Արմեն Սարգսյան

Նախագահ լինելն աշխատանք է և միաժամանակ նաև առաքելություն. Արմեն Սարգսյանի հարցազրույցը

95
ՀՀ նախագահը հարցազրույց է տվել Society ամսագրին, պատմել Հայաստանի, իր անելիքների, նախագահ լինելու, ժամանակի կարևորության և գիրք կարդալու մասին։ Սարգսյանը խոսել է նաև Հայաստանի գործընկերների մասին։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ավստրիական Society ամսագրին՝ խոսելով Հայաստանի պատմության, նախագահի պաշտոնում իր գործառույթների, հայ-ավստրիական հարաբերությունների և այլ հարցերի շուրջ:

- 2018 թվականի ապրիլից զբաղեցնում եք Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը: Մի փոքր պատմեք ձեր երկրի մասին:

- Հայաստանը մշտապես ունեցել է դինամիկ, փոթորկալից և պատմական իրադարձություններով հարուստ անցյալ՝ ինչպես մշակույթի,արվեստի և երաժշտության, այնպես էլ, դժբախտաբար, ողբերգությունների տեսանկյունից: Ավելի քան 1700 տարի առաջ հայերն աշխարհում առաջինն էին, որ դարձան քրիստոնյա: 11-րդ դարում հայ Բագրատունիները կորցրին Հայաստանում իրենց թագավորությունը: Ավելի ուշ,կորցրեցինք Կիլիկիայի հայկական թագավորությունը, որը խաչակիրների հիմնական ամրոցն էր: Չնայած այս կորուստներին, հայերը մշտապես եղել են լավ կազմակերպված ու ակտիվ ազգ, որն ուժ է ստացել եկեղեցուց և այն շրջապատող համայնքներից:

20-րդ դարասկզբին հայերն առերեսվեցին Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ողբերգությանը, որի հետևանքով միլիոնավոր մարդիկ կորցրին իրենց կյանքը: Ամեն ընտանիք իր պատմությունն ունի՝ կապված այդ ողբերգական իրադարձության հետ: Իմ տատիկի ընտանիքն այդ ցեղասպանության պատճառով կորցրեց իր առաջին երեխային: Այս ողբերգական դեպքը պատճառ դարձավ ողջ աշխարհում հայկական Սփյուռքի առաջացման՝ Միացյալ Նահանգներից մինչև Ավստրալիա կամ Ֆրանսիա: Դրանից հետո մենք 100 տարի առաջ հռչակեցինք մեր անկախությունը, սակայն 1918 թվականին Հայաստանի առաջին հանրապետության հռչակումից կարճ ժամանակ անց երկիրը Խորհրդային Միության մաս կազմեց: Կազմավորման ավարտից հետո խնդիրներ ի հայտ եկան՝ մասնավորապես Լեռնային Ղարաբաղում և այլուր: Մենք հուսով ենք կարգավորել այդ խնդիրը 21-րդ դարում։

- Նախքան Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելը Դուք եղել եք Մեծ Բրիտանիայի դեսպանը, այսինքն կարելի է ասել՝ Դուք գիտեք դիվանագիտությունն իր ողջ հմայքով:

- Դիվանագիտությունն արհեստ է, և ես բախտ եմ ունեցել հանդիպել դրա լավագույն մասնագետներին: Կարելի է ասել, որ մինչ այս ես մի քանի կյանք եմ ունեցել: Առաջինը նշանավորվեց տեսական ֆիզիկայի ու հարաբերական աստղաֆիզիկայի նկատմամբ իմ մեծ կրքով: Ավելի ուշ ես դարձա դիվանագետ՝ ծառայության անցնելով շատ երկրներում, անգամ՝ յոթ երկրում միաժամանակ, ապա՝ որպես Եվրոպայի ավագ դեսպան: Երրորդ փորձառությունս արդեն խորհրդատվական գործունեության ոլորտում էր՝ այնպիսի խոշոր ընկերությունների համար, ինչպիսին British Petroleum-ն է, ում աջակցում էի Եվրասիայում բիզնես գործունեություն ծավալելու հարցում: Ես նաև գրասենյակներ եմ ունեցել Վիեննայում՝ որպես բարձր տեխնոլոգիական ընկերության ոչ գործադիր խորհրդատու: Մենք ստեղծել ենք խաղեր, որոնք հիմնականում ներկայացվել են Չինաստանում և Կորեայում:

Նախագահ լինելը աշխատանք է և միաժամանակ նաև առաքելություն, քանի որ այն մի կողմից ինձ համար որպես Հայաստանի նախագահ, պարտականությունն է, բայց մյուս կողմից՝ ես այն հաճույքով եմ կատարում։

- Որպես Հայաստանի Հանրապետության նախագահ՝ որո՞նք են Ձեր հիմնական նպատակները:

- Ամենակարևոր կետերը հետևյալն են՝ հարթել խնդիրներն ու առհասարակ՝ զարգացնել Հայաստանը: Մեր ազգը 21-րդ դարում մեծ հնարավորություններ ունի: Մեր ուժը ոչ թե բնական պաշարներն են, այլ մարդկային ռեսուրսները: Մենք փոքր պետություն ենք, բայց համաշխարհային ազգ: Օրինակ` Ռուսաստանում բնակվում են նույնքան հայեր, որքան հենց Հայաստանում: 21-րդ դարում դա առավելություն է, քանի որ մոլորակն ավելի է փոքրանում, իսկ կյանքը դառնում է ավելի արագ:

Աշխարհում խոշորագույն ընկերություններն այլևս նավթային կամ գազային ընկերությունները չեն, այլ տեղեկատվական տեխնոլոգիական ընկերություններն են, ինչպես, օրինակ, Apple-ը և Google-ը: Հայաստանը հնարավորություն ունի լինել, այսպես կոչված, վիրտուալ մետաքսե ճանապարհի՝ տեխնոլոգիաների ու հաղորդակցության առևտրային ուղու մի մասը: Այս մետաքսի ճանապարհն արդեն գոյություն ունի՝ որպես համաշխարհային ցանց այն մարդկանց, ովքեր միացած են իրար վիրտուալ կերպով, և սա է այն դաշտը, որտեղ կարող ես տարածել քո ազդեցությունն այսօր: Սա կարող է լինել Հայաստանի դարը, եթե մենք օգտագործենք տարբեր հասարակություններում հաջողությամբ ինտեգրված, բարձր կրթական մակարդակ ունեցող և գլոբալ ազգ լինելու մեր առավելությունը: Ի հավելումն՝ նշեմ, որ մենք մեր տարածաշրջանի միակ երկիրն ենք, որն ամուր կապեր ունի թե՛ Եվրամիության, թե՛ Եվրասիական տնտեսական միության հետ:

Խորհրդարանական հանրապետությունում նախագահը երկրի գործադիր ղեկավարը չէ, սակայն նա գործում է իբրև երկրի գլուխ՝ ազգի համար ցույց տալով ուղին, տեսլականը կամ ռազմավարությունը: Այս աշխարհի միտումների հետ ներդաշնակորեն կարող է աշխատել միայն այն գաղափարը, որը հստակ ծրագիր ունի: Նախագահը պետք է հասկանա ուժեղ և թույլ կողմերն ու գտնի աշխարհում իր երկրի տեղը: Աշխարհը դառնում է ավելի փոքր ու փոխկապակցված, ուստի Հայաստանի ազգային շահերը գտնվում են դրա սահմաններից դուրս:

- Ովքե՞ր են աշխարհում ձեր հիմնական գործընկերները:

- Պատմականորեն մենք լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ: Նախկինում, Հայաստանի մի հատվածը մաս է կազմել Ռուսական կայսրության, և դժվարին ժամանակներում մենք ստացել ենք Ռուսաստանի աջակցությունը: Մենք նաև շատ լավ կապեր ունենք մեր հարևանների՝ Իրանի ու Վրաստանի հետ: Սերտ հարաբերությունների մեջ ենք Եվրոպայի հետ: Պատմականորեն Հայաստանը եղել է խաչմերուկ Արևելքի ու Արևմուտքի միջև:

Ընդհանրապես, Հայաստանը պետք է շարունակի խորը և բարիդրացիական հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, խորացնել կապերը Եվրամիության ու Չինաստանի, ինչպես նաև շատ լավ հարաբերություններ պահպանել Միացյալ Նահանգների ու մյուս երկրների հետ:

- Ձեր երկիրը վերջերս շատ մեծ աճի ցուցանիշ գրանցեց: Ո՞րն է դրա պատճառը:

- Այստեղ կարող են մի քանի պատճառներ լինել. կառավարությունը լավ է աշխատել, մարդիկ տքնաջան աշխատել են, միջազգային պայմանները բարենպաստ են եղել կամ էլ պատճառն այս բոլոր գործոններն են միասին վերցրած: Սակայն կարծում եմ, որ կարող ենք ավելի բարձր աճի ցուցանիշ գրանցել: Հայաստանն ունի տարածաշրջանում լավագույն բանկային և ՏՏ ոլորտներից մեկը:

- Ի՞նչ եք մտածում Ավստրիայի և Հայաստանի միջև հարաբերությունների մասին:

- Ես պատրաստ եմ խորացնել մեր հարաբերությունները: Մենք բարձր ենք գնահատում ձեր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, ինչպես նաև ձեր աջակցությունն այն գաղափարին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը քաղաքական ճանապարհով այլընտրանք չունի: Ակնկալում եմ ապագայում քննարկումներ ունենալ Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենի, կառավարության և վարչապետի հետ՝ առաջ մղելու և զարգացնելու մեր հարաբերությունները ոչ միայն քաղաքական, այլև մշակութային հարթակներում: Ինչ-որ առումով ես նաև ավստրիական մշակույթի դեսպանն եմ, քանի որ մինչ օրս 18 տարի շարունակ այցելել եմ Ֆուշլ լիճ և Զալցբուրգ (խմբ.- ավստրիական Զալցբուրգ քաղաքում ամեն տարի ամռանը կազմակերպվում է երաժշտական փառատոն). կա՞ մեկ այլ նախագահ, ով արել է նման բան:

- Ո՞րն է եղել Ձեզ վրա խորը ազդեցություն թողած վերջին գիրքը:

- Ընդհանրապես, ես շատ եմ կարդում, սակայն գիրքը, որով ներկայում ամենաշատն եմ տարված, այն գիրքն է, որի վրա աշխատում եմ: Գիրքն այն մասին է, թե ինչպես է գործում քաղաքականությունը 21-րդ դարում, և ես այն անվանել եմ «Քվանտային քաղաքականություն»:

- Ձեր կարծիքով, ի՞նչն է կյանքում ամենակարևորը:

- Կյանքում շատ կարևոր բաներ կան. ժամանակը, օրինակ, դրանցից մեկն է:

Բոլորս այս մոլորակի վրա ունենք որոշակի ժամանակ, և կան շատ քիչ բաներ, որոնք ժամանակից ավելի արժեքավոր են, ինչպես սերը մերձավորներիդ կամ երկրիդ հանդեպ: Դու կարող ես զոհաբերել ժամանակդ հանուն սիրո: Ուստի, եթե չես սիրում քո աշխատանքը, ինչո՞ւ պետք է այն անես:

95
թեգերը:
Արմեն Սարգսյան, Հայաստան