Արամի 23

«Հայաստանի փոքրիկ երգիչների» պատմական շենքի ճակատագիրը որոշվեց

69
Երևանի քաղաքապետարանը պայմանագրով պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակներում օժանդակել գործընթացին:

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. Երևանի Արամի 23–ի շենքը կվերականգնվի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։

«Երևանի քաղաքապետարանում քիչ առաջ ստորագրվեց Արամի 23 հասցեում գտնվող պատմաճարտարապետական հուշարձան շենքի ամրակայման, վերականգնման և մասնակի բարեկարգման աշխատանքների նախագծման աշխատանքների վերաբերյալ պայմանագիրը:

Պայմանագրի կողմերն են՝ «Հայ փոքրիկ երգիչներ» բարեգործական ասոցիացիա բարեգործական կազմակերպությունը, իտալական «Լուչիո Սպեկա Ստուդիո Արքիթետուրա» ընկերությունը և «Ի Էմ Սի» ՓԲԸ-ը, որը զբաղվում է տարածքի իրացմամբ»,–գրել է Վիրաբյանը:

Ինչպես տեղեկացրել է փոխքաղաքապետը, Երևանի քաղաքապետարանը պայմանագրով պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակներում օժանդակել գործընթացին:

Անմիջապես ստորագրումից հետո կմեկնարկեն աշխատանքները:

Հիշեցնենք` «Հին Երևան» նախագծի շրջանակում 2017 թվականի սեպտեմբերից մինչև 2018 թվականի մարտ ամիսը Երևանի Արամի փողոցում աշխատանքներ էին իրականացվում, որոնց ժամանակ խախտվել է պատմամշակութային հուշարձանների պահպանության և օգտագործման մասին օրենքը։ Մասնավորապես, 11 մետրանոց փոս է փորվել, որը նորմերին չի համապատասխանել։

Երգչախմբի գլխավոր դիրիժոր, պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանը մեղադրել է «Հին Երևան» նախագծի հեղինակ Լևոն Վարդանյանին, որ վերջինս է ծրագրել այդ բոլոր գործողությունները, քանի որ հանդես էր գալիս պատմական շենքը քանդելու օգտին։

Ավելի վաղ ՀՀ մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության վարչության պետ Արմեն Աբրոյանն հայտարարել էր, որ շենքը հնարավոր էր փրկել, եթե հիմքը ժամանակին ամրացվի։ Նրա խոսքով` նախկին քաղաքային իշխանությունը թույլատրել է շինարարական աշխատանքներ իրականացնել առանց մշակույթի նախարարության համաձայնության, որը բազմիցս հայտարարել էր շինարարական նորմերը խախտելու մասին։ Միակ բանը, որ հաստատել էր Մշակույթի նախարարությունը «Հին Երևան» նախագծի շրջանակում` «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի շենքի հիմքը ամրացումն է։

69
թեգերը:
Երևան
Ըստ թեմայի
Անդունդի եզրին. Երևանի Արամի 23 հասցեի մշակութային հուշարձան շենքը փլուզվում է
Արամի 23. ի՞նչ վիճակ է փլուզված պատով պատմամշակութային հուշարձան շենքի ներսում