Էլեկտրական ցանցեր

Կառավարությունը կրճատում է էներգետիկ ոլորտի գիտահետազոտական հիմնարկների թիվը

121
Առայժմ հայտնի չէ, թե ճակատագիր կունենան երկու հիմնարկների աշխատակիցներն ու միավորման արդյունքում ազատված «Էներգակարգաբերում» ՓԲԸ–ի շենքը։

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ` Երևան, Այգեձորի 67 հասցեում գտնվող «Էներգակարգաբերում» ՓԲԸ–ն միավորվելու է Մյասնիկյանի պողոտա 5/1 հասցեում գտնվող «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ–ի հետ։

2003թ–ին ստեղծված «Էներգակարգաբերում» ՓԲԸ-ն կարգաբերման աշխատանքներ է իրականացնում էլեկտրաէներգետիկ համակարգի բոլոր ընկերություններում: Ընկերությունն ունի անհրաժեշտ արտադրական բազա և կադրային ռեսուրսներ:

Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանում է 3361քմ ընդհանուր մակերեսով 4 հարկանի վարչական շենքի՝ 2705 քմ մակերեսով 1-ին, 3-րդ և 4-րդ հարկերը (շենքի 2-րդ հարկը՝ 655.9 քմ-ն պետական սեփականություն է և ամրացված է ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմին) և 276քմ ընդհանուր մակերեսով օժանդակ շինությունները (որից 141 քմ-ը ավտոտնակներ): Ընդհանուր զբաղեցված հողատարածքը կազմում է 3310քմ:

«Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1948թ-ին՝ իր գործունեության ընթացքում կուտակելով գիտական, գործնական և գիտաարտադրական պոտենցիալ: Ինստիտուտն իրականացնում է էներգետիկայի բնագավառի և այդ բնագավառում լիցենզավորված կազմակերպությունների համար գիտահետազոտական աշխատանքներ, որոնք ուղղված են էլեկտրաէներգետիկայի համակարգի հուսալիության և կայունության բարձրացմանը:

Թե ինչ ճակատագիր կունենան երկու հիմնարկների աշխատակիցներն ու միավորման արդյունքում ազատված «Էներգակարգաբերում» ՓԲԸ–ի շենքը, կառավարությունը դեռ չի մանրամասնում։

121
թեգերը:
Հայաստան