Նորակառույց շենք

ՌԴ բնակիչներն իրենց տները հայերի՞ն են վաճառում. փորձագետը` անշարժ գույքի շուկայի մասին

679
(Թարմացված է 15:58 21.01.2019)
Հայերն ուզո՞ւմ են տներ գնել և մնալ հայրենիքում։ Անշարժ գույքի գործակալը կարծում է, որ դա շուկայի հնարավոր միտումներից մեկն է։

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

Հայաստանը մեր տունն է... Այս կոչին որքա՞ն են հավատարիմ Հայաստանում և արտասահմանում ապրող հայերը։ Եվ արդյո՞ք հայերն ուզում են մնալ Հայաստանում իշխանափոխությունից հետո։

2018թ–ին հանրապետությունում անշարժ գույքը զգալիորեն թանկացել է։ Գներն ամենից շատ աճել են մայրաքաղաքի կենտրոնում (միանգամից 20,1 տոկոսով), որտեղ անշարժ գույքի գործարքների թիվն ավելացել է 11 տոկոսով։

Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ Երևանում բնակարաններ են գնում հարուստներն ու օտարերկրացիները։

Ոչ։ Առաջին հերթին այն պատճառով, որ արտասահմանցիների մասնակցությամբ գործարքները կազմել են շուկայի 8 տոկոսը։ Երկրորդ` գներն աճել են նաև Երևանի այլ հատվածներում։ Արաբկիրում (երկրորդ տեղն է` ըստ տների գների) գներն աճել են 9,4 տոկոսով, Դավթաշենում (չորրորդ)` 15,9 տոկոսով, Աջափնյակում` 11,7 տոկոսով։ Նույնիսկ Նուբարաշենում գներն աճել են 7,3 տոկոսով, և այստեղ հաստատ արտասահմանցիներ չեն ապրում, ոչ էլ էքստրեմալներ ու դաունշիֆթերներ (իզուր են հեգնում, ի դեպ շատ մաքուր և խնամված շրջան է)։

Այդ դեպքում ինչո՞ւ են գներն աճում։ Խոսենք գնորդների պահվածքի մասին. սկզբում` արտասահմանյան, հետո` տեղական։

Օտարերկրացիները բնակարաններ ձեռք չեն բերում, ավելի շատ վաճառում են։ Դա երևում է 2018թ–ի երրորդ եռամսյակի վերլուծությունից, որը ներկայացրել է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն։

2018թ–ի 3–րդ եռամսյակում Ռուսաստանի քաղաքացիները Հայաստանում ձեռք են բերել 161 բնակարան, վաճառել 398–ը։ Եվ գրեթե յուրաքանչյուր երկրորդ արտասահմանցին, որն անշարժ գույք է գնում և վաճառում Հայաստանում, ռուսաստանցի է։

«Անշարժ գույքի բորսա» ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Պրիբիլսկին ասում է, որ սրանից պետք չէ հեռուն գնացող աշխարհաքաղաքական հետևություններ անել։

«Հիմնականում նրանք հայեր են, որոնք ժամանակին մեկնել են Ռուսաստան, հաստատվել այնտեղ, քաղաքացիություն ստացել, իսկ հետո տներ են գնել նաև Հայաստանում։ Չէ՞ որ հայրենիքում տուն ունենալու ցանկությունը մեր հայրենակիցների բնորոշ առանձնահատկություն է», – բացատրում է Պրիբիլսկին` նկատի ունենալով հայերին (նա հորական կողմից ռուս է, մորական կողմից` բնիկ երևանցի)։

«2000–ականներին, երբ նրանց գործերը լավ են եղել, ձգտել են այստեղ բնակարաններ գնել։ Հիմնական պատճառն այն է, որ իմանան` Հայաստանում ունեն իրենց անկյունը, ուր ժամանակ առ ժամանակ կարող գան հանգստանալու։

Բայց 2015թ–ին, ինչպես հայտնի է, Ռուսաստանի տնտեսությունում իրադրությունը մի քիչ փոխվեց։ Նավթի գինը նվազեց, ռուբլու փոխարժեքը` նույնպես։ Լուծում պահանջող նյութական հարցերը շատացան, դրա համար էլ սկսել են վաճառել երևանյան բնակարանները», – բացատրում է նա։

Այդ գումարով Մոսկվայում բնակարան չես գնի, բայց Սմոլենսկում կամ Պերմում լիովին հնարավոր է։ 2000–ականների սկզբին Ռուսաստանի շրջաններում քաղաքներն ավելի թանկ են եղել, քան Երևանի կենտրոնում։

«Բացի այդ, բնակարանի ռուսական շուկայում գները նվազում են, իսկ հայկական շուկայում` բարձրանում։ Ռուսաստանում ապրող հայերից շատերի համար դա ևս մի փաստարկ է դառնում` հօգուտ վաճառքի», – ասում է նա։

Հիմա խոսենք Հայաստանի բնակիչների մասին, որոնք կազմում են շուկայի 90 տոկոսը։ Ինչո՞ւ են նրանք ավելի շատ բնակարաններ գնում, քան նախկինում։

«Ես կարծում եմ, որ մարդիկ հավատացել են նոր կառավարության կոչերին։ Նրանցից շատերը, ովքեր մտածում էին հեռանալու մասին, որոշել են մնալ և բնակարաններ են գնում։ Իհարկե, դա շատ կարևոր է։ Բայց ամեն դեպքում այդ մարդիկ պետք է ինչ–որ բանով ապրեն, ինչ–որ տեղ աշխատեն։ Չեմ ուզում ասել, որ այդ խանդավառությանն անպայման անկում կհաջորդի, բայց հեռանկարում պետք է լինեն ինչ–որ դրական տեղաշարժեր։ Շատ կարևոր է, որ մարդիկ հասկանան` կարճ ժամանակահատվածում երկրում կյանքը չի կարող կտրուկ փոխվել։ Պետք է դա հասկանալ և շուկայում չստեղծել բարձր սպասումներ», – նշեց փորձագետը։

Իսկ ինչպե՞ս են շուկայի վրա ազդում սիրիահայերը և Հարավարևելյան Ասիայից եկողները։

Ցավոք, սիրիահայերը չեն ազդում։ Կադաստրի տվյալներով` 2018թ–ի երրորդ եռամսյակում նրանք գնել են երեք բնակարան, նույնքան վաճառել։ Նրանք հիմնականում շարունակում են վարձով ապրել։ Վարձով են ապրում նաև Հնդկաստանի և Բանգլադեշի բնակիչները, որոնք վերջին շրջանում գալիս են Հայաստան աշխատելու։ Դա ազդո՞ւմ է վարձակալության արժեքի վրա։ Պրիբիլսկին ասում է` հազիվ թե։

Վարձակալության պահանջարկն առանց այդ էլ մեծ է. մարզերի բնակիչները գալիս են Երևան աշխատելու, ժամանակակից երիտասարդներից շատերն էլ չեն ուզում ապրել ծնողների հետ։ Վերջապես, բնակարանների վարձը թանկանում է այն պատճառով, որ թանկանում են հենց բնակարանները. շուկայի օրենքն է այդպիսին։

Այնպես որ Հայաստանի անշարժ գույքի շուկայում գուցե քաղաքականությունը մի քիչ ավելացել է, բայց աշխարհաքաղաքականություն հաստատ չկա։

679
թեգերը:
Հայաստան