Բանտ

Արթուր Հովհաննիսյանը կարող է մահանալ բանտում. պետությունը չի ցանկանում կիրառել համաներումը

171
Համաներման արժանացած դատապարտյալի հարազատներն անհանգստացած են նրա առողջության ու կյանքի համար։ Մինչ պետությունը ձգձգում է համաներման կիրառումը, դատապարտյալի առողջությունն ավելի է վատանում։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Շորթման համար 6 տարվա ազատազրկման ենթարկված Արթուր Հովհաննիսյանն արդեն 3 տարի է, ինչ կրում է պատիժը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ 2018թ–ի համաներման մասին օրենքով նա ազատվել է պատժից։ Բայց մինչ օրս մնում է ազատազրկված։

Հովհաննիսյանի դատապաշտպան Արմինե Ֆանյանի խոսքով` պատճառը ՔԿՀ–ում նրա նկատմամբ հարուցված երկրորդ քրեական գործն է։ Դրանով Արթուր Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել դատապարտյալների հիվանդանոցից «Մեթադոն» տեսակի թմրամիջոց ձեռք բերելու ու իր ներքնակի տակ պահելու համար։ Առաջին ատյանի ու Վերաքննիչ դատարաններն այս մեղադրանքը չեն հաստատել` արդարացնելով Արթուր Հովհաննիսյանին։ Բայց մեղադրող կողմը դիմել է նաև Վճռաբեկ ատյան։

«Արդարացված անձի նկատմամբ պետությունը համաներման ակտը չի կիրառում, ասում է` թող ուժի մեջ մտնի, գուցե բեկանվի։ Հերթական արդարացման ակտը եղել է նոյեմբերին։ Անգամ Վերաքննիչի արդարացումից հետո չեն կարողանում հասնել նրան, որ անձը իր տուն գնա` պատժի ½-ը կրած։ Այն դեպքում, երբ պատժի 1/3-ը կրելուց հետո անգամ նա արդեն ենթակա է համաներման»,– ասում է փաստաբանը։

Ֆանյանն այս հարցով դիմել է արդարադատության նախարարին` հորդորելով իր պաշտպանյալի նկատմամբ կիրառել համաներման մասին օրենքը, բայց մինչ օրս ոչ մի պատասխան չի ստացել։

«Պաշտպանյալիս պնդմամբ` իր նկատմամբ նախատրամադրվածություն կա, Վճռաբեկ դատարան ներկայացված բողոքը ևս միտում ունի շուրջ 4 ամսով հետաձգելու նրա ազատման գործընթացը»,– ասում է փաստաբանը` հավելելով, որ դատարանի ծանրաբեռնվածության պարագայում Արթուր Հովհաննիսյանի գործով նիստը կկայանա ամենաշուտը ապրիլ–մայիս ամիսներին։

Մինչ այդ, սակայն, դատապարտյալի հարազատներն անհանգստացած են, որ նրա կյանքը կարող է ավելի շուտ ընդհատվել։

Քույրը` Սուսաննա Ղահրամանյանը, պատմում է, որ Արթուր Հովհաննիսյանի ողնաշարը պրոթեզավորված է եղել նախքան ձերբակալությունը։ Ձերբակալման ժամանակ իրավապահները վնասել են պրոթեզը`որևէ պատասխանատվություն չկրելով դրա համար։ Այդ պահից սկսած` Արթուրի առողջական վիճակը սկսել է վատանալ։

«Ոտքերի վիճակը շատ վատ է, անզեն աչքով երևում է, բաց վերքեր ունի, ոտքերից արտադրություն է հոսում։ Նույնիսկ ձմեռը չի կարողանում տաբատ հագնել, շորտով է ման գալիս»,– պատմում է քույրը։

Артур Оганесян
© Sputnik / Nelly Danielyan
Արթուր Հովհաննիսյանի ոտքերը

Արթուրին բուժօգնություն ցույց տալու բոլոր փորձերը, նրանց խոսքով, հանդիպում են ՔԿՀ–ի ղեկավարության դիմադրությանը։ Ընտանիքի հրավիրած բժշկին թույլ չեն տվել անգամ հետազոտություն իրականացնել` պարզելու համար, թե իրականում ինչ վիճակում է նրա առողջությունը։

«Տունը գրավ դրեցինք, արտասահմանից բժիշկներ հրավիրեցինք, որ գան, վիրահատեն։ Բժիշկները ժամանեցին Հայաստան, բայց վիրահատելու թույլտվություն չստացան, նորից հետ գնացին, մենք էլ ընկանք ֆինանսական խնդիրների մեջ»,– պատմում է քույրը։

Հենաշարժական համակարգի խնդիրներ, սրտի փորոքների լայնացում, հեպատիտ A և C, ենթաստամոքսային գեղձի բարդացում, գայմարիտ, ստամոքսի 3 խոց, զարկերակային խրոնիկ բարձր ճնշում. սա արթուր Հովհաննիսյանի հարազատների թվարկած հիվանդությունների ոչ ամբողջական ցանկն է։ Դատաբժշկական փորձաքննության արդյունքում նրան տրվել է հաշմանդամության 3-րդ կարգ, ՔԿՀ ղեկավարությունը որոշել է, որ Հովհաննիսյանը հիվանդանոցային բուժման կարիք չունի։

«Արթուրն ասաց, որ բերդում կոմայի մեջ է ընկել, բայց ոչ մի ուշադրություն չեն դարձրել։ Հիվանդություններն օրեցօր սրվում են, ու նա ոչ մի բուժում չի ստանում, միայն ցավազրկող են տալիս»,– ասաց քույրը։

Նա ցույց տվեց պատկան կառույցներին, ներկա ու նախկին նախագահներին, վարչապետներին, արդարադատության նախարարներին ուղղված ու առ այսօր անպատասխան մնացած իրենց նամակների տրցակը։

Հարազատների ու փաստաբանի խոսքով` Արթուրը դատապարտվել է ընկերոջն օգնելու պատճառով։

Ընկերը` Արայիկ Զաքարյանը, լավ հարաբերություններ է ունեցել Ռուսաստանում շինարարական բիզնեսով զբաղվող ՌԴ քաղաքացի Արմեն Բաբլոյանի հետ։ Տեղեկանալով, որ ժամանակին նրա մոտ աշխատած Տիգրան Մարգարյանին Բաբլոյանը 3 մլն ռուբլի աշխատավարձի պարտք ունի և չի վճարում, որոշել է օգնել նրան` նախ համոզելով, հետո` սպառնալով։ Սակայն, Բաբլոյանը վստահեցրել է, որ ոչ մի պարտք գոյություն չունի։

Ըստ գործի նյութերի` 2015 թվականի ամռանը Արայիկ Զաքարյանը Խաբարովսկ քաղաքում նորից հանդիպել է Բաբլոյանին, և այդ ընթացքում եղել է ընկերոջ` Արթուր Հովհաննիսյանի հետ։ Երկուսով համոզել, հորդորել են Տիգրան Մարգարյանին տալ 3 միլիոն ռուսական ռուբլին, սակայն նա մնացել է անդրդվելի, հրաժարվել է կատարել պահանջը։

Այդ պահից սկսած նրանք պարբերաբար զանգահարել ու սպառնացել են գործարարին։ Իսկ 2015 թվականի դեկտեմբերի 13-ին, տեղեկանալով, որ նա ընտանիքով ժամանել է Հայաստան` վատառողջ մորը տեսակցելու և բնակվում է Եղեգնաձոր քաղաքում, գնացել են նրա բնակարան, ուժով բացել դուռը, սպառնալիքներով պահանջել վերադարձնել պարտքը։ Ընտանիքի անդամներն ահազանգել են ոստիկանություն։

Ի դեպ, հարազատների պնդմամբ, Արթուրի ընկեր Արայիկ Զաքարյանն արդեն կրել է պատիժն ու ազատվել։ Իսկ նա համաներման օրենքից հետո էլ շարունակում է մնալ անազատության մեջ։

171
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Համաներվածը. ոստիկանները հայտնաբերեցին առևանգված Opel-ը և առևանգողին
30 համաներվածները 42 նոր հանցագործություն են կատարել. Ոստիկանություն
«Նորք Մարաշ» զինված խմբի անդամները պետք է համաներվեն «Սասնա ծռերի» պես. փաստաբան