Զինվորական համազգեստ

Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների 5 քրեական գործ կվերաբացվի

144
(Թարմացված է 14:38 21.02.2019)
Աշխատանքային խմբում ընդգրկված է նաև զինվորական քննչական գլխավոր վարչության ղեկավար կազմը:

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Բանակում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերով աղմկահարույց 5 քրեական գործերն առաջիկայում Քննչական կոմիտեն կվերանայի:

Ինչպես նշված է Հայաստանի Հանրապետության կառավարության ֆեյսբուքյան էջում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր մոտ է հրավիրել որդեկորույս մայրերին և խոստացել միջնորդել, որպեսզի իրավապահ մարմինները լրացուցիչ զբաղվեն այդ գործերով:

Այդ կապակցությամբ Քննչական կոմիտեն և 10 իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ օրերս համաձայնագիր են կնքել:

Ստեղծվել է հասարակական մոնիթորինգի խումբ, որը կուսումնասիրի բանակում խաղաղ պայմաններում սպանված զինծառայողների մահվան քրեական գործերը, որոնք հանրության շրջանում կասկածներ են հարուցել, որոնց պաշտոնական վարկածները տուժող կողմի ներկայացուցիչները տարիներ շարունակ համարել են կողմնակալ ու կասկածելի:

«Սա առաջին անգամ է, որ նման ձևաչափով գործունեություն է իրականացվում , և մենք ևս մեկ անգամ ուզում ենք փաստել, որ Քննչական կոմիտեն բաց է համագործակցության համար: Մեզ համար շատ կարևոր է հասարակական վերահսկողությունը, և վստահ ենք, որ այն աշխատանքը, որ  համատեղ կատարելու ենք հասարակական կազմակերպությունների հետ մեկտեղ, տալու է իր դրական արդյունքները»,- ասել է  Զինվորական քննչական գլխավոր վարչության պետ  Արտակ Կրկյաշարյանը:

ՀԿ-ների կողմից ընտրված են Վալերիյ Մուրադյանի, Տիգրան Օհանջանյանի, Արման Հակոբյանի, Անդրանիկ Սիլակյանի գործերը, ինչպես նաև Մատաղիսի հայտնի գործը, երբ երկու զինծառայողի կյանք խլած հանցագործն այդպես էլ չհայտնաբերվեց:

«Աշխատանքային խմբի գործունեությունը միտված է նրան, որպեսզի ի հայտ բերվեն, եթե այդպիսիք կան, թերությունները, որոնք տեղ են գտել  քրգործերի նախաքննության ընթացքում:  Եթե փաստվի որևիցե խախտում կամ հանցագործության դեպք, որոնք տեղ են գտել քրեական գործերի նախաքննության ընթացքում, ապա պատասխանատվությունը կլինի անխուսափելի»,- նշել է Արտակ Կրկյաշարյանը:

Աշխատանքային ընթացակարգի պահանջով ամսական առնվազն մեկ անգամ համատեղ նիստ կգումարվի, հնարավոր են նաև արտահերթ նիստեր: Աշխատանքային խմբում ընդգրկված է նաև զինվորական քննչական գլխավոր վարչության ղեկավար կազմը:

Առաջին հինգ գործերի լրացուցիչ քննությունից հետո հերթով անդրադարձ կկատարվի կասեցված կամ կարճված այլ գործերի, որոնց քննության ընթացքի անաչառությանը նույնպես հանրությունը ու տուժողների ներկայացուցիչները չեն վստահում:

144
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), ՀՀ քննչական կոմիտե, Նիկոլ Փաշինյան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (806)
Ըստ թեմայի
Շիրակում զոհված օդաչուների աճյուններն ամփոփվեցին «Եռաբլուրում». լուսանկարներ
Զոհված ու հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներից քանի՞սն են հատուցում ստացել
Արցախում զոհված Կարեն Դանիելյանի նորածին երկվորյակ եղբայրները դուրս են գրվել հիվանդանոցից