Բաղրամյան 26

Բաղրամյան 26-ի տարօրինակ գողությունը. նոր մանրամասներ

528
Բաղրամյան 26–ից կատարված գողությունը տարօրինակ ավարտ է ստացել։ Քննիչները փորձում են պարզել` ոչ միայն ով է եղել գողը, այլև ինչու է նա վերադարձել հանցանքի վայր։

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Մինչ քննիչները փորձում էին բացահայտել Բաղրամյան 26-ից կատարված գողությունը, գողը վերադարձրել է գողոնն ու դարձյալ թաքնվել։

Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը, ՀՀ նախագահի նստավայրից կատարված գողության մասին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հաղորդում է ստացվել 2019 թվականի հունվարի 30-ին։

Նախագահականից հայտնել են, որ անհայտ անձը՝ Երևան քաղաքի Բաղրամյան 26 հասեցում տեղակայված վարչական շենքի միջանցքում տեղադրված ցուցափեղկի փականը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է, ապօրինի մուտք գործել այնտեղ և գաղտնի հափշտակել 4 հուշամեդալ։

Հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում նույն օրը՝ հունվարի 30-ին, դեպքի վայրում իրականացվել է զննություն, նշանակվել են մատնադրոշմային և գենետիկական փորձաքննություններ,հարցաքննվել են 2 տասնյակից ավել անձինք:

Բայց մեկ օր անց` հունվարի 31-ին, նախագահի նստավայրից քննչական մարմնին հայտնել են, որ գողացած հուշամեդալները դարձյալ իրենց տեղում են։

Նախաքննությունը, սակայն, շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում պարզելու հուշամեդալաները հունվարի 30-ին գողացած և հունվարի 31-ին վերադարձրած անձի կամ անձանց ինքնությունը, ինչպես նաև դեպքի հանգամանքները: Քրեական գործը հարուցվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով գողություն կատարելու հիմքով։

Հիշեցնենք` նոյեմբերի 22-ին Ազգային ժողովն ընդունել էր «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով ՀՀ նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից տեղափոխվում է Բաղրամյան 26։ Իսկ ՀՀ վարչապետի նստավայրը` Հանրապետության հրապարակ։

Մինչ այդ` ապրիլին սահմանվել էր, որ Բաղրամյան 26-ը վերածվում է վարչապետի նստավայրի, իսկ Մաշտոցի 47-ը, որը մինչ այդ Կառավարության ընդունելությունների տունն էր, վերածվում էր նախագահի նստավայրի։

528
թեգերը:
ՀՀ քննչական կոմիտե, Երևան
Ըստ թեմայի
Հայտնի է` երբ Սարգսյանը կտեղափոխվի Բաղրամյան 26
Արմեն Սարգսյանը նախատոնական լուսանկար է հրապարակել սոցցանցում
Սելֆի, ուղիղ եթեր և այլ միջոցներ. Փաշինյանի քաղտեխնոլոգիական նորամուծությունները