Հայաստանի դեսպանատունը Ուկրաինայում

Հայաստանը ռազմական կցորդ կուղարկի Ուկրաինա

49
Ուկրաինայում Հայաստանի դեսպանատանը նոր հաստիք կավելանա։ ՀՀ կառավարությունը մտադիր է նաև կցորդի օգնական ուղարկել ՌԴ։

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Հայաստանի կառավարությունն այսօր` հունվարի 24-ին, որոշեց ռազմական կցորդ ուղարկել Ուկրաինա։ Կառավարությունը համոզված է, որ Ուկրաինայում ՀՀ դեսպանատանը ռազմական կցորդի ներկայությունը նոր լիցք կհաղորդի հայ-ուկրաինական ռազմական, ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական կապերին, ինչպես նաև պաշտոնական ու այլ խողովակներով շրջանառվող ռազմաքաղաքական տեղեկատվության հավաքմանը:

«Ուկրաինայում ՀՀ ռազմական կցորդություն հիմնելու դեպքում միաժամանակ հնարավորություն կընձեռվի հետևել նաև արևելաեվրոպական երկրներում ընթացող ռազմական և ռազմաքաղաքական զարգացումներին և գործընթացներին»,– նշված է կառավարության որոշման հիմնավորման մեջ։

Բացի Ուկրաինայից, Հայաստանի կառավարությունը պատրաստվում է նաև ռազմական կցորդի օգնականի հաստիք բացել ՌԴ–ում Հայաստանի դեսպանատանը։ Հաշվի առնելով Հայաստանի և Ռուսաստանի միջև ընդլայնվող ռազմական և ռազմաքաղաքական հարաբերությունները` ՌԴ տարածքի մեծությունն ու ՌԴ տարածքում իրականացվող միջոցառումներին ռազմական կցորդի մասնակցությունը, ՀՀ կառավարությունը կցորդի օգնական ունենալն անհրաժեշտություն է համարում։

«Ռազմական կցորդ ունենալու հանգամանքը կարևոր քաղաքական գործոն է, քանի որ Ուկրաինայում ռազմական կցորդ և Ռուսաստանի Դաշնությունում ռազմական կցորդի օգնական նշանակելու հանգամանքը վկայում է, որ ՀՀ-ն հատկապես կարևորություն է տալիս Ուկրաինայի և Ռուսաստանի հետ համագործակցությանը, ինչպես նաև ռազմական ոլորտում բարեկամական կապերի զարգացմանը»,– նշված է որոշման մեջ:

Ինչպես հայտնում է կառավարությունը, ՀՀ և ՌԴ համագործակցության տարեկան պլանով նախատեսված է ավելի քան 150 միջոցառում, որոնց գերակշիռ մասը իրականացվում է ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում։

49
թեգերը:
Հայաստան