Դավիթ Անանյան

Դավիթ Անանյանը խոստովանեց` 14 մլն դրամ պարգևավճար է ստացել

418
Խորհրդարանական մեծամասնությունը դռնփակ նիստում քննարկել է պարգևավճարների հարցը։ Պարզաբանման է հրավիրվել ՊԵԿ նախագահը։

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Քիչ առաջ ավարտվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության դռնփակ նիստը, որի ընթացքում քննարկվել է պետական ու համայնքային կառույցներում պարգևավճարների աղմկահարույց թեման։

Քննարկմանը հրավիրված ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, նիստից դուրս գալով, լրագրողներին հայտնեց, որ պատասխանել է պատգամավորների 15-20 հարցի։

«Եղավ ամփոփ քննարկում` պարգևատրումների, աշխատավարձերի, այն տեղեկության հիման վրա, որը հրապարակման ենթակա է։ Իսկ այն տեղեկությանը, որն անձնական գաղտնիության օրենքով պաշտպանված է, եղավ շատ հպանցիկ քննարկում»,– ասաց Անանյանը` հրաժարվելով այլ մանրամասներ հայտնել նիստում քննարկված հարցերի մասին։

ՊԵԿ նախագահը միայն հայտարարեց, որ այս պահին իրավաբանների հետ քննարկվում է, թե ինչպես առանց գործող օրենքը խախտելու հանրայնացնել հասարակությանը հետաքրքրող այդ տեղեկությունը։

Մինչ այդ, Անանյանը հրապարակեց միայն իր ստացած պարգևավճարների չափը։

«Իմ ստացած պարգևավճարների ընդհանուր գումարը այդ 8 ամսվա համար 14 մլն դրամ է»,– ասաց նա։

Հիշեցնենք` ավելի վաղ հայտնի էր դարձել, որ որոշ մարզերի մարզպետներ (Լոռու, Սյունիքի, Արարատի, Կոտայքի, Արմավիրի, Տավուշի) 2018թ–ի վերջին շռայլ պարգևավճարներ են տվել իրենք իրենց և իրենց աշխատակիցներին։ Երևանի քաղաքապետարանի բոլոր աշխատակիցները ևս շուրջ 500 մլն դրամի պարգևավճարներ ու հավելավճարներ են ստացել։ Մեծ աղմուկ էր բարձրացել նաև ՊԵԿ–ի հավելավճարների շուրջ։ Ըստ մամուլում հրապարակված ցուցակի` ՊԵԿ ղեկավարությունը 8-9 մլն դրամի, աշխատակիցները` քարտուղարուհին, վարչության պետերը` 2 և ավելի միլիոն դրամ են ստացել։

418
թեգերը:
Դավիթ Անանյան, Հայաստան
Ըստ թեմայի
Այդ սկանդալային պարգևավճարները. ի՞նչ է ասում հակակոռուպցիոն փորձագետը
Ձեռքի թեթև շարժումով... Պարգևավճարները լիովին օրինական են, մի՛ բարկացեք
Պաշտպանության նախարարը չի հերքում. պարգևավճարներ տրվել են, այն էլ` մեծ
Մարությանը խոսել է քաղաքապետարանի պաշտոնյաների պարգևավճարների մասին. տեսանյութ