Երևան

Երևանում ավելացել են բնակարանային գողությունները. ի՞նչ է հանձնարարել Արթուր Դավթյանը

115
(Թարմացված է 14:30 09.02.2019)
Բնակարանային գողությունների զգալի մասը կատարվում են հիմնականում ազատ մուտքեր ունեցող, ելումուտը սահմանափակող, կոդավորված փականներով դռներ չունեցող բազմաբնակարան շենքերից։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Երևան քաղաքի դատախազությունում խորհրդակցություն է անցկացրել՝ ամփոփելու 2018թ. Երևան քաղաքի դատախազության և Երևանի վարչական շրջանների դատախազությունների գործունեության արդյունքներն ու խնդիրները: Այս մասին հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։

Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանն անդրադարձել է հատկապես հանցագործությունների բացահայտման, մայրաքաղաքի քրեական հետապնդման մարմինների կատարված աշխատանքների ընթացքում ի հայտ եկած խնդիրներին, ձեռքբերումներին և արձանագրված թերություններին:

Ըստ նրա՝ 2018թ. ընթացքում Երևան քաղաքում գրանցվել է հանցագործության 11344 դեպք, նախորդող տարվա 10324-ի դիմաց: Դեպքերը, փաստացի աճել են 1020-ով, կամ 8.9%-ով: Գրանցված հանցագործության դեպքերի թվաքանակի աճը պայմանավորվել է միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների աճով:

2018թ. հանցագործությամբ պատճառված 1.981.242.023 դրամ վնասից վերականգնվել է 623.820.833 դրամը: Վնասների հիմնական հատուցումները եղել են տեխնիկական զննության կայանների վերաբերյալ քրեական գործերով:

2018թ. ընթացքում Երևան քաղաքում արձանագրվել է սպանության 12 դեպք՝ նախորդ տարվանից մեկով պակաս: Այս հանցատեսակի բացահայտման ցուցանիշը բարելավվել է՝ նախորդող տարվա 80%-ի դիմաց կազմելով 85.7%:

91-ով կամ 19.8%-ով նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (368-459), 3-ով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը՝ (86-89): 10.7%-ով կամ 3-ով նվազել են ավազակության դեպքերը (25-28):

Նախորդ տարվա համար մտահոգիչ աճ է արձանագրվել մայրաքաղաքում բնակարանային գողության դեպքերի մասով: Արձանագրվել է 801 նմանատիպ դեպք՝ նախորդ տարվա 441-ի դիմաց, աճը կազմել է 81.6%: Դրան զուգահեռ շարունակվում է տարեցտարի նկատվող բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշների նվազման միտումը՝ 2018թ. կազմերով ընդամենը 9.5 տոկոս:

Երևան քաղաքի դատախազությունում կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ բնակարանային գողությունների զգալի մասը կատարվում են հիմնականում ազատ մուտքեր ունեցող, ելումուտը սահմանափակող, կոդավորված փականներով դռներ չունեցող բազմաբնակարան շենքերից: Խորհրդակցության ժամանակ արձանագրվել է, որ պատշաճ որակով չեն իրականացվում նաև բնակարանային գողությունների վերաբերյալ քրեական գործերի քննությունները:

Հատկապես մայրաքաղաքում այս հանցատեսակի դեմ մղվող պայքարը գնահատելով խիստ անբավարար՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարել է «քարտեզագրել» բնակարանային գողությունների համար մայրաքաղաքի ամենառիսկային գոտիները, հսկողության տակ առնել հանցագործների՝ այդ հատվածներ ելումուտի այլընտրանքային բոլոր երթուղիները և վարչական շրջանների, համատիրությունների գործուն մասնակցությամբ գործնական միջոցներ ձեռնարկել բազմաբնակարան շենքերն անվտանգությունն ապահովող սարքերով կահավորելու ուղղությամբ:

Դավթյանը խնդիր է դրել բնակարանային գողությանը վերաբերող գործերով քննությունները վերապահել բացառապես փորձառու քննիչներին և դատախազներին, ինչպես նաև յուրաքանչյուր դեպքի քննության ընթացքում ավելի վաղ կատարված այլ գողության մասին փաստական տվյալներ ստանալիս պարտադիր քննության առարկա դարձնել՝ որքանով են այն ժամանակ քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունները կատարվել լիարժեք, որպեսզի նոր դեպքի բացահայտման դեպքում բավարար ապացուցողական բազա ապահովվի նաև նախկին գողության կատարման մեջ անձի մեղավորությունը հիմնավորելու համար: Եվ բոլոր այն դեպքերում, երբ կպարզվի, որ այդ ուղղությամբ անհետաձգելի գործողությունները կատարվել են բացթողումներով ու թերություններով, տալ համապատասխան իրավական գնահատականներ:

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը տեղեկացրել է, որ քաղաքապետարանը միջոցներ է ձեռնարկել մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերը տեսագրող սարքերով և կոդավորված փականներ ունեցող դռներով կահավորելու ուղղությամբ, սակայն առաջիկայում գործընթացն ավելի կակտիվացվի:

2018թ. Երևան քաղաքում արձանագրված կոռուպցիոն հանցագործությունների զանգվածում զգալի են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու 111 (2017թ.՝54), կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության և կաշառք տալու 113 (2017թ.՝99) դեպքերը: Կոռուպցիոն հանցագործությունների թվի աճը պայմանավորվել է դրա դեմ պայքարի աշխատանքների բարելավմամբ:

ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ յուրաքանչյուր կոռուպցիոն հանցագործության դեպքի բացահայտման և պաշտոնատար անձին մեղադրյալի դատավարական կարգավիճակ տալուց հետո պետք է պարտադիր քննարկման առարկա դարձնել նրա նկատմամբ հարկադրանքի միջոցներ կիրառելու՝ պաշտոնավարումը դադարեցնելու հարցը: Միաժամանակ, սակայն, ըստ Արթուր Դավթյանի, անհրաժեշտ է ավելի մեղմ վերաբերմունք դրսևորել բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր վերականգնում են հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը և գործուն աջակցություն ցուցաբերում հանցագործության լիարժեք բացահայտմանը:

2018 թվականի ընթացքում մայրաքաղաքում գրանցվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով անձանց առողջությանն անզգուշությամբ միջին ծանրության կամ ծանր վնաս պատճառելու 563 դեպք, նախորդ տարվա 335 դեպքի դիմաց, այսինքն նման դեպքերն աճել են 228-ով, կամ 68.1%-ով: 15.5%-ով աճել են նաև ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մահ պատճառելու դեպքերը:

Կարևորելով այս հանցագործություններին նպաստող պայմանների վերացման խնդիրը՝ Արթուր Դավթյանը հանձնարարել է վերլուծությամբ առանձնացնել մայրաքաղաքի ճանապարհային երթևեկության այն հատվածները, որտեղ ամենաշատն են արձանագրվում ՃԵԿ խախտումներ, պարզել և վերացնել պատճառները՝ ՃՈ հսկողության ուժեղացման, երթևեկության նշանների տեղադրման կամ փոփոխման և այլ միջոցներով: Հանձնարարվել է նաև առանձնահատուկ ուշադրություն դարձնել ավտովթարների վերաբերյալ ելակետային տվյալների ձեռքբերմանը և նշանակվող փորձաքննությունների արդյունքների հնարավորինս օպերատիվ ստացմանը:

115
թեգերը:
Հայաստան