Արսեն Թորոսյան, արխիվային լուսանկար

Ինչպես է Արսեն Թորոսյանն իր թիմի հետ լուծելու առողջապահության ոլորտի խնդիրները

65
Առողջապահության նախարարը ներկայացրել է ոլորտի զարգացմանն ու Հայաստանի բնակչության առողջության մակարդակի բարձրացմանն ուղղված նախագիծը։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Հայաստանի կառավարության քաղաքականությունն ուղղված է լինելու առողջապահական ապահովագրության ժամանակակից համակարգի ներդրմանը, բնակչությանն ավելի որակյալ ծառայությունների մատուցմանը։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebok սոցիալական ցանցի իր էջում կառավարության ծրագրի այն հատվածը, որը վերաբերում է առողջապահության ոլորտին։

Կառավարության քաղաքականությունն ուղղված է լինելու անհատի և հանրային առողջության պահպանմանն ու բարելավմանը` ապահովելով արդիական, բարձր որակի և համապարփակ առողջապահական ծառայությունների մատուցումը:

Առողջապահության ոլորտի զարգացման ապահովումն իրականացվելու է՝ գերակա գործոն դիտարկելով վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման ու վաղ հայտնաբերման ուղղությունների զարգացումը: Սրա շրջանակներում պետք է ամրապնդել և զարգացնել առողջապահության առաջնային օղակը, խթանել առողջ ապրելակերպի տարածումը և շարունակել սքրինինգային ծրագրերի ընդլայնումը:

Քաղաքացիների համար առողջապահական ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովման համար անհրաժեշտ է հետևողականորեն շարունակել բժշկական ապահովագրության այնպիսի համակարգի ներդրումը, որ բժշկական օգնության և բժշկական սպասարկման անհրաժեշտություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացու պատշաճ և ժամանակին տրամադրվեն այդ ծառայությունները՝ անկախ սեռից, տարիքից, բնակության վայրից և սոցիալական կարգավիճակից: Կառավարությունը պետք է մեղմի սոցիալապես անապահով խավերի և որոշակի խմբերի ապահովագրական ծախսերը:

Հատուկ ուշադրության կենտրոնում են լինելու մոր և մանկան առողջության պահպանման, վերարտադրողական առողջության բարելավման, վաղ մանկության շրջանի և դեռահասության առողջապահական խնդիրները, սրտանոթային և քաղցկեղային հիվանդությունների բուժման և վերահսկման արդյունավետության բարձրացումը:

Կառավարության համար կարևոր է լինելու բուժանձնակազմի մասնագիտական կարողությունների և պատրաստվածության շարունակական բարձրացման ու զարգացման խնդիրը, առողջապահական համակարգում մարդկային ներուժի համապարփակ և համալիր զարգացման, բժշկական օգնության որակի կառավարման և վերահսկման բարելավումը, այդ թվում՝ միջազգային ստանդարտներին համապատասխանող կլինիկական ուղեցույցների, ընթացակարգերի ներդրումը:

Նշված նպատակներին հասնելու համար կարևոր են լինելու էլեկտրոնային առողջապահության ամբողջական ներդրումը, առողջապահական և բժշկական տվյալների թվայնացումը, բժշկագիտության և դեղարտադրության ոլորտի զարգացումը: Դեղերի որակի, անվտանգության, արդյունավետության և նշանակման, բաշխման վերահսկողության արդյունավետ համակարգերի ներդրումը նույնպես առանցքային ուղղություններից է լինելու։

Հիշեցնենք` ըստ ՀՀ սահմանադրության ու «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին օրենքի»` կառավարության կազմը հաստատելուց հետո 20-օրյա ժամկետում ՀՀ կառավարությունը պետք է ներկայացնի իր գործունեության ծրագիրը:

Գործադիրի այսօրվա նիստում կառավարության նախագիծը չհաստատվեց։

Կառավարության անդամները որևէ դիտողություն չարեցին ծրագրի բովանդակային մասի վերաբերյալ։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շեշտեց, որ ծրագրի հիմքը «Իմ քայլը» դաշինքի ծրագիրն է։

Քանի որ կառավարությունը մինչև ուրբաթ դեռ ժամանակ ունի, որոշվեց որոշ շտկումներ անելուց հետո ուղարկել խորհրդարան։

Կառավարության ամբողջական տեքստը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում (23-րդ կետ, հավելված)։

65
թեգերը:
Արսեն Թորոսյան, Հայաստան