«Գազպրոմ Արմենիա» ընկերության շենքը

Հայաստանի իշխանությունը «Գազպրոմի» հետ պայմանավորվել է պահպանել ներքին սակագները. Փաշինյան

172
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իշխանության համար չափազանց կարևոր է գազի երկարաժամկետ սակագինը համաձայնեցնելը։

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Հայաստանի իշխանությունը «Գազպրոմի» հետ պայմանավորվել է բնակչության համար գազի սակագինը պահպանելու վերաբերյալ։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում անցկացվող տնտեսական համաժողովի ժամանակ։

Նրա խոսքով` «Գազպրոմը» գազ է վաճառում ոչ թե Հայաստանին, այլ «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, այդ պատճառով երկրի ղեկավարության դերն այդ դեպքում միջնորդավորված է։

«Սակայն մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել «Գազպրոմ Արմենիայի» հետ, որ գազի գինը երկրի ներսում չի փոխվի», – ասել է Փաշինյանը։

Նա ավելացրել է, որ «Գազպրոմի» հետ բանակցությունները կշարունակվեն վերջնական համաձայնության գալու համար, Երևանի համար շատ կարևոր է համաձայնեցնել գազի երկարաժամկետ սակագինը։

«Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնպես քննարկվում է գազի և էներգետիկայի ընդհանուր շուկաների ստեղծման հարցը, այդ պատճառով մենք քննարկելու շատ թեմաներ ունենք», – նշել է վարչապետը։

2018 թվականի վերջին օրը Փաշինյանը հայտնել էր, որ ռուսական գազի գինը սահմանին կփոխվի, սակայն բնակչության համար ներքին սակագները նույնը կմնան։ Ավելի ուշ «Գազպրոմը» տեղեկացրել էր, որ «Գազպրոմ Արմենիա» դուստր ձեռնարկությունը կապույտ վառելիք է գնելու հազար խմ–ի դիմաց 165 դոլարով` նախկին 150 դոլարի փոխարեն։ Այնուհետև կառավարությունից պարզաբանել էին, որ սակագինը սպառողների համար կպահպանվի «Գազպրոմ Արմենիայի» ծախսերի կրճատման հաշվին։ Գազի սակագինն այսօր 1000 խմ–ի դիմաց 290 դոլար է։

172
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, գազ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանի համար ռուսական գազի գինը կպարզվի սեղմ ժամկետներում. քաղաքագետ
Կառավարությունից պարզաբանել են, թե ինչի հաշվին կպահպանվի գազի սակագինը բնակչության համար
Ով և որքան է վճարում Հայաստանում գազի համար. համեմատություն Եվրոպայի, ՌԴ–ի և Բելառուսի հետ