ՊԵԿ

Պարգևավճարների շուրջ սկանդալը թեժանում է. Պետեկամուտների կոմիտեն հերքում է լուրերը

326
(Թարմացված է 11:00 24.01.2019)
Ջրի երես են դուրս գալիս մարզերում պարգևավճարներ տալու նոր մանրամասներ, իրավիճակը մեծ հասարակական արձագանք է գտել։

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն հերքում է աստղաբաշխական պարգևավճարների մասին ԶԼՄ–ներում հայտնված լուրերը։

Ավելի վաղ Yeravan.Today կայքը տեղեկություն է տարածել այն մասին, որ ՊԵԿ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ահռելի պարգևավճարներ են ստացել անցած տարվա վերջին։ Մասնավորապես, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ինքն իրեն պարգևատրել է 8 միլիոն դրամով, Ռաֆիկ Մաշադյանին` մոտ 9 միլիոն դրամով։ Նշենք, որ ՊԵԿ նախագահի աշխատավարձն 800 հազար դրամ է։

«Անհեթեթ նորություններ են։ Դա ապատեղեկատվություն է», – Sputnik Արմենիային ասաց գերատեսչության մամուլի քարտուղար Լուսինե Մկրտչյանը։

ՊԵԿ-ը պաշտոնապես հայտարարում է, որ ներկայացված թվերը ապատեղեկատվություն և բացահայտ սուտ են:

Այս մասին իր այսօր տարածած հայտարարության մեջ կրկին ասել է ՊԵԿ մամուլի ծառայությունը` անդրադառնալով երեկ` հունվարի 23–ին Yerevan.Today կայքում հրապարակած տեղեկություններին`ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք աշխատակիցների աշխատավարձերի և պարգևատրումների վերաբերյալ:

«Պետք է նկատել, որ դեկտեմբերին բոլոր պետական գերատեսչություններում ստանում են երկու` նոյեմբեր–դեկտեմբեր ամիսների աշխատավարձերը, երկու ամիսների պարգևատրումներն ու տարեվերջյան հավելավճարները միասին: Հետևապես, հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և նման պարգևատրումների չափեր ՊԵԿ-ում չկան»,–ասված է տարածված հայտարարության մեջ:

ՊԵԿ–ից նաև հարկ են համարում ընդգծել, որ ստացված աշխատավարձերի վերաբերյալ մանրամասն թափանցիկ տեղեկատվություն ներկայացնելու իրավական սահմանափակում գոյություն ունի, քանի որ անձնական տեղեկատվության պահպանման և գաղտնիության իրավական նորմեր կան, որոնք չեն կարող հրապարակվել: «Այնուամենայնիվ, նմանօրինակ տեղեկատվությունը համապատասխան տեղեկատվական խողովակներով մշտապես հրապարակվում է «Բյուջեի մասին» ՀՀ օրենքով, որտեղ համապատասխան բացվածքներում կարելի է տեսնել պարգևատրումների ընդահանուր թվային պատկերը և այս ամենը թափանցիկ է:

Միաժամանակ նշենք, որ ՊԵԿ-ն ի տարբերություն մյուս պետական մարմինների ավելի շատ հնարավորություններ ունի հավելավճարներ և պարգևատրումներ տրամադրելու, որովհետև, օրինակ 2018 թ. պետական բյուջեի մասին օրենքով և դրան հարակից օրենսդրությամբ ՊԵԿ-ի համար նախատեսված է եղել բավականին մեծ նյութական խրախուսումների և պարգևատրումների ֆոնդ, որի աղբյուրը եղել է Կոմիտեի արտաբյուջետային ֆոնդը: Մյուս կողմից, հարկ է ընգծել, որ, օրինակ 2019-ին այդքան մեծ պարգևատրման չափեր սահմանված չեն: Թեև, այժմ 2019-ի թվականի բյուջեի մասին օրենքով և հարակից օրենսդրությամբ ներմուծված նոր գործիքակազմով և իրավակարգավորումներով ՊԵկ-ը փորձում է նորից պարգևատրման համապատասխան ու համարժեք չափ հայթայթել: Հետևաբար 2018թ.-ին ՊԵԿ-ը` ունենալով հնարավորություն վճարել է պարգևատրումներ, որոնք էականորեն բարձր են պետական մյուս մարմինների պարգևատրումներից: Ընդ որում, պարգևատրումների համակարգից օգտվել են ոչ միայն ղեկավար անձինք, այլ հարակային և մաքսային բոլոր ծառայողները: ՊԵԿ-ը կարծում է, որ կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարում պարգևատրումների և ընդհանրապես
արժանապատիվ հատուցումների համակարգ ունենալը կաշառակերության և դրա դեմ պայքարի ամենաարդյունավետ եղանակն է»,–ասված է հայտարարության մեջ:

Հայտարարության վերջում նշվում է, որ ՊԵԿ-ում բոլոր վճարումներն ու պարգևատրումներն արվել են բացառապես ՀՀ օրենսդրության շրջանակներում:

Նշենք, որ պարգևավճարների հետ կապված սկանդալը շարունակում է թեժանալ։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ որոշ մարզերի մարզպետներ (Լոռու, Սյունիքի, Արարատի, Կոտայքի, Արմավիրի) շռայլ պարգևավճարներ են գրել իրենք իրենց և իրենց աշխատակիցներին։ Նրանցից շատերը ընդամենը մի քանի ամիս են աշխատել։

326
թեգերը:
Դավիթ Տոնոյան, ՀՀ պետական եկամուտների կոմիտե, Հայաստան
Ըստ թեմայի
Կոռուպցիա՞ն էլ «իներցիայով» կվերադառնա. պարգևավճարներ «Թավշյա հեղափոխություն» ՇՍՊԸ–ում
Ջրային կոմիտեի պետը պարգևատրել է իրեն ու գումարը նվիրել «Իմ քայլին». «Հրապարակ»
Հայկ Մարությանը պարգևատրել է ոչ միայն քաղաքապետարանի աշխատակիցներին
Դավոսը մի կողմ. Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում պարգևավճարներ բաժանելուն