Նիկոլ Փաշինյան

Գիտնականները գործազուրկ չեն դառնա. կառավարությունը հետողորմյա արեց

334
Փաշինյանը հայտարարեց, որ որոշում ընդունելուց առաջ նախ պետք է մանրամասն ուսումնասիրվեն դրա հնարավոր հետևանքները։

ԵՐԵՎԱՆ, 6 փոտրվարի – Sputnik. Բուհերի լաբորատորիաներն ու գիտահետազոտական կենտրոնները կշարունակեն ստանալ պետական ֆինանսավորում։ Կառավարությունն այս որոշումը կայացրեց այսօր՝ վերանայելով ֆինանսավորումը դադարեցնելու մասին նախկին որոշումը։

Ներկայացնելով նոր որոշման նախագիծը՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ որոշվել է պետական ֆինանսավորումը երկարաձգել ևս մեկ տարով՝ մինչև 2019թ-ի ավարտը։

«Մտահոգության առիթ էր տվել այն, որ գիտնականները կմնան առանց աշխատանքի։ Ես ուզում եմ հասկանալ՝ ինչն է պատճառը. մենք դեկտեմբերին որոշում էինք կայացրել առանց խնդիրն ուսումնասիրելու ու հիմա հետողորմյա՞ ենք անում», - որոշման նախագծի ներկայացումից հետո հարցրեց վարչապետը։

Նախարարը խոստովանեց՝ որոշումն ընդունվել էր առանց այդ խնդիրը հաշվի առնելու։ Այդուհանդերձ, կառավարությունը մնում է այն տեսակետին, որ գիտությունը չի կարող ֆինանսավորել առանց արդյունք տալու։

«Մենք պետք է ոչ թե գնանք դրսից փորձագետ բերենք, այլ պետք է մեր ուսումնասիրությունները պատվիրակենք մեր գիտական ոլորտին։ Մենք պետք է մեր գիտական ներուժն օգտագործենք, և իրենք էլ պետք է իրենց ինտեգրված լինեն բարեփոխումների գործընթացին»,- ասաց Փաշինյանը։

Այդուհանդերձ, որոշումն ընդունվեց միայն 2019թ-ի համար։

2020 թ-ից սկսած` պետական ֆինանսավորումը կդադարեցվի։

Գիտական կազմակերպությունները գումար կստանան միայն հայտարարված ծրագրային մրցույթներում հաղթելուց հետո։

Փաշինյանը հայտարարեց, որ որոշում ընդունելուց առաջ նախ պետք է մանրամասն ուսումնասիրվեն դրա հնարավոր հետևանքները։

Հիշեցնենք` կառավարության նախորդ որոշումից հետո միայն Երևանի պետական համալսարանի 450 աշխատակից ստացել էին աշխատանքից ազատվելու ծանուցումները։

334