Օպերա

«Մեսչյանը հանգստացրեց». ինչպես են շարունակում աշխատել օպերայի հարակից հաստատությունները

460
(Թարմացված է 21:04 31.01.2019)
Օպերայի մոտակայքի սրճարանների ու ռեստորանների սեփականատերերը դեմ են ապամոնտաժմանը, սակայն քաղաքային իշխանությանը դեմ չեն գնա, եթե ամեն ինչ օրենքի սահմանում լինի։

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտակայքի հաստատությունները շարունակում են սովորական ռեժիմով աշխատել։ Պատճառն այն է, որ նրանց այսպես ասած «հանգստացրել է» Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի վերջերս արած հայտարարությունը։

Գլխավոր ճարտարապետի համար առաջնային է օպերայի թատրոնի շենքի մերձական տարածքի առաջին գծի կանաչապատումն ու համապատասխանաբար սրճարանների ապամոնտաժումը։ Սակայն հարցն այն է, որ քաղաքապետարանը դեռ հստակ մշակված նախագիծ չունի, այն մշակման փուլում է։ Վերջնաժամկետ էլ չկա։ Դեռ հայտնի չէ` նախագիծն ավարտելու համար որքան ժամանակ կպահանջվի։

Հաստատություններից մեկի տնօրեն Արսեն Մանուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ առաջին գծում գտնվող նրա հաստատությունները շարունակում են առաջվա ռեժիմով աշխատել։ Նա առաջիններին էր, ով քաղաքապետարանից ծանուցագիր ստացավ, որում իշխանությունը պահանջում էր ազատել տարածքը` այն մասամբ քանդելու համար։ Սակայն գործարարը պատասխան նամակ էր ուղարկել։

«Նամակում անդրադարձել էի փոխհատուցման հարցին։ Սակայն քաղաքապետարանից պատասխանեցին, որ միայն ծանուցման իրավունք ունեն։ Ես դա չեմ վիճարկել, պայմանագրով ամեն ինչ այդպես է», – ասաց Մանուկյանը։

Բանն այն է, ոչ նրա ու քաղաքային իշխանությունների միջև կնքած մինչև 2026 թվականը տարածքի վարձակալության մասին պայմանագրի համաձայն` մասնակի ապամոնտաժման մասին կետ չկա։ Քաղաքապետարանը սեփականատիրոջ իրավունքով կարող է քանդել շենքը, սակայն գործարարը իրավունք ունի իշխանությունից փոխհատուցում ստանալ։

Մանուկյանն ասաց, որ նրա գործառույթն այսքանով սահմանափակվում է, նույնիսկ դատավարություն սկսելու հիմք չկա։

«Ինքը` պարոն Մեսչյանը, ասել է, ոչ առաջին փուլը ծանուցումն է, հետո բանակցությունների շրջան է սկսվում։ Նախագիծը դեռ հաստատված չէ, թեև բոլորը հակառակն էին ասում», – նշեց Մանուկյանը։

Նա, ինչպես նաև բոլոր մյուս գործարարները սրտատրոփ սպասում են քաղաքապետարանի քայլերին։ Մանուկյանը կրկին ընդգծեց, որ նախաձեռնված ցանկացած գործընթաց պետք է օրենքի շրջանակում լինի, գործարարների ու քաղաքապետարանի միջև կնքած պայմանագրերի համաձայն։

Քաղաքապետարանը դեռ որոշում է, գործարարները շարունակում են սովորական ռեժիմով աշխատել, սակայն նյարդերը լարված են։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում օպերայի հարակից հաստատություններից մեկից ասացին, որ այնպիսի տպավորություն է, ասես ամեն օր վառոդի տակառի վրա լինեն։

Ավելի վաղ Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում գտնվող սրճարանները քանդելու մասին տեղեկություն էր ստացվել։ Հունվարի 15-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ օպերայի հարակից տարածքը կանաչապատելու և առաջին գծում գտնվող սրճարանները քանդելու մասին քաղաքապետարանի որոշումը վերջնական է և անդրժելի։ Սրճարանների սեփականատերերի հիմնական մասը համաձայն չէ քաղաքապետարանի որոշման հետ։ Ոմանք արդեն ծանուցումներ են ստացել վարձակալած տարածքներն ազատելու մասին։ Սրճարանները քանդելու դեպքում գործարարները մտադիր են փոխհատուցում պահանջել։

460
թեգերը:
Հայկ Մարության
թեմա:
Բողոքի ակցիա Երևանում. ինչո՞ւ են քանդում օպերային հարակից սրճարանները (32)
Ըստ թեմայի
Որը քանդել, որը՝ ոչ. Հայկ Մարությանն ու ավելորդ ասեկոսեների ճամփաբաժանը
«Галочка»-ի համա՞ր, թե՞ նարգիլեն ու ծխախոտը ատոմային ռումբի պես վնասակար են
Սիրահարված եմ եղել, գնացել եմ, բայց էլ չեմ գնում. քանդե՞լ, թե՞ չքանդել օպերայի սրճարանները