Զարուհի Մեջլումյան

Մհեր Ենոքյանի կինը հայտարարություն արեց. ինչո՞ւ Փաշինյանը ներում չշնորհեց նրա ամուսնուն

1223
Ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի կինը գիտի, թե ինչն է ազդել Նիկոլ Փաշինյանի որոշման վրա։ Նա կետ առ կետ թվարկել է իր դիտարկումները։

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի կինը` ՀՀ պետական վերահսկողական ծառայության  Լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Զարուհի Մեջլումյանը հայտարարություն է տարածել Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Միամտաբար հավատում էի, որ Նոր Հայաստանում նեղ խմբային շահերը, հակաիրավականությունը, վերօրենսդրական մեթոդները, բիրտ ճնշումները, մարդուն բանտում թաղելու մասին ստորագրությունները չեն կարող ազդեցություն ունենալ հեղափոխական վարչապետի որոշման վրա: Մտածում էի, որ դուխով կնայի փաստերը, կտեսնի, որ Մհերը, անկախ բանտային 23 դժոխային տարիներից, կենսագրության թռիչքային զարգացում է գրանցել՝ իրավաբանի բարձրագույն կրթություն, ընտանիքի կազմում, աշխատանք, 6 գրքի, օրենսդրական առաջարկների հեղինակում, հասարակական ակտիվ վարքագիծ և այլն: Այսինքն՝ այն, ինչը պիտի իրականում քննության նյութ դառնար ներման պարագայում, ըստ ներման մասին օրենքի»,– գրել է Մեջլումյանը:

Նա համոզված է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Ենոքյանին ազատություն չշնորհելու որոշման վրա ազդել են վեց գործոն։

«Մեկ կենտրոնից կառավարվող ֆեյսբուքյան երկրորդ դատաստանը՝ յուր տգետ ֆեյք-դատավորներով, նույնպիսի դատախազներով ու քննիչներով, դեղին մամուլի վայրենի, ոհմակային հարձակումները, անդեմ, անգույն, հեշտ կառավարելի, անսեր, չբավարարված ամբոխը, նոր Հայաստանում լևոնառոբերտասերժական կադրերով պետական մարմինները շրջապատելը, հակահեղափոխական նեղլիկ շահեր սպասարկողների արշավը և ամենակարևորը՝ տուժող ճանաչված ընտանիքի ունեցած բարձր հասարակական դիրքը, բժիշկների ստորագրություններն ու Մհերի ազատմամբ այս քրեական գործի իրական բացահայտման հասնելու վտանգը»,– թվարկել է նա:

Ըստ Մեջլումյանի` իրենց իրավունքների տոտալ խախտումները սկսվեցին, երբ ներման հանձնաժողովից դռնփակ քննարկվող հարցը հասանելի դարձավ այդ գործընթացի կողմ չհանդիսացող ընտանիքին:

«Եվ հանրությունը տեսավ ճնշումն էլ, ճնշողներին էլ, ճնշման չափն էլ, ճնշման մեթոդներն էլ: Սա իրավագիտակից, ազատության, արդարության, սիրո պահանջ ունեցող անհատների պարտությունն է: Բայց ցանկացած զարգացած հասարակությունում շարժիչ ուժը հենց այդպիսի անհատն է, ուստի իրավական պետություններն ամեն ջանք գործադրում են այդպիսի անհատներ ունենալու համար: Իսկ մեր՝ դե ֆակտո ոչ իրավական պետությունը իրավունքի իրացումը պայմանավորում է՝ տերովի ու անտերի կարգախոսով»,– նշել է Մհեր Ենոքյանի կինը:

Նրա խոսքով` փաստորեն, նորից բարձր կապեր ունեցողները ամեն ինչ են, նրանք ստորագրություններ կբերեն մարդու իրավունքը իրացնելու դեմ, այնպես, ինչպես 23 տարի առաջ՝ ծայրագույն պատժի պահանջով և թույլ չեն տա իրավունքի իրացում:

«Իսկ դատապարտյալի իրավունքը զրոյական արժեք ունի: Վերջապես Նոր Հայաստանում տերովների ու անտերների կծիկը պիտի քանդվի՞, թե՞ մնալու ենք ոչ իրավական պետության բարդույթի մեջ»,– գրել է Մեջլումյանը:

Նա նշել է, որ իր ողջ անցած ճանապարհը եղել է ու կա պայքար հանուն իրավական պետության կայացման, որտեղ որոշողը պետական մարմիններն են՝ օրենքի ու իրավունքի գերակայության սկզբունքի հիման վրա, այլ ոչ թե այս կամ այն վերօրենսդրական չգրված դրույթները՝ ելնելով որևէ կողմի ազդեցիկության աստիճանից, հասարակական դիրքից:

«Պետությունը չի կարող կույր վրեժխնդրության գործիք լինել տերով տուժողների և անպատժելիության գործիք՝ տերով մեղադրյալների ձեռքին: Օրենքի միատեսակ կիրառությունը Նոր Հայաստանում այլընտրանք պիտի չունենա, իսկ սելեկտիվ մարդասիրությունն ու սելեկտիվ արդարադատությունը մերժելի պիտի լինեն»,– ավելացրել է ցմահ ազատազրկման դատապարտվածի կինը:

Նա շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք աջակցել են բարի խոսքով ու գործերով:

«Հ.Գ. Իրավունքը որևէ մեկը չի նվիրում, իրավունքը ցանկացած ժամանակ նվաճել են: Մենք կնվաճենք մեր իրավունքները: Կհանդիպենք Մհերի արդարացման դատավճռի օրը»,– իր գրառումը եզրափակել է Մեջլումյանը:

Հիշեցնենք` 1996թ–ին սպանվել էր Երևանի բժշկական համալսարանի ուսանող, 1975թ–ին ծնված Իոսիֆ Աղաջանովը։ Սպանության համար մեղադրանք էր առաջադրվել համակուրսեցուն` Մհեր Ենոքյանին ու նրա եղբոր դասընկերոջը`Արամ Հարությունյանին։

Քրեական գործի համաձայն` 1996թ. հուլիսի 12-ին Երևան քաղաքի բնակիչ Ենոքյանը, հանցավոր համաձայնության գալով Հարությունյանի հետ, իր համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու և դիակի տեղը հայտնելու համար վերջինիս ծնողներից 20 000 ԱՄՆ դոլար գումար պահանջելու նպատակով, Աղաջանովին տարել են Արամ Հարությունյանի բնակարան, որտեղ շահադիտական նպատակներով և առանձին դաժանությամբ սպանել են Իոսիֆ Աղաջանովին:

Ենոքյանը մետաղյա գործիքով (разводной ключ) հարվածներ է հասցրել Աղաջանովի գլխին, ապա դանակով հարվածել կրծքավանդակին ու աչքին։ Այդ ընթացքում Արամ Հարությունյանը բռնել է Աղաջանովի ոտքերը, իսկ, երբ նա ուշաթափվել ու ընկել է, Ենոքյանի հրահանգով կտրել է Իոսիֆի պարանոցը։

Աղաջանովին սպանելուց հետո նրանք դիակը դրել են նախապես ձեռք բերված բրեզենտե պայուսակի մեջ, դուրս տարել և թաքցրել հողածածկ ճանապարհի եզրով կառուցված բետոնե հենապատի հետևում ու ծածկել քարերով:

Դատաքննության ընթացքում Մհեր Ենոքյանն իրեն մեղավոր չի ճանաչել և այսօր էլ պնդում է, որ մեղավոր չէ։ Դատարանում հայտարարել է, թե փորձել է կանխել հանցագործությունը, բայց չի հաջողվել: Թեև համացանցում հրապարակված տեսանյութում Ենոքյանն իրավապահներին հայտնում է. «Մարդ ենք սպանել» ու նաև որոշ մանրամասներ պատմում այդ սպանությունից։

Արամ Հարությունյանն ի սկզբանե ընդունել է մեղքը` դատապարտվելով 15 տարվա ազատազրկման: Նա արդեն սպառել է պատժաչափն ու, ըստ որոշ լուրերի, հեռացել է Հայաստանից։

Մհեր Ենոքյանը 1996 թվականին դատապարտվել էր մահապատժի, բայց ՀՀ նախագահի 2003 թ-ի ներման հրամանագրով նրա պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։ Գործին կցված փաստացի ապացույցները վարույթի ավարտից հետո ոչնչացվել են։

1223
թեգերը:
Հայաստան