«Բագրատաշեն»

Աջ ղեկով մեքենաների համար տարածք են գտել. Վանեցյանը` «Բագրատաշենի» մեքենաների մասին

163
(Թարմացված է 15:38 01.02.2019)
Ազգային անվտանգության ծառայության տնօրենը բացատրել է, թե ինչու է ԱԱԾ–ն Բագրատաշենում կուտակված ավտոմեքենաները դուրս բերելու մասին հայտարարություն տարածել։

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Բագրատաշենի անցակետի հարևանությամբ կա ազատ տարածք, որտեղ, հնարավոր է, տեղափոխվեն այնտեղ կայանված աջ ղեկով մեքենաները։ Այսօր՝ փետրվարի 1-ին, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Այսօր ինձ զեկուցեցին, որ հենց սահմանակետի կողքին կա ազատ տարածք։ ՊԵԿ-ի հետ քննարկումներից հետո կփորձենք քաղաքացիներին հորդորել, որ իրենց մեքենաները տեղափոխեն այդ տարածք, մինչև աջ ղեկով մեքենաների ճակատագրի վերաբերյալ համապատասխան որոշում ընդունվի», - ասաց Վանեցյանը։

Նա անդրադարձավ նաև այն քննադատություններին, թե «ԱԱԾ–ն խառնվում է ոչ իր իրավասության տակ եղած գործերին»` նշելով, որ ԱԱԾ-ն իրականացնում է սահմանային հսկողություն, իսկ մեքենաների կուտակումը խանգարում է սահմանի լիարժեք հսկողության իրականացմանը:

«Բագրատաշենի անցակետի համար մեր տարածած հայտարարությունը վերաբերում էր կոնկրետ մեր գործառույթներին։ Այդ մեքենաների կուտակումը խանգարում է իրականացնել սահմանի լիարժեք վերահսկողություն, խոչընդոտներ է ստեղծում քաղաքացիների համար։ Մոտ 700-800 մեքենա կա այնտեղ, ու դրանք անընդհատ ավելանում են», - ասաց ԱԱԾ տնօրենը։

Վանեցյանը նշեց, որ ԱԱԾ–ն ավտոմեքենաները դուրս բերելու կոչով դիմել է քաղաքացիներին, որպեսզի իրենք կարողանան կատարել իրենց լիազորությունները։

«Հավաստիացնում եմ, որ սահմանի վերահսկողական միջոցառումներն իրականացնելու համար անհրաժեշտ է, որ այնտեղ լինի ազատ տարածք։ Օրինակ` գալիս են բեռնատար ավտոմեքենաները և շրջադարձ կատարելու տեղ չունեն։ Աջ ղեկով ավտոմեքենաներն էլ վնասվում են, գողություններ են կատարվում, այդ պատճառով էլ կոչ արեցինք, որ ավտոմեքենաներն այդտեղից հանեն»,– ասաց ԱԱԾ տնօրենը։

Հիշեցնենք` հունվարի 23–ին ԱԱԾ–ն հաղորդագրություն և լուսանկարներ էր տարածել` նշելով, որ ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցակետում կայանված տրանսպորտային միջոցները (հիմնականում` աջ ղեկով) խոչընդոտում են մաքսակետի բնականոն գործունեությունը, ստեղծում ավելորդ դժվարություններ:ԱԱԾ–ն կոչ էր արել տրանսպորտային միջոցների սեփականատերերին 7-օրյա ժամկետում անցման կետի տարածքից դուրս բերել ավտոմեքենաները։

163
թեգերը:
Արթուր Վանեցյան, Հայաստան
Ըստ թեմայի
Էլեկտրամոբիլը շքեղություն չէ, այլ փոխադրամիջոց. նոր նախագիծ Հայաստանում