ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ է նշանակել: Այս մասին նշված է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում։
Փաշինյանը որոշումը ստորագրել է այսօր` փետրվարի 15-ին։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում ներկայացրել է նոր փոխնախարարին:
«Տիկին Անդրեասյանը 2003-2019 թթ. աշխատել է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ում որպես հանրակրթությունում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման ծրագրի մասնագետ, այնուհետ՝ ղեկավար, բարձրագույն կրթության ծրագրերի ղեկավար, 2017-ից՝ ծրագրերի ղեկավար-տնօրենի տեղակալ»,– գրել է նա։
Նախարարը նշել է, որ Անդրեասյանը։ Երևանի պետական համալսարանի և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի դասախոս է։ 2012 թվականին եղել է ՀՀ բուհերի ազգային վարկանիշավորման համակարգը մշակող աշխատանքային խմբի անդամ, իսկ 2012-2015 թվականներին՝ Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի սոցիալական չափայնության և հարատև կրթության աշխատանքային խմբի հայաստանյան ներկայացուցիչ։
2013 թվականից ներգրավված է «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության հետազոտական ծրագրերում։
2016 թվականից Սոցիոլոգիայի միջազգային ընկերակցության անդամ է։
Մի շարք հրապարակումների հեղինակ է։ Անկուսակցական է։
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Գերության մեջ գտնվող Շիրակի մարզի 62 զինծառայողներից 3–ը զրուցել են իրենց հարազատների հետ։ Տեղեկությունն իր Facebook-ի էջում գրել է ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` տղաները հեռախոսով են խոսել իրենց ծնողների հետ։
«Մենք շատ լավ ենք, մեր մասին մի մտածեք», – ասել են նրանք ծնողներին։
Հիշեցնենք` 2020–ի դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ դեռևս անհայտ պայմաններում կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Խծաբերդի դիրքեր մեկնած Շիրակի պահեստազորայինների գերեվարման մասին հայտնի դարձավ ավելի ուշ ադրբեջանական կողմի տարածած տեսանյութերից։ Շիրակի մարզի 62 զինծառայողների դեմ Բաքվում քրեական գործեր են հարուցված։
Նշենք նաև, որ այսօր ռուսական կողմի միջնորդությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ-ի ջանքերով այսօր հայրենիք են վերադառնալու 5 գերիներ։
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Երևանի կենտրոնում` Հանրապետության հրապարակում, հավաքված ցուցարարներից 21–ը բերման են ենթարկվել ոստիկանություն։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից։
Հանրապետության հրապարակում հավաքվածներն էլ հայտարարեցին, որ բերման է ենթարկվել նաև «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար, ազատամարտիկ Արշակ Զաքարյանը։
Հիշեցնենք, որ այսօր` ժամը 15։00–ից, մի քանի հարյուր մարդիկ հավաքվել էին Հանրապետության հրապարակ` պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Դրանից հետո նրանք շարժվեցին դեպի Գլխավոր դատախազության շենք, հանդիպում պահանջեցին Արթուր Դավթյանի հետ, չհաջողեցին, վերադարձան հրապարակ, փորձեցին ներխուժել կառավարության շենք։
Կառավարության շենքի դիմաց մի քանի շարքով կանգնած ոստիկանները նրանց հետ հրեցին, սկսվեց հրմշտոց, բախումներ, հնչեցին հայհոյանքներ։ Ապա սկսեցին բերման ենթարկել մարդկանց։
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս գերիների և պահվող անձանց՝ «բոլորի բոլորի դիմաց» բանաձևով փոխանակման օգտին։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, ինչպես նաև հունվարի 11-ին երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան, ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի խնդիրների շուրջ աշխատանքը շարունակվում է։
«Եվ ռուսական կողմն այդ հարցերում աջակցություն է ցուցաբերում, այդ թվում՝ իր խաղաղապահ զորակազմի գծով։ Ինչպես ընդգծել են մեր երկրի նախագահն ու արտգործնախարարը, տվյալ խնդրի շուտափույթ լուծման լավագույն տարբերակը կլիներ գերիների փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով»,-ասել է Զախարովան։
Նշենք, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանում պահվող գերիների և պատանդների վերադարձի հարցը հայկական կողմի համար առավել սուր հարցերից մեկն է: Ադրբեջանի իշխանությունները չեն շտապում վերադարձնել գերիներին՝ նրանցից շատերին հայտարարելով «ահաբեկիչներ» և «վարձկաններ»։ Այդ քաղաքացիների դեմ քրեական գործեր են հարուցվել։ Ըստ որոշ տվյալների՝ առնվազն 120 գերի կա։