Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել

243
Պաշտպանական խումբն արձանագրել է Քոչարյանի իրավունքների հերթական կոպիտ խախտումը։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին դատարանի որոշումը դեռևս չի տրամադրվել պաշտպաններին։ Այս մասին նշված է Քոչարյանի պաշտպանական խմբի տարածած հայտարարության մեջ։

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 18.01.2019 թվականի որոշումը, որով դատարանը բավարարել է ՀՔԾ քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին և մերժել է պաշտպանների միջնորդությունը՝ կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին, առ այսօր չի տրամադրվել պաշտպաններին»,– նշել են պաշտպանները:

Դատական ակտը կայացրած դատավոր Արթուր Մկրտչյանի աշխատակազմից պաշտպաններին տեղեկացրել են, որ դատական ակտը դեռևս պատրաստ չի, իսկ այն տրամադրելու ժամկետի մասին ոչինչ չեն կարող հայտնել:

Հիշեցնենք, որ դեռևս հունվարի 18-ին պաշտպանների կողմից նշված որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, սակայն դատական ակտը պաշտպաններին, ինչպես նաև ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին չտրամադրելով ընդհանուր իրավասության դատարանը խոչընդոտում է բողոքարկման իրավունքի իրացումը՝ անհարկի ձգձգելով վերաքննիչ ատյանում գործի քննության ժամկետները:

«Պաշտպանական խումբն արձանագրում է Ռոբերտ Քոչարյանի իրավունքների հերթական կոպիտ խախտումը դատարանի կողմից՝ միաժամանակ արձանագրելով ներպետական դատական ատյանների անարդյունավետությունը»,– նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք` ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Քննչական մարմինը Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։

Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել էր անձեռնմխելի և ազատել կալանքից:

Ավելի ուշ քրեական գործի նախաքննությունը վարող ՀՔԾ քննիչը որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին:

Իսկ Վճռաբեկ դատարանը փաստաբանների բողոքի հիման վրա որոշում էր կայացրել գործն ուղարկել լրացուցիչ քննության, որի ավարտին վերաքննիչ դատարանը Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքը ուժի մեջ թողնելու որոշում կայացրեց։ Այդ որոշման հիման վրա դեկտեմբերի 7-ին Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կալանավորվեց։

Դեկտեմբերի 26-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել դատարան` Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ։ Ընդ որում, գրավի չափը սահմանելը թողնվել էր դատարանի հայեցողությանը։

2019թ–ի հունվարին քննչական մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան` Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ։

243
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Հայաստան
թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (283)
Ըստ թեմայի
Արշակ Կարապետյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք է տվել
Քոչարյանին թույլ չեն տվել տեսակցել հարազատներին ու Նոր տարվա հանձնուք ստանալ նրանցից
Ես ամենաշահագրգռվածներից մեկն եմ, որ Քոչարյանի պաշտպանները շուտ դիմեն ՄԻԵԴ. Վանեցյան