ՀՀ ՊԵԿ

ՊԵԿ–ում մթնոլորտը շիկանում է. աշխատակիցը պահանջում է պատասխանատվության ենթարկել ղեկավարին

488
ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանի հարաբերությունները ՊԵԿ նախագահի հետ այն աստիճան են լարվել, որ նրա փաստաբանն այսօր հրավիրած ասուլիսում մեղադրանքներ է հնչեցրել Դավիթ Անանյանի հասցեին։

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանին աշխատանքից հեռացնելու ու նրա նկատմամբ ծառայողական քննություն սկսելու պատճառը նրա կատարած բացահայտումներն են։ Այս մասին այսօր, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Կարապետյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը։ Դրանք, ըստ փաստաբանի, առնչվում են նաև ՊԵԿ նախագահին։

«Կարեն Կարապետյանն իր պաշտոնավարման ընթացքում հայտնաբերել է հանցավոր սխեմաներ, որոնց արդյունքում զգալի վնաս է հասցվում տեղական արտադրությանը, անհավասար մրցակցային դաշտ ստեղծվում երկրի ներքին շուկայում, բյուջեից ահռելի քանակությամբ գումարներ են կորզվում, արհամարհվում է պաշտոնական վիճակագրությունը` արտահանման ծավալների մասով»,– ասաց փաստաբանը` հավելելով, որ ՊԵԿ նախագահը, աշխատակցի ներկայացրած փաստերով զբաղվելու փոխարեն, ծառայողական քննություն է սկսել հենց նրա դեմ։

Ըստ փաստաբանի`դեռ ամռանը սկսված քննության արդյունքում, թեև ոչ մի բան չի բացահայտվել, բայց Կարապետյանի աշխատանքային պարտականություններն այսօր կասեցված են։

Իսկ ծառայողական քննությունը վերաբերել է Կարեն Կարապետյանի հետ շաղկապվող «Պրեմիում» ընկերության հետ, որտեղ ՊԵԿ–ը ժամանակին քննություն էր իրականացրել ու պարզել, որ այս ընկերությունը շաղկապված է իրենց պաշտոնյայի հետ։

«Այս փաստով ծառայողական քննություն սկսվեց ՊԵԿ–ում։ Հետո ՊԵԿ–ի նախագահը հասկացավ, որ այստեղ բան չկա, ստիպված գործն ուղարկեց ՀՔԾ։ Գտան, որ հայրն է հիմնադիրը և հարուցվեց քրեական գործ»,– լրագրողների հարցին ի պատասխան ասաց փաստաբանը` հավելելով, որ ՀՔԾ–ում գործը կարճվել է։

Այդուհանդերձ, ՊԵԿ–ում իր վստահորդի աշխատասենյակը կապարակնքված է, նա աշխատանքի չի գնում, մուտքը պետական օպերացիոն համակարգեր արգելափակված է։ Բայց աշխատավարձ ստանում է։

«Եթե բանավոր կասեցնելն օրինական է, ապա ՊԵԿ նախագահը վատնում է կատարել` այդ ընթացքում աշխատավարձ վճարելով Կարեն Կարապետյանին, իսկ եթե անօրինակն է, ապա լիազորությունների անցում է կատարել» ,– հայտարարեց Տիգրան Հայրապետյանը` պատկան կառույցներից պահանջելով այս փաստով քրեական գործ հարուցել ՊԵԿ նախագահի դեմ` ոչ միայն Կարապետյանի աշխատավարձի, այլև, ընդհանրապես, պարգևավճարների հարցով վատնում կատարելու փաստով։

Ի դեպ, նախապես հայտարարվել էր, որ ասուլիսին ներկա է լինելու անձամբ Կարեն Կարապետյանը և նոր փաստեր է ներկայացնելու «ՊԵԿ նախագահի ապօրինի գործողությունների» շուրջ։

Կարապետյանը, սակայն, ասուլիսի չէր ներկայացել։ Փաստաբանը հայտնեց, որ իր վստահորդն ասուլիսին չի ներկայացել` «էթիկական նկատառումներից ելնելով, որպեսզի ասուլիսը լինի օբյեկտիվ»։

Օբյեկտիվությունը պահելու նպատակով Կարեն Կարապետյանի փաստաբանի հրապարակած փաստերի շուրջ լրացուցիչ պարզաբանում ստանալու համար Sputnik Արմենիան դիմեց Պետեկամուտների կոմիտե։ ՊԵԿ-ից ստացված պարզաբանումը ներկայացնում ենք ամբողջությամբ. այն հրապարակվել է նաև կառույցի կայքում:

«ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանի կողմից պարբերաբար կազմակերպվող մամուլի ասուլիսները նպատակ են հետապնդում վերջինիս ներկայացնել տուժածի կարգավիճակով և մոլորեցնել հասարակությանը: Իրականությանը չեն համապատասխանում Կարեն Կարապետյանի շահերի ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանի ներկայացրած հրապարակումները, թե իբր ապրանքների ներկրմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերությունների գործունեության ընթացքում Կարեն Կարապետյանը բացահայտել է չարաշահումներ և դրանք ներկայացրել ՊԵԿ նախագահին, որոնք, ըստ նրա, վերջինիս կողմից գործողություններ չձեռնարկելու արդյունքում անհետևանք են մնացել:  Ավելին՝ ՊԵԿ-ն ամիսներ առաջ հոդվածներ էր հրապարակել, որ ապրանքների ներկրմամբ և արտահանմամբ զբաղվող մի շարք ընկերությունների նկատմամբ իրականացվել են հսկողական աշխատանքներ և դրանց արդյունքում հայտնաբերված խախտումների հիման վրա հարուցվել և քննվում են քրեական գործեր, որոշ դրվագներով էլ իրականացվում են ընթացիկ հսկողական աշխատանքներ»:

Ինչ վերաբերում է գլխավոր դատախազի կողմից Կարեն Կարապետյանի վերաբերյալ ՀՔԾ-ում քննված քրեական գործի հետագա նախաքննության իրականացումը ՊԵԿ քննչական վարչությանը հանձնարարելուն, ապա այս առումով Պետական եկամուտների կոմիտեն վստահեցնում է, որ ՊԵԿ քննչական վարչությունը և նախաքննության մարմինն ունի բոլոր հնարավորությունները օբյեկտիվ և արդարացի քննություն իրականացնելու համար:

Մինչ այդ պարզապես հիշեցնենք` մամուլի հրապարակումների համաձայն, Կարեն Կարապետյանը համարվում է ոչ միայն կոռուպցիոն վարքագիծ ունեցող պաշտոնյա, այլև ոստիկանապետ Օսիպյանի ու ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի մտերիմ անձնավորություն։

Ըստ որոշ լուրերի` ՊԵԿ պարգևավճարների թեմայի հանրայնացման հեղինակը հենց Կարեն Կարապետյանն է` իշխանական համակարգում իր հովանավորների աջակցությամբ։

488
թեգերը:
Դավիթ Անանյան, ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Ըստ թեմայի
Պետական կառույցներում պարգևավճարների խնդիրը կքննարկվի Ազգային ժողովում. Ալեն Սիմոնյան
Դավիթ Անանյանը խոստովանեց` 14 մլն դրամ պարգևավճար է ստացել
Հայկ Մարությանը բացահայտեց Տարոն Մարգարյանի օրոք տրված պարգևավճարների գաղտնիքը