Տիգրան Խաչատրյան

Կառավարությունը մեծ խաղի կազմակերպիչն ու կարևոր մասնակիցն է. Խաչատրյան

147
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը կարծում է, որ կառավարության ծրագիրը վերացական չէ։ Դրանում կան հստակ թվեր ու չափելի ցուցանիշներ։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. Կառավարության կազմի ոչ ամբողջական լինելը Սահմանադրության խախտում չէ: Այսօր` փետրվարի 8-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: Իսկ կառավարության կառուցվածքի շուրջ վերջնական քննարկումները վարչապետի մոտ, նրա խոսքով, տեղի կունենան այսօր:

«Օրվա վերջին հավանաբար կոնկրետ որոշված շրջանակ կլինի ու այդ մասին նաև լրատվամիջոցները կտեղեկացվեն»,- ասաց նա:

Մեկնաբանելով ՀՀ վարչապետի հայտարարությունն այն մասին,որ կառավարության ծրագրով Հայաստանում մեկնարկում է տնտեսական հեղափոխությունը, Խաչատրյանն ասաց, որ տնտեսական հեղափոխությունը պետք է իրականացնեն տնտեսության մասնակիցները, իսկ կառավարությունն «այդ մեծ խաղի մեկ կարևոր կազմակերպիչն ու մասնակիցն է»:

Նախարարը չհամաձայնեց կառավարության ծրագրի վերաբերյալ այն քննադատություններին, թե դրանում բացակայում են թվային կոնկրետ ցուցանիշները:

«Երկու շատ կարևոր ցուցանիշ կա կառավարության ծրագրում: Կառավարությունը հայտարարել է, որ տնտեսական աճի շարժիչը լինելու է ապրանքների ու ծառայությունների արտահանումը կամ ՀՀ–ում ստեղծված արդյունքների` արտերկրի շուկաներում իրացումը: 2018թ-ի արդյունքներով, ես կարծում եմ, դեռևս վերջնական ցուցանիշներ հայտարարված չեն, բայց ունենք ապրանքների արտահանման աճ` ՀՆԱ-ի նկատմամբ 38 տոկոսի չափով: Հայտարարվել է, որ այդ ցուցանիշը կհասնի 43-45 տոկոսի: Դա հնարավոր է այն պայմաններում, երբ մենք յուրաքանչյուր տարի ունենանք արտահանման 8-10 տոկոս աճ»,- ասաց նա:

Երկրորդ ցուցանիշը, նախարարի խոսքով, զուտ ներդրումների աճն է, որը 2023թ-ին պիտի հասնի 23-25 տոկոսի` ներկայիս 18-19-ի փոխարեն:

ՀՀ կառավարության ծրագիրը հաստատվեց այսօր` փետրվարի 8-ին։ Այն առաջիկայում կքննարկվի խորհրդարանում։ Սահմանադրության համաձայն` ծրագիրը պետք է քննարկվի և ընդունվի 7-օրյա ժամկետում։

147
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Մարգարյան. «Ավելի լավ կլիներ` «50 քայլը» ներկայացվեր որպես կառավարության ծրագիր»
Ինչու է ՌԴ–ն կենտրոնական տեղ զբաղեցրել ՀՀ կառավարության ծրագրում. քաղաքագետի պարզաբանումը
Կառավարության ծրագիրն «Իմ քայլի» նախընտրական խոստումներից վատն է.տնտեսագետը` «սփամի» մասին