Ռոբերտ Քոչարյան

Դատարանը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով որոշումը

525
(Թարմացված է 12:15 07.02.2019)
Ռոբերտ Քոչարյանը մնաց կալանքի տակ։ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց որոշումը։

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը` Մնացական Հարությունյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը:

Դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանների ներկայացրած բողոքը` Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքը թողնելով ուժի մեջ։ Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը ներկա էր դատական նիստին։

Հիշեցնենք` Վերաքննիչ դատարանում Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը սկսվել էր հունվարի 29-ին։ Քոչարյանի փաստաբանները դատարանում ներկայացրել էին իրենց բողոքը, մեղադրանքի կողմը դատարանին խնդրել էր ժամանակ տրամադրել դրան ծանոթանալու և հակափաստարկներ ներկայացնելու համար: Դռնփակ դատական գործընթացի ընթացքում շուրջ 2 ժամանոց ելույթով հանդես էր եկել նաև Ռոբերտ Քոչարյանը։

Նրա պաշտպան Հայկ Ալումյանի փոխանցմամբ` իր ելույթում Քոչարյանն ասել է, որ 2008 թ–ի փետրվարի 23-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարել է 2 գործողություն` փետրվարի 23-ին հրավիրել է ՊՆ ղեկավար կազմի խորհրդակցություն և մարտի 1-ին հայտարարել է արտակարգ դրություն։ Ռոբերտ Քոչարյանը շեշտել է, որ արտակարգ դրություն հայտարարելու մասին իր հրամանագրի սահմանադրականությունը մինչ օրս ՍԴ–ում չի վիճարկվել։ Այն ընդունվել է Սահմանադրության համապատասխան դրույթին համահունչ` անմիջապես գումարվել է ԱԺ նիստ, ԱԺ–ն քննարկել է և տվել իր համաձայնությունը, հետևաբար, չի կարող որակվել որպես սահմանադրական կարգի տապալում։

Հիշեցնենք` 2019թ–ի հունվարի 18-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը 2 ամսով երկարացնելու վերաբերյալ և մերժել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին:

525
թեգերը:
«Մարտի 1–ի» գործով դատավարություն, Ռոբերտ Քոչարյան
թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (142)
Ըստ թեմայի
Քոչարյանի պաշտպանների կողմից ՄԻԵԴ ներկայացված գանգատները գրանցվել են
Վերաքննիչ դատարանը չեղարկել է Մարտի 1–ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարի կալանավորումը
ՀՀԿ–ի իրավաբանները պատրաստվում են պաշտպանել Սերժ Սարգսյանին. «Հրապարակ»