Արմեն Սարգսյան

Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Միշել Լեգրանի մահվան կապակցությամբ

44
ՀՀ նախագահը ցավակցություն է հայտնել Միշել Լեգրանի ընտանիքին, հարազատներին և նրա երաժշտության բազմահազար երկրպագուներին։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական ուղերձ է հղել մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար, երգիչ, «Օսկար» մրցանակի եռակի դափնեկիր, Ֆրանսիայի Հանրապետության «Պատվո լեգեոնի» և Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանի ասպետ Միշել Լեգրանի մահվան կապակցությամբ:

«Մաեստրո Լեգրանը համաշխարհային երաժշտության լեգենդներից է, մեծարանքի և հիացմունքի արժանացած արվեստագետ: Անգնահատելի է նրա ավանդը ժամանակակից երաժշտության զարգացման ասպարեզում: Անուրանալի է նրա ներդրումը հայ-ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդման և ընդլայնման գործում: Մաեստրոյի արվեստը սիրված է Հայաստանի հանդիսատեսի կողմից»,– նշված է ցավակցական ուղերձում:

Սարգսյանը ցավակցություն է հայտնել Միշել Լեգրանի ընտանիքին, հարազատներին և նրա երաժշտության բազմահազար երկրպագուներին։

Հանրահայտ կոմպոզիտոր, դաշնակահար, երգիչ, «Օսկար» մրցանակի եռակի դափնեկիր Միշել Լեգրանը մահացել է այսօր։ Նա 86 տարեկան էր։

Լեգրանը ծնվել է 1932 թվականի փետրվարի 24-ին Փարիզում։ Լեգրանի հայրը` Ռայմոն Լեգրանը, կոմպոզիտոր էր, դիրիժոր ու նվագախմբի ղեկավար։ Մայրը` Մարսել Տեր-Միքայելյանը, դաշնակահարուհի էր, ազնվական հայկական ընտանիքից։

Լեգրանը 10 տարի ապրել է մորական պապի` Սարգիս Տեր-Միքայելյանի հետ, որը կյանքից հեռացել է 1942 թվականին։ 1915 թվականին նա Ֆրանսիա է փախել Օսմանյան կայսրությունում իրագործվող Հայոց ցեղասպանության պատճառով։

Լեգրանն առաջին անգամ Հայաստան է եկել 2004 թվականին` Շառլ Ազնավուրի հետ համատեղ համերգի։
Մաեստրոն երկրորդ անգամ Հայաստան է եկել 2009 թվականին` Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հրավերով։ Նրան Հայաստանի «Պատվո շքանշանով» են պարգևատրել։ Լեգրանը պատմական հայրենիք է եկել նաև 2012 և 2017 թվականներին։

Լեգրանը գրել է մոտ 800 ստեղծագործություն 250 ֆիլմի համար։ Ավելի քան 100 ձայնասկավառակ է ձայնագրել։ Մի անգամ ասել է. «Նվագելիս դու տասը մատ ունես, իսկ երևակայության մեջ` անվերջություն»։

Մաեստրոն երեք անգամ «Օսկար» է ստացել, հինգ անգամ` «Գրեմմի», մեկ անգամ` BAFTA, մեկ անգամ` «Ոսկե գլոբուս»։ Նա Ֆրանսիայի Պատվո Լեգեոնի շքանշանի ասպետ է։

44
թեգերը:
Արմեն Սարգսյան, Հայաստան