Ռոբերտ Քոչարյան

Դատարանը բավարարել է Քոչարյանի հայցն ընդդեմ լրատվամիջոցի

737
Լրատվամիջոցը հերքում կհրապարակի, ներողություն կխնդրի ու գումար կվճարի Ռոբերտ Քոչարյանին` զրպարտության դիմաց։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. ՀՀ Վարչական դատարանը բավարարել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական հայցն ընդդեմ «Սկիզբ Մեդիա» ՍՊԸ–ի:

Դատարանը հաստատված է համարել այն փաստը, որ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերությանը www.1in.am ինտերնետային կայքում 07.06.2018 թվականին հրապարակված հոդվածում Ռոբերտ Քոչարյանին վերաբերող տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում և զրպարտություն է։

Այս հիմքով դատարանը պարտավորեցրել է լրատվամիջոցին հրապարակել հերքում, հայցել Ռոբերտ Քոչարյանի ներողամտությունը՝ զրպարտություն պարունակող տեղեկատվություններ հրապարակելու և տարածելու, ինչպես նաև նրա պատիվը և արժանապատվությունն արատավորելու համար:

Բայց սա դեռ ամբողջը չէ։ «Սկիզբ Մեդիա Կենտրոնը» դատարանի վճռով նաև 400 000 դրամ ոչ նյութական վնասի փոխհատուցում կվճարի երկրորդ նախագահին։ Ի դեպ, հայցը փոխհատուցման մասով բավարարվել է մասնակի, քանի որ Քոչարյանն իր հայցով 2 մլն դրամ էր գնահատել իրեն հասցված ոչ նյութական վնասը։

Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում մեկ ամիս հետո։ Պատասխանող կողմն իրավունք ունի այն բողոքարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` մեկամսյա ժամկետում:

Հիշեցնենք, 1in.am–ում հրապարակված հոդվածում նշվում էր, որ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը հարցաքննության ընթացքում հայտնել էր, որ ցուցարարների վրա կրակելու հրահանգը ստացել է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանից։

737
թեգերը:
«Մարտի 1–ի» գործով դատավարություն, Ռոբերտ Քոչարյան
թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (140)
Ըստ թեմայի
Ռոբերտ Քոչարյանը ևս 2 ամիս կմնա կալանքի տակ
Դատավճիռը դատարանից շուտ հրապարակելու համար Քոչարյանի փաստաբանը մեղադրում է լրատվամիջոցին
«Լուսավոր Հայաստանը» խնդրում է իշխանությանը չշարունակել «Քոչարյանի գիծը»