Երևանում նաև «դուխով» կոկտեյլ են վաճառում

Հեղափոխական ապրանքները Երևանում, կամ Հայաստանում «Վարչապետ» են վաճառում

159
(Թարմացված է 23:50 16.02.2019)
Հեղափոխական խորհրդանիշներով տարատեսակ ապրանքները տարածվում են Հայաստանի առևտրի կետերում։ Sputnik Արմենիան պարզել է՝ իրավական տեսակետից օրինակա՞ն է «թավշյա» կարգախոսների օգտագործումը, թե՞ ոչ։

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. Արդեն մայիսին Երևանի Վերնիսաժում հայտնվեցին «Դուխով» կարգախոսով գլխարկներն ու շապիկները։ Իսկ վերջերս խանութներում վաճառքի դրեցին «Վարչապետ» օղիներն ու բողոքի շարժման խորհրդանիշներով կոնֆետները։

Վերջին ամիսներին Հայաստանի մտավոր սեփականության պաշտպանության գործակալությունը «դուխով» բառը որպես ապրանքանիշ գրանցելու համար ստացել է 16 հայտ, «քայլ արա»՝ 4, «թավշյա»՝ 3 և մեկական հայտ «վարչապետ» ու «премьер-министр» բառերի համար:

Водка Премьер
© Photo :
Օղի

«Հեղափոխությունից հետո եկած բոլոր հայտերը մերժվել են, քանի որ «դուխովը», բացի այն, որ արդեն ապրանքային նշան էր գրանցված, նաև ձեռք էր բերել մեկ այլ նշանակություն մեր հասարակության համար: Օրենքում ունենք մերժման հիմք, եթե խոսակցական կամ առևտրային պրակտիկայում բառը դառնում է համընդհանուր օգտագործման և հասարակական հետաքրքրություն ներկայացնող, մենք տվյալ բառը չենք գրանցում որպես ապրանքային նշան», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մտավոր սեփականության գործակալության ապրանքային նշանների և արդյունաբերական նմուշների բաժնի պետ Լուսինե Մանուկյանը։

Այդուհանդերձ, դա չի նշանակում, որ այդ բառերը չի կարելի օգտագործել շապիկների կամ կոնֆետների վրա։ Ապրանքային նշանը պարտադիր չէ գրանցել, դա ցանկացած անձի իրավունքն է, և գրանցելով ապրանքային նշանը՝ անձը պարզապես ձեռք է բերում բացառիկ իրավունք տվյալ ապրանքային նշանի նկատմամբ: Կան շատ ապրանքային նշաններ, որոնք անձինք օգտագործում են առանց գրանցելու։

Օղի

Գործակալությունը որպես ապրանքային նշան չի գրանցել նաև «Քայլ արա» սեղանի խաղը։

«Քանի որ ցանկացած խաղ սկսվում է քայլ անելուց, այդ արտահայտությանը ինքնուրույն պահպանություն չի տրամադրվել», - պարզաբանեց Մանուկյանը։

Նշենք, որ նոր խաղը հեղափոխության հետ կապ չունի․ դա մոնոպոլիայի հայկական տարբերակն է (դա ինչ-որ տեղ նույնիսկ հակասում է հեղափոխությանը)։

Իսկ ահա «վարչապետ» բառն ու դրա թարգմանված տարբերակները կարելի էր գրանցել։ Օրինակ` աշխարհում արտադրվում է (իսկ Հայաստանում գրանցված են) President ապրանքանիշները կարագի, հալած պանրի, սիգարետի ու ալկոհոլի համար։

Մանուկյանը նշեց, որ դա չի դիտարկվում որպես անարգանք պետական իշխանության հանդեպ, քանի որ չի վերաբերում կոնկրետ նախագահին։

Եթե շշի կամ կոնֆետի թղթի վրա Նիկոլ Փաշինյանի (կամ որևէ այլ մարդու) լուսանկարն է տպվում, ապա նրա համաձայնությունն է պետք։ Հակառակ դեպքում, լինի դա Նիկոլ Փաշինյանը, Հենրիխ Մխիթարյանը կամ որևէ այլ մարդ, կարող է դատարան դիմել։

159
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
«Հայեր ջան, դուխով». հայկական երգ ու պար Ռուսաստանի մայրաքաղաքում
Դուխով դեպի 30-ականների Չիկագո. ո՞ւր կհասնի Երևանում թավշյա ամենաթողությունը
Մանասյան. ««Նիկոլ», «Դուխով». քանի սա ակտուալ է, այս անվանումներով ապրանքը վաճառվելու է»