Զարուհի Մեջլումյան

Ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանի կինն ազատվել է աշխատանքից. «Հրապարակ»

1163
(Թարմացված է 15:07 05.02.2019)
Մհեր Ենոքյանի ներման խնդրի հետ կապված հաճախ էր արծարծվում, որ կինն աշխատում է ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. ՀՀ պետական վերահսկողական ծառայության Լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Զարուհի Մեջլումյանն ազատվել է աշխատանքից: Այս մասին հայտնում է hraparak.am–ը` հղում անելով սեփական աղբյուրին։

Պարբերականը հիշեցնում է, որ վերջին շրջանում ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի ներման խնդրի հետ կապված սոցցանցերում բարձրացված աղմուկի ժամանակ անվերջ շեշտվում էր նրա կարգավիճակը։

«Ըստ մեր աղբյուրների` դա է պատճառ դարձել աշխատանքից ազատվելու դիմում գրելու համար»,– գրում է կայքը:

Sputnik Արմենիան փորձեց ճշտել այս տեղեկությունը, սակայն Մեջլումյանի հեռախոսն անջատված էր, իսկ ՊՎԾ–ում ո՛չ հերքեցին, ո՛չ հաստատեցին լուրը։

23 տարի առաջ կատարված սպանության համար մեղադրված, նախ մահապատժի, ապա ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանին ներում շնորհելու հնարավորության մասին լուրը հանրային մեծ իրարանցում էր առաջացրել։

Փետրվարի 2-ին Զարուհի Մեջլումյանը հայտարարեց, որ Ենոքյանին ներում չի շնորհվել։ Նա իր գրառման մեջ նշել էր, թե ինչն է ազդել Նիկոլ Փաշինյանի որոշման վրա և կետ առ կետ թվարկել է իր դիտարկում

Նշենք, որ նյութը հրապարակելուց մի քանի ժամ անց Sputnik Արմենիայի հետ զրույցում Զարուհի Մեջլումյանը հերքեց իր` աշխատանքից ազատվելու մասին տեղեկությունը։

Հիշեցնենք` 1996թ–ին սպանվել էր Երևանի բժշկական համալսարանի ուսանող, 1975թ–ին ծնված Իոսիֆ Աղաջանովը։ Սպանության համար մեղադրանք էր առաջադրվել համակուրսեցուն` Մհեր Ենոքյանին ու նրա եղբոր դասընկերոջը`Արամ Հարությունյանին։

Քրեական գործի համաձայն` 1996թ. հուլիսի 12-ին Երևան քաղաքի բնակիչ Ենոքյանը, հանցավոր համաձայնության գալով Հարությունյանի հետ, իր համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու և դիակի տեղը հայտնելու համար վերջինիս ծնողներից 20 000 ԱՄՆ դոլար գումար պահանջելու նպատակով, Աղաջանովին տարել են Արամ Հարությունյանի բնակարան, որտեղ շահադիտական նպատակներով և առանձին դաժանությամբ սպանել են Իոսիֆ Աղաջանովին:

Ենոքյանը մետաղյա գործիքով (разводной ключ) հարվածներ է հասցրել Աղաջանովի գլխին, ապա դանակով հարվածել կրծքավանդակին ու աչքին։ Այդ ընթացքում Արամ Հարությունյանը բռնել է Աղաջանովի ոտքերը, իսկ, երբ նա ուշաթափվել ու ընկել է, Ենոքյանի հրահանգով կտրել է Իոսիֆի պարանոցը։

Աղաջանովին սպանելուց հետո նրանք դիակը դրել են նախապես ձեռք բերված բրեզենտե պայուսակի մեջ, դուրս տարել և թաքցրել հողածածկ ճանապարհի եզրով կառուցված բետոնե հենապատի հետևում ու ծածկել քարերով:

Դատաքննության ընթացքում Մհեր Ենոքյանն իրեն մեղավոր չի ճանաչել և այսօր էլ պնդում է, որ մեղավոր չէ։ Դատարանում հայտարարել է, թե փորձել է կանխել հանցագործությունը, բայց չի հաջողվել: Թեև համացանցում հրապարակված տեսանյութում Ենոքյանն իրավապահներին հայտնում է. «Մարդ ենք սպանել» ու նաև որոշ մանրամասներ պատմում այդ սպանությունից։

Արամ Հարությունյանն ի սկզբանե ընդունել է մեղքը` դատապարտվելով 15 տարվա ազատազրկման: Նա արդեն սպառել է պատժաչափն ու, ըստ որոշ լուրերի, հեռացել է Հայաստանից։

Մհեր Ենոքյանը 1996 թվականին դատապարտվել էր մահապատժի, բայց ՀՀ նախագահի 2003 թ-ի ներման հրամանագրով նրա պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։ Գործին կցված փաստացի ապացույցները վարույթի ավարտից հետո ոչնչացվել են։

1163
Ըստ թեմայի
«Մհեր Ենոքյանը հրեշ է». Աղաջանովների ընտանիքը հանդիպում է պահանջում Փաշինյանից
Հայրը սարսափում է դիտել որդու սպանության մասին տեսանյութը. Մհեր Ենոքյանի գործի հետքերով