակցել իրանական ցեմենտի հետ, բայց ոնց որ թե տեսան, որ ինքնարժեքը նորից բարձր է նստում, որոշեցին մաքսատուրքը բարձրացնել»,– կառավարության որոշումն այսպես մեկնաբանեց Դանիելյանը։

Նրա խոսքով` Իրանի ցեմենտ արտադրողները տարածաշրջանում շահեկան դիրք են գրավում իրենց երկրում գազի գնի շնորհիվ։

«Իրանում գազն է էժան, դրա համար էլ ցեմենտի ինքնարժեքն էժան է ստացվում։ Մեր ցեմենտը, ինչքան էլ նորագույն սարքավորում լինի, գազի թանկ լինելու պատճառով թանկ է նստում։ Դրա համար էլ չեն կարողանում ցանկացած դեպքում իրանական ցեմենտի հետ մրցակցել»,– ասաց նա։

Այդուհանդերձ, խնդիրը միայն գինը չէ։ Հայաստանում իրանական ցեմենտը նախընտրում են նաև որակի համար։

«Իրանական ցեմենտը շատ բարձր որակի է, մանավանդ M 500 մակնիշի ցեմենտը։ Այն արագ չորանում է, չորանալուց հետո էլ հնարավոր չէ քանդել»,– ասաց մեր զրուցակիցը։

Ի դեպ, այս բարձր որակի իրանական ցեմենտի 1 տոննան Հայաստանի շուկայում արժե շուրջ 51 000 դրամ։ «Արարատցեմենտի» բարձրորակ արտադրանքը, որ մեր զրուցակցի խոսքով, այնուամենայնիվ, որակով զիջում է իրանականին, արժե 64 000 դրամ։

Այս պայմաններում հայ շինարարները գերադասում են գնել տեղական արտադրության M-300 մակնիշի ցեմենտը, որն ավելի ցածր որակի է, բայց որի գինը հավասար է Իրանից ներկրվող բարձրորակ M-500 մակնիշի ցեմենտի գնին։

Կառավարության նախաձեռնած փոփոխությունները, անհատ ձեռնարկատեր Արմեն Դանիելյանի համոզմամբ, թեև դուրս կմղեն իրանական արտադրանքը Հայաստանի շուկայից, բայց շինարարության գների վրա չեն ազդի։

«Մեր շինարարական կազմակերպություններն այսօր էլ հիմնականում տեղական արտադրության ավելի ցածր որակի` M-300 ցեմենտ են նախընտրում օգտագործել։ Իրանական բարձրակարգ ցեմենտը խոշոր շինարարության մեջ այսպես թե այնպես չի օգտագործվում»,– ասաց Դանիելյանը` միաժամանակ հավելելով, որ շինարարության որակը նոր օրենքից ևս չի տուժի։

«Ուղղակի մենք կզրկվենք որակյալ ցեմենտից»,– զրույցը եզրափակեց ձեռներեցը։

Հիշեցնենք` կառավարության փետրվարի 21-ի նիստում, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարեց, որ Հայաստան ներմուծվող ցեմենտի ծավալը վերջին 1 տարվա ընթացում 3 անգամ աճել է ։ Սա, ըստ նախարարի, նշանակում է, որ Հայաստանում ցեմենտ արտադրող 2 ընկերությունները` «Արարատ ցեմենտն» ու «Հրազդան ցեմենտը», իրենց արտադրանքի առնվազն 1/3-ը չեն կարողանում իրացնել։

Խաչատրյանի ներկայացված տեղեկանքի համաձայն` 2017թ–ին 1տ ցեմենտի ինքնարժեքը տեղական արտադրողների համար 41 000 դրամ էր, էներգախնայող տեխնոլոգիաների կիրառման արդյունքում 2018թ–ի տարեվերջին դրա գինն իջել է մինչև 38 000 դրամ։

Այդուհանդերձ, կառավարությունն անհրաժեշտ է համարում որոշակի սահմանափակումներ սահմանել ներկրվող ցեմենտի համար` տեղական ընկերությունների արտադրանքը մրցունակ դարձնելու համար։

Կառավարության առաջարկած օրինագիծն առաջիկայում կքննարկվի նաև ԱԺ–ում։

Մինչ այդ, սակայն, հիշեցնենք, որ Իրանի հետ ԵԱՏՄ երկրներն ունեն ազատ առևտրի համաձայնագիր, որն այժմ վավերացման փուլում է։ Դրա ուժի մեջ մտնելուց հետո Իրանից Հայաստան ներմուծվող շուրջ 5000 անուն ապրանքներ ընդհանրապես կազատվեն մաքսատուրքերից։

Չի բացառվում նաև, որ այս հարցը քննարկման առարկա կդառնա փետրվարի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԻԻՀ պաշտոնական այցի ընթացքում։

233
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Այգիներ` անապատի փոխարեն. Հայաստան–Իրան սահմանի «պիստակային դրախտը»
Փաշինյանի այցի չգաղտնազերծվող օրակարգից սպասելիքները մեծ են. ի՞նչ կբերի վարչապետն Իրանից