Ալեքսանդր Լապշին

Լապշինի «Բաքվի ճեպընթացը». բլոգերը գիրք է գրելու իր անհաջողությունների մասին

22
(Թարմացված է 17:26 22.01.2019)
Ալեքսանդր Լապշինը մտադիր է գիրք գրել իր ադրբեջանական արկածների մասին։ Նա կանխատեսում է, որ Ադրբեջանում իշխանափոխություն է լինելու։

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Հայտի բլոգեր Ալեքսանդր Լապշինը մտադիր է իր ադրբեջանական արկածների մոտիվներով գիրք գրել, որը կկոչվի «Բաքվի ճեպընթացը»։ Այս մասին նա այսօր հայտնեց Երևանում հրավիրված ասուլիսի ժամանակ։

«Գիրք գրելու մտադրություն ունեմ, բայց առայժմ միայն անվանումը կա` «Բաքվի ճեպընթաց»` հայտնի «Կեսգիշերային ճեպընթաց» ֆիլմի (թուրքական բանտում հայտնված ամերիկացու պատմության մասին) մոտիվներով։ Հաճախ էի Ադրբեջանում հիշում այդ ֆիլմը։ Ե՛վ լեզուն էր նման, և՛ վերաբերմունքն էր նույնը», – ասաց Լապշինը։

Նա նաև անդրադարձավ Ադրբեջանի ներքաղաքական վերջին զարգացումներին, մասնավորապես` երկրի իշխանության դեմ ուղղված ցույցերին։ Բլոգերի խոսքով` այդ երկրի ժողովուրդը հոգնել է, որ հսկայական եկամուտների պարագայում Ադրբեջանի կենսամակարդակն ավելի ցածր է մյուս երկրներից, այդ թվում` Հայաստանից։

Լապշինը կարծում է, որ Ադրբեջանի մտավորականությունն ուզում է ազատ երկրում ապրել։

«Պարադոքսալ իրավիճակ է։ Կարծում եմ, որ առաջիկա տարիների ընթացքում այնտեղ որևէ բան տեղի կունենա, բայց մեծ հարց է` որքան է դա Հայաստանի շահերից բխում։ Ինչպիսին էլ լինի Իլհամ Ալիևը, նա Հայաստանի համար վտանգավոր չէ, քանի որ կանխատեսելի է, նաև հարմար է Ռուսաստանին։ Նրանք, ովքեր կգան Ալիևին փոխարինելու, գործելու են ի շահ ժողովրդի, ոչ թե իշխող կլանի, և հասկանալի չէ` ինչպիսի շրջադարձ կլինի այդ դեպքում», – ասաց բլոգերը։

2016 թվականի վերջին Լապշինին Մինսկում ձերբակալել էին Ադրբեջանի հարցման համաձայն, որը նրան «սև ցուցակում» էր ներառել առանց Բաքվի համաձայնության Արցախ այցելելու պատճառով: Բլոգերին արտահանձնել էին Ադրբեջան, և Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը նրան դատապարտել էր երեք տարվա ազատազրկման։ Լապշինը 7 ամիս էր մնացել ադրբեջանական բանտում, որովհետև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 11-ին Լապշինին ներում շնորհելու հրամանագիր էր ստորագրել։

Բլոգերը, ելույթ ունենալով դատարանում, հայտարարել էր, որ որպես զբոսաշրջիկ է Արցախ այցելել և ղեկավարությունից որևէ մեկի հետ չի հանդիպել։ Ներկա պահին Լապշինի գործն ուսումնասիրում է ՄԻԵԴ–ը։

22
թեգերը:
Ալեքսանդր Լապշին, Հայաստան
Ըստ թեմայի
«Ուրախ, բաց մարդ է». Լապշինը ծանոթացել է ՀՀ նախագահի հետ. լուսանկար
Ալեքսանդր Լապշինը մեկնել է Ուրուգվայ և այնտեղ «փոքրիկ Հայաստան» գտել
Բելառուսին նոր սկանդալ է սպառնում բլոգեր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու գործով
Նախադեպ կդառնա՞․ Եվրոպական դատարանը սկսել է Լապշինի գործով հաղորդակցվել Բաքվի հետ