Սերժ Սարգսյան,  արխիվային լուսանկար

Սերժ Սարգսյանին որևէ մեղադրանք չի առաջադրվել. ՀՔԾ

99
ՀՀ նախկին նախագահը որևէ գործով չի մեղադրվում։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին այս պահին որևէ մեղադրանք առաջադրված չէ։ Sputnik Արմենիային այս մասին ասաց Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը` մեկնաբանելով «Հրապարակ» օրաթերթի հրապարակած տեղեկությունը։

Հիշեցնենք` թերթի այսօրվա համարում գրված էր. «Ակտիվորեն սկսել են շրջանառվել լուրեր, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվելու, անգամ կալանք են կիրառելու»: Պարբերականը նշել էր նաև, որ Սարգսյանին երեկ երրորդ անգամ են հարցաքննել և 1500 հարցից կազմված հարցաշար են ներկայացրել նրան։

«Սերժ Սարգսյանը որևէ գործով մեղադրյալի կարգավիճակ չունի»,– Sputnik Արմենիային ասաց Օհանջանյանը։

Հիշեցնենք` 2008 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարել էր, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին վերահաշվարկել քվեները։

Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ էին իրականացրել «տեղանքը ստուգելու» համար, որի արդյունքում հազարավոր ցուցարարների հեռացրել էին հրապարակից։

Մարտի 1-ի երեկոյան ԶՈՒ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ էին իրականացրել։ Արդյունքում հարյուրավոր մարդիկ վնասվածքներ էին ստացել, մահացել էին 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։

10 տարի չբացահայտված մնացող քրեական գործը թավշյա հեղափոխությունից հետո ՀՔԾ-ում նոր թափ է ստացել։ Հունիսի 3-ին մեղադրանք է առաջադրել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին ու նրա նկատմամբ հայտարարել հետախուզում։

99