Էդուարդ Շարմազանով

«Էս ո՞ւր ենք հասել` Փաշինյանը հղում է անում Ալիևին». Շարմազանով

227
ՀՀԿ խոսնակն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի` ղարաբաղյան հակամարտության լուծման ուղղությամբ վարած քաղաքականությանը։

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Փաշինյանը սիրուն ջրեց Սանկտ Պետերբուրգը։ Այսօր Sputnik Արմենիա մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեջբերելով ՀՀ վարչապետի խոսքն այն մասին, որ նման պայմանավորվածություն չի եղել։

«Հասկանո՞ւմ եք` ինչ է կատարվում։ Իմ երկրի ղեկավարը փոխարենը հղում անի իր երկրի նախորդ իշխանություններին, ՄԽ համանախագահներին, հղում է անում Ալիևին։ Էս ո՞ւր ենք հասել»,– ասաց Շարմազանովը։

Մեկնաբանելով օրերս արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությանը, թե Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին միացել է նաև Դուշանբեն, Էդուարդ Շարմազանովն իր զարմանքն արտահայտեց Հայաստանի նոր իշխանության «վերելակային քաղաքականության» նկատմամբ։

«Այդ Դուշանբեի վերելակում Նիկոլ Փաշինյանն ընկել է Ալիևի թակարդը։ Ես չեմ ասում` Փաշինյանը դավաճան է, ազգը չի սիրում, չի ուզում լավ լինի։ Բայց ուզելը քիչ է»,– ասաց նա։

Շարմազանովը նաև շեշտեց, որ հակառակ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե բանակցային գործընթացում ոչինչ չի փոխվել, Ադրբեջանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող ունենալ ավելի բարձր կարգավիճակ, քան ինքնավարություն Ադրբեջանի կազմում, և որ 2019թ–ը լինելու է բեկումնային։

Իսկ դավոսյան հանդիպման մասին խոսելիս Շարմազանովը կասկածներ հայտնեց, թե այդ հանդիպումն իսկապես եղել է չնախատեսված ու անգամ Փաշինյանը նախապես տեղյակ չի եղել։

«Որովհետև ինքն այնքան շփոթված տեսք ուներ, հեչ հպարտ ղեկավարի տեսք չուներ այդ ֆոտոներում, հանդիպումներում ու լայվերում»,– ասաց Շարմազանովը։

Այս ամենից հետո ՀՀԿ խոսնակը եզրակացնում է, որ Հայաստանում տեղի է ունեցել իշխանափոխություն, որի հետևանքով «1998թ–ի Լևոն Տեր–Պետրոսյանի խաղաղության թեզի կողմնակիցները` Նիկոլ Փաշինյանի դեմքով եկել են իշխանության»։

Ներկայացնելով ՀՀԿ դիրքորոշումը` Շարմազանովը շեշտեց` իրենք խաղաղությանը դեմ չեն, դեմ են խաղաղություն մուրալուն։

227
թեգերը:
Էդուարդ Շարմազանով, Նիկոլ Փաշինյան, Հայաստան